կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-24 15:31
Հասարակություն

ՀՀ-ում տիեզերական գործունեությունը հարկային արտոնություն կստանա

ՀՀ-ում տիեզերական գործունեությունը հարկային արտոնություն կստանա

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 24-ի իր նիստում հավանություն տվեց «Տիեզերական գործունեության մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին. գրում է News.am-ը:

Հարցը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ տիեզերական հետազոտությունների և արդյունաբերության համար անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը և դրանք զարգացնել տնտեսապես շահավետ օգտագործման մակարդակով, որն իր հերթին կնպաստի երկրի գործունեության այլ ոլորտների զարգացմանը: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով:

Նրա խոսքով, Հայաստանում անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը եւ դրանք զարգացնել տնտեսապես շահավետ օգտագործման մակարդակով, որը կնխպաստի երկրի այլ ոլորտների զարգացմանը:

»Միաժամանակ տիեզերական գործունեությունը նախատեսվում է ներառել լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում եւ այդ ընկերություններին տրամադրել հարկային արտոնություն մինչեւ 2030 թվականը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ միաժամանակ, ՀՀ-ում տիեզերական արդյունաբերություն, արտադրանք և ծառայություններ մատուցման պասիվության ազդում է նաև ոլորտից ՀՀ պետական բյուջեի մուտքերի վրա։

Հայաստանում տիեզերական ոլորտի ստեղծումը և այդ ոլորտում գործունեության իրականացման խրախուսումը մեծ նշանակություն կարող է ունենալ ոչ միայն նոր աշխատատեղերի, այլ նաև ենթակառուցվածքների ստեղծման տեսանկյունից։ Նշվածը հիմք կհանդիսանա, որպեսզի տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի տիեզերական գործունեության ոլորտի մասնագետների (ինժեներներ, կոնստրուկտորներ, մեխանիկներ և այլն) որակյալ սերունդ, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը իրականացնել սեփական տիեզերական ծրագրեր, այդ թվում՝ տիեզերական տարածք արձակել հայկական տիեզերանավեր և արբանյակներ։

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում Հայաստանում կկանոնակագվի տիեզերական գործունեության ոլորտը և Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը։

Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ այս ոլորտում երկու ընկերություն կա, որոնց հետ հիմա բանակցություններ են տարվում, եւ այս օրենսդրական փաթեթը կնպաստի, որ իրենք գործունեություն ծավալեն Հայաստանում: Խոսքը արբանյակների հավաքման, տեստավորման մասին է:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հերթական անգամ նշեց, որ հարկային արտոնություն տալու դեպքում պետք է դիտարկել, թե դա ինչ արդյունք է տալու, հակառակ դեպքում նման գործիքն իրեն չի արդարացնում:

Խնդրին անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իսկապես պետք է գույքագրել, թե հարկային արտոնությունները ինչ արդյունք են տվել. «Ընդհանուր առմամբ վատ չէ բիզնեսի համար կոմֆորտ պայմաններ ստեղծելը»: