Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Հուլիսի 17-ին պատվիրակությանն ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Նշենք, որ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտաշես Գեղամյանը եւ Հերմինե Նաղդալյանը:
Ողջունելով հյուրերին` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մակարդակը, երկու երկրների ղեկավարների կողմից վարվող քաղաքական երկխոսությունը: Տիկին Մատվիենկոյի խոսքով` երկու երկրների նախագահների հաճախակի հանդիպումները թույլ են տալիս լուծելու կոնկրետ խնդիրներ, երկու պետությունների սերտ համագործակցության արդյունքում մշակվում են նաեւ միջխորհրդարանական համագործակցության նոր սկզբունքներ:
«Հայաստանը եղել եւ վստահությամբ կշարունակի մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, որի հետ մենք կառուցում ենք ամուր փոխգործակցություն: Այս առումով, Ռուսաստանը Հայաստանի վստահելի գործընկերն է»,- ընդգծել է Վալենտինա Մատվիենկոն:
Տիկին Մատվիենկոն կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանականների միջեւ փոխգործակցության ներկա մակարդակի պահպանումը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Հայաստանի ու Ռուսաստանի ավանդական ջերմ ու բարեկամական կապերը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը եւ այս տարիների ընթացքում երկու երկրները դաշնակցային գործակցության որակական նոր մակարդակի են հասել:
«Այս առումով, ցանկանում եմ ընդգծել, որ մեր ակտիվ մասնակցությամբ եվրասիական ինտեգրացիոն գործընթացում ընդլայնվում է համագործակցությունը առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային եւ այլ ոլորտներում»,- փաստել է Արա Բաբլոյանը:
Կողմերը քննարկել են միջխորհրդարանական պայմանագրերին, միջպետական ու միջկառավարական համաձայնագրերին, ինչպես նաեւ միջխորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր: