Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցիները բողոքում են «Ընդհատված երգը» ֆիլմի դեմ, քանի որ չեն ընդունում այն ամենը, ինչ անում են հայերը, նաեւ վախենում են, որ ֆիլմը լայն արձագանք կունենա. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը:
«Ընդհատված երգը» հոգեբանական դրաման նկարահանվում է Մոսկվայում` ռուսաստանյան կինեմատոգրաֆիական բուհերի շրջանավարտ` 21-30 տարեկան մի շարք մոսկվայաբնակ հայերի կողմից: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը:
Կինոնկարի կարգախոսն է` «Ցանկացած պատերազմի նպատակը խաղաղությունն է»:
Գործողության կենտրոնում Ղարաբաղյան պատերազմի ընթացքում որոշ հանգամանքների բերումով նույն հորում հայտնված հայի եւ ադրբեջանցու երկխոսությունն է. յուրաքանչյուրը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ունի իր` արդեն ձեւավորված կարծիքը:
Ադրբեջանցիներն անում են ամեն ինչ` խոչընդոտելու ֆիլմի նկարահանման գործընթացին:
Նշենք, որ ադրբեջանցու դերի ադրբեջանցի դերակատարը, վախենալով իր մոլեռանդ հայրենակիցներից, հրաժարվել է դերից:
«Սոչիի TB3 հեռուստաընկերության տնօրեն Վալերի Թորոսյանը գտել է մի ադրբեջանցի դերասանի, ով համաձայնել է նկարահանվել ֆիլմում, սակայն պայմանով` իրեն վճարեն այնքան գումար, որ ֆիլմի ավարտից հետո կարողանա պլաստիկ վիրահատություն անել եւ մեկնել Եվրոպա»,- ասաց Պողոսյանը:
Նկարահանող խումբը կոչ է արել ադրբեջանցիներին` միանալ իրենց նախաձեռնությանը, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չի ստացել:
Այն, որ ֆիլմը հետաքրքրել է շատերին, փաստում են ֆիլմի պաշտոնական կայքի` 2 շաբաթվա ընթացքում գրանցված 100.000 այցելուները, որոնցից 30.000-ը մուտք են գործել ադրբեջանական IP հասցեներից:
Ֆիլմի բյուջեն 1 մլն դոլար է, եւ այդ գումարը հավաքելու առաջին քայլերն արել է Աշոտ Պողոսյանը` վաճառելով իր ավտոմեքենան։
«Մենք լրացուցիչ միջոցների կարիք ունենք` ֆիլմը Ռուսաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում, ինչպես նաեւ արտասահմանյան երկրներում ցուցադրելու համար։ Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկները»,- ասաց Պողոսյանը:
Ֆիլմը պատրաստ կլինի գալիք մայիսի վերջին: Պրեմիերան նախատեսվում է անցկացնել Մոսկվայում` Կինոյի տանը: