Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի փաստացի ցուցանիշներին:
2020-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում նշել էր, որ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ ավելացում՝ հասցնելով ՀՆԱ-ի 4.1% մակարդակի՝ 2018 թվականի 2.5-ի և 2019-ի 3.3-ի փոխարեն:
Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ՝ կապիտալ ծախսերի աճը բացարձակ իմաստով կարևոր և դրական ցուցանիշ է, սակայն խոսք չկա այն մասին, որ 2018-19թթ.-ին պետական բյուջեի կապիտալ ծախսերն աննախադեպ թերակատարվել են: Օրինակ, 2019թ.-ին այդ ծախսերը 61 տոկոսով չեն կատարվել, որոնք կազմել են լուրջ միջոցներ՝ մոտ 60 մլրդ դրամ:
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ նշանակություն ունեն կապիտալ ծախսերը և ինչպես են դրանք անդրադառնում մարդկանց կյանքի որակի և առհասարակ տնտեսական զարգացման վրա, տնտեսագետն առանձնացնում է երկու գործոն:
«Առաջինն ուղղակի ազդեցությունն է, որովհետև պետական բյուջեից կապիտալ ծախսերը ենթադրում են իրական ներդրումներ տնտեսության մեջ: Այսինքն՝ փող է ծախսվում տնտեսության մեջ, ինչն ուղղակիորեն արտացոլվում է մարդկանց կյանքում նոր աշխատատեղերով կամ ընդհանուր տնտեսական պայմանների բարելավմամբ: Իսկ երբ նախատեսված ծախսերը թերակատարվում կամ չեն կատարվում, նշանակում է՝ սպասումը, որ ուներ տնտեսությունը, չի իրականանում, ինչն ունենում է վատ հետևանքներ, ընդհուպ մինչև աշխատատեղերի կրճատում: Իսկ երկրորդ գործոնն առնչվում է բազմապատկիչ էֆեկտին, որովհետև ներդրումները հիմնականում ենթակառուցվածքներում են և բարելավում են ընդհանուր տնտեսական միջավայրը»,- նշում է տնտեսագետը:
Ավետիսյանի գնահատմամբ՝ թվային ցուցանիշների իմաստով դրական միտումն ակնհայտ է, բայց մենք ի՞նչ երաշխիք ունենանք, որ 2020թ.-ին իրականում չի կրկնվի կապիտալ ծախսերի թերակատարման պատմությունը, ինչն իշխանափոխությունից հետո էր: Հետևաբար, հիմնական երաշխիքն, ըստ Թադևոսյանի, քաղաքական կամքն է, որ պետք է դրսևորի գործող կառավարությունը։
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2020 թվականին ընդհանուր առմամբ նախատեսված է 287.7 միլիարդ դրամի կապիտալ ծախս: