Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարաղայում ադրբեջանցիների իրականացրած ջարդերի, գերեվարումնների, մարդկային խեղված ճակատագրերի ու ընդհատված մանկության մասին է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նկարահանած «Ընդհատված մանկություն» ֆիլմը, որում ներկայացված է փոքրիկ Լենայի իրական պատմությունը:
Աղջիկը փրկվում է Մարաղայի ջարդերից, գերեվարվում, գերության 129 օր է անցկացնում ադրբեջանցի ծեր կնոջ տանը, եւ, ի վերջո, վերադարձվում հայկական կողմին:
Այսօր ֆիլմի գլխավոր ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն ու դրամատուրգ, սցենարիստ Կարինե Խոդիկյանը լրագրողներին ներկայացրեցին ֆիլմի ստեղծման պատմությունը: Ֆիլմի հիմքում իրական փաստեր են` Մարաղայի ջարդերըն, որոնց 80-100 մարդ զոհ գնաց:
«Թեկուզ առանց ողբերգական դրվագների, երկու թշնամի կանանց հարաբերությունների մեջ արդեն պատերազմ կա: Տիկին Խոդիկյանը շատ ճիշտ նկարագրել է` լուռ, միայն շարժումներով պատերազմ: Ադրբեջանում ֆիլմի մասին չգիտեն, բայց պրեմիերայից հետո արդեն կիմանան»,- ներկայացրեց Ջիվան Ավետիսյանը:
Իսկ սցենարի հեղինակ Կարինե Խոդիկյանը նշեց, որ պատերազմը դառնում է միջոց` մարդու ճակատագիրը բացահայտելու համար: Նա ստեղծագործությունը սկզբում վերնագրել էր «Լենա», սակայն հետագայում գլխավոր ռեժիսորն է առաջարկել «Ընդհատված մանկություն» անունը, ֆիլմում էլ փորձել են ներկայացնել մարդկային ճակատագրեր, պատերազմի մասին պատմություններ:
«Ընդհատված մանկություն» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Քանի որ ի սկզբանե նպատակ է դրված եղել ֆիլմը ընկալելի դարձնել նաեւ օտարների համար, ֆիլմի գլխավոր ռեժիսորը այն ներկայացրել է մի քանի միջազգային կինոփառատոների եւ սպասում է արձագանքների: Ֆիլմն այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի «Հայկական պանորամա» խորագրի ներքո, բայց այն ներկայացվել է նաեւ Կաննի կինոփառատոնին: