կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-28 20:18
Քաղաքական

Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելն այս քաղաքական գործընթացի հերթական փուլն է լինելու. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը շատ բացասական է գնահատում, որ քաղաքական պրոցեսում ներգրավվեցին նաև իրավապահ մարմինները և տուրք են տալիս քաղաքական ենթատեքստ ունեցող ընթացակարգին՝ փորձելով դրան հաղորդել իրավական նրբերանգներ: «Որովհետև գործը կառուցվում է չգործող իրավական նորմի հիման վրա, անձ է ազատազրկված չգործող, ուժը կորցրած դրույթի հիման վրա, և այս կոնտեքստում կրկին մի շարք իրավունքների ոտնահարման հետ կառնչվենք, եթե Արա Բալոյանի կարգավիճակը փոխվի»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման և ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին որպես կասկածյալ ներգրավելու հիմքերին ու հարուցված քրեական գործին, ասաց սահմանադրագետը:    

Հիշեցնենք՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներկայումս ունի կասկածյալի կարգավիճակ, իսկ վաղն արդեն կորոշվի՝ նրան մեղադրանք առաջադրվո՞ւմ է, թե՞ ոչ:

Մելոյանը փաստեց, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին այս գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավելը այս քաղաքական գործընթացի հերթական փուլն է լինելու:  

Սահմանադրագետը ՍԴ-ի շուրջ ծավալվող գործողություններում վտանգ է տեսնում, մասնավորապես՝ ՍԴ դատավորին Սահմանադրական դատարանից չեզոքացնելու միտումը համարում է վերջնանպատակ` ունենալ կառավարելի Սահմանադրական դատարան:  

Նրա կարծիքով՝ եթե հետագայում բողոքարկման արդյունքում մեր ներպետական ատյանները դատական իշխանության վերադասության կարգով գնահատական չտան այս պրոցեսին, անպայման ՄԻԵԴ-ն է տալու իր խիստ գնահատականը, որովհետև Արսեն Բաբայանի գործով արդար դատաքննության սկզբունքի ակնհայտ խախտման հետ գործ ունենք:

«ՀՔԾ-ն հարուցել է լիովին խոցելի հիմքերով քրեական գործ` աննախադեպ հոդվածի կիրառմամբ` իշխանության յուրացում: Խեղաթյուրելով իրավական նորմերը անթույլատրելի է իրավապահ մարմինների կողմից նման գործողություններին ընթացք տալը, և առավել ևս անթույլատրելի է դատական մարմինների կողմից դրանց համապատասխան գնահատական տալը, հատկապես, որ արձանագրվեց ձերբակալման ոչ իրավաչափությունը, բայց, այնուամենայնիվ, Արսեն Բաբայանի կալանքի որոշումը կայացվեց»,- ասաց Մելոյանը:     

Օրերս ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը BBC-ին տված հարցազրույցում նշեց, որ հեղափոխության նպատակներից մեկը հենց դատարանների անկախությունն է: Սահմանադրագետը մատնանշում է, որ մինչ մայիսին տեղի ունեցած իրադարձությունը` դատարանների շրջափակումը, կային անկախ դատական իշխանության այդ հիմքերը:

«Դիցուք՝ այն պայմաններում, որ կոնկրետ դատավորներ հետապնդվում են իշխանությանը ոչ հաճո որոշումների` կայացրած դատական ակտերի համար, օրինակ, ստուգվում է մի դատավորի ատենախոսական թեզի հավաստիությունը, կամ մեկ այլ դատավորի նկատմամբ վերաբացվում է քրեական գործ, և պրոցեդուրալ առումով մի շարք խախտումներ են թույլ տրվում: Այս պայմաններում այլ դատավորների համար, մեղմ ասած, նպաստավոր պայմաններ չեն ստեղծվում իրենց պարտականություններն անաչառ իրականացնելու համար, հետևաբար՝ չունենք դատական անկախ իշխանություն , քանի որ դատական իշխանության նկատմամբ ճնշումներ են  իրականացվում՝ անաչառ որոշումների կայացման համատեքստում, եթե այդ որոշումը չի համընկնում իշխանության քիմքին, այսինքն՝ իշխանության քիմքին հաճո չէ», - նշեց նա:

Ըստ Մելոյանի՝ ականատես ենք լինում անհամաչափ պատժի կիրառմանը: «Տեղի ունեցան դրվագներ, երբ քաղաքացիներն այդ շրջափակման կոնտեքստում ոչ միայն վիրավորական արտահայտություններ հղեցին, այլ նաև ֆիզիկական կոնտակտի անցան դատավորների հետ, այս դեպքում տվյալ քաղաքացիների նկատմամբ որևէ պատժամիջոց չկիրառվեց: Մինչդեռ՝ դատավոր Դանիբեկյանի դեպքին ականատես եղանք, երբ քաղաքացիները, ինչը ևս դատապարտելի էր, ընդամենը դատավորի կողքով զբոսնում էին և հարցադրումներ ներկայացնում, ընդ որում՝ մեջ էին բերում վարչապետի կողմից ներմուծված եզրույթը, այս պարագայում տղաների նկատմամբ կիրառվեց ծայրաստիճան ծանր պատժամիջոց, նրանք զրկված են այս պահին ազատությունից: Ակնհայտորեն, պատժի նմանաբնույթ անհամաչափ կիրառումն այդ երիտասարդներին ևս տալիս է քաղբանտարկյալի կարգավիճակ, որովհետև լիովին նույն պայմաններում ունենք տարաբնույթ պատժատեսակների կիրառություն: Սա արդեն իսկ հարված է անկախ դատական իշխանության կայացմանը, հարված է իրավական պետության հիմքերին»,- փաստեց նա:

Գոհար Մելոյանը բարձրաձայնում է, որ հանրությունը մանիպուլացվում է: Նրա խոսքով՝ ոչ ցանկալի գործողությունների և որոշումների հիման վրա փորձում են մարդկանց գիտակցության վրա ազդեցություն ունենալ՝ տարաբնույթ տարակարծություններ առաջացնելով, մանիպուլատիվ մեկնաբանություններով:

«Մասնավորապես փորձ է կատարվում նշել, որ ՍԴ-ն մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված գործընթացով որոշում է վերջնական կայացնելու: Պետք է հանրությունը իրազեկված լինի՝ ՍԴ-ն ընդամենը որոշում է կայացնում կոնկրետ իրավական դրույթների՝ Սահմանադրությաըն համապատասխանության մասին: Կոնկրետ գործով ընդհանուր իրավասության դատարանն է քննում գործը և վերջնական որոշում կայացնում: Իշխանության նպատակն է սահմանադրական մարմիններում ունենալ յուրայիններ և, որպես վերջնարդյունք, այդ մարմինների կողմից ստանալ իշխանահաճո որոշումներ», - խոսքը եզրափակեց սահմանադրագետը:

Նարա Մարտիրոսյան

Այլ մանրամասներ՝ տեսանյութում: