Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«Այսօր պարզ դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակության պաշտոնական այցը Կանադա, որ տեղի պիտի ունենար առաջիկա օրերին, հետաձգվում է։
Հիշեցնեմ, որ ԱԺ պատվիրակությունը ձևավորվել էր Ալեն Սիմոնյանի քաղաքական նախապատվությունների և ճաշակի շրջանակներում, որի կազմում ընդդիմադիր որևէ պատգամավոր ընդգրկված չէր։
Միգուցե մենք, որ ապրում ենք կայուն և անգամ՝ հարաճուն ավտորիտար ռեժիմում, ուր զարմանալու ռեսուրս էլ չի մնացել, այս փաստն էլ արձանագրվեց ու անցավ, բայց ժողովրդավարական հորջորջվող և այդպիսին լինել հավակնող, ժողովրդավարական երկրների ընտանիքին անդամակցող երկրների համար, սա չլսված, խայտառակ փաստ է , այն էլ ընդդիմադիր երկու խմբակցությունների գոյության պայմաններում։
Բնականաբար, սա չէր կարող վրիպել կանադական կողմի աչքից։
Հետաքրքիր զուգադիպությամբ ճիշտ երեկ, հրապարակվեց Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հատուկ հայտարարությունը, որն ավելի քան հակոտնյա է Արցախի առնչությամբ ՀՀ պետական քարոզչությանը, ի մասնավորի՝ Ալեն Սիմոնյանի բազմիցս հանրայնացված համոզումներին։
Նախարարի հայտարարության մեջ նախ հաստատում կա՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծեց ռազմական գործողությա մասին, Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակման մասին, Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի կիրառման որոշման ոտնահարման մասին։ Կանադան իր համերաշխությունն է հայտնել ճգնաժամից տուժած հայերին ավելի քան 3․9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն հատկացրել հրատապ կարիքները լուծելու համար։
Հայտարարությամբ մեկ անգամ ևս կոչ է արվում անվերապահորեն ազատել 2020 թ․ Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Եվ ամենակարևորը՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին մասնավորապես հայտարարել է, որ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին, ինչը պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների և քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը և տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:
Իհարկե, պաշտոնական Երևանը մեկնաբանում է, թե այցը Կանադական քաղաքական ճգնաժամով է պայմանավորված, բայց դժվարանում եմ հավատալ, թե Ադրբեջանի հետ համահունչ ներդաշնակությամբ Արցախի հարցը փակված համարող, Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության մասին լռող, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառութունը չնկատող, միջազգային դատարաններից մեր հայցերը ետ առնելու պատրաստակամություն ունեցող, Արցախահայությանը հայրենիքում «հույր» համարող, Հայրենիքը, Ազգայինն ու պետականը կեղծ հակադրությունների դաշտ տարած քաղաքական ուժը և առհասարակ Արցախի ուրացում որդեգրած քաղաքական ուժի ներկայացուցիչները քաղաքական դիսոնանսի մեջ չէին հայտնվի Կանադայում։
Ի դեպ, չեմ բացառում նաև հակառակորդից ստացված արձագանքը․․․
Իսկ Արցախի հարցը փակցած չէ, պարզապես ազգային նպատակների շուրջ ազգային միասնականությամբ ու պառակտված ու անղեկ երկիրը ոտքի հանելով, կարող ենք իրավիճակը բեկել։ Եվ Կանադայի հայտարարությունը հենց այս մասին է․․․»։