կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-11 14:25
Տարածաշրջան

Սա Թուրքիայի կողմից ժողովրդագրական պատկերի փոփոխության փորձ է. թուրքագետ

Սա Թուրքիայի կողմից ժողովրդագրական պատկերի փոփոխության փորձ է. թուրքագետ

Վերջին մի քանի ամիսներին Թուրքիան անընդհատ  բանակցությունների մեջ էր ԱՄՆ-ի հետ՝ անվտանգության գոտու խորության, համատեղ պարեկային ծառայություն հաստատելու հարցերով: Այդ ժամանակահատվածը Թուրքիան օգտագործեց ոչ այնքան այդ հարցերը լուծելու, որքան ամերիկացիների միջոցով քրդական հենակետերի մասին տեղեկություններ ստանալու համար, քանի որ քրդերը ամերիկացիների դաշնակիցն էին. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Սիրիայի հյուսիսում հոկտեմբերի 9-ին սկսված ռազմական գործողությունների ժամանակ թուրքերը դիպուկ հարվածում էին քրդական հենակետերին:

Հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին: Թուրքիայի ՊՆ-ն հայտնում է, որ քրդերը տվել են 343 զոհ, իսկ քրդերն այլ տվյալներ են հաղորդում: Արդեն երեք օր է՝ թուրքական զինուժը հրետակոծում է քրդական բնակավայրերը, որոնց ընթացքում զոհվում են նաև խաղաղ բնակիչներ: 

«Այս ռազմական գործողությունների երկայնքով ապրում է մոտ 3000-3500 հայ: Ավելին՝ մենք գիտենք, որ քրդական ուժերի հետ ներկայացված էին նաև արաբական, ասորական և հայկական ջոկատները, որոնք պայքարում էին քրդերի հետ: Ինչ վերաբերում է բնակչությանը, ապա ստացված տեղեկությունների համաձայն, բնակչությանը հաջողվել է տարհանել: Մեծ քանակությամբ հայություն կենտրոնացված էր Քամիշլիի շրջանում, որն առայժմ չի մտնում թուրքական ռազմական գործողությունների պլանների մեջ: Անշուշտ, Հայաստանի համար առաջնայինը հայ բնակչության անվտանգությունն ապահովելն է՝ հաշվի առնելով Քեսաբի, Աֆրինի փորձը, երբ թուրքական ռազմուժը, իր «օգնական» «Սիրիայի ազգային բանակ»-ի հետ մտնում էին բնակավայրեր՝ ավերածություններ անելով»,- նշեց թուրքագետը:

Նա կասկած հայտնեց, որ այն հայտարարությունները, որ այդ գործողությունների  ժամանակ թուրքերը կխուսափեն քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից, այդպես չէ, որովհետև նախ՝ գնում է էթնիկ զտում, բացի այդ՝ հրետակոծությունից զոհվում են ոչ միայն նրանք, ովքեր դիմադրություն են ցույց տալիս, այլև խաղաղ բնակչությունը: «Սա ես դիտարկում եմ որպես Թուրքիայի կողմից փորձ՝ տարածաշրջանում իրականացնել ժողովրդագրական պատկերի փոփոխություն, մի բան, որ Թուրքիայի պատմության մեջ մի անգամ չէ, որ եղել է»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը:

Նշենք, որ սիրիական ճգնաժամի առանցքային երկրներից երկուսը՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, բավականին չեզոք դիրք են գրավել թուրքական էքսպանսիայի ժամանակ: Էրդողանը ռազմական գործողությունը սկսելուց օրեր առաջ հեռախոսազրույց էր ունեցել Թրամփի, իսկ ժամեր առաջ էլ՝ Պուտինի հետ: Թրամփն իրեն հատուկ ոճով սպառնալից հայտարարություններ է անում. նշել է, որ եթե Թուրքիան չափն անցնի, ապա պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ (ի դեպ, նման փաթեթ ներկայացվել է Կոնգրես):  Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում նոր զորք ուղարկել Սիրիա, քանի որ դա իր նախընտրական խոստումներից մեկն է եղել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ Անուշ Հովհաննիսյանի, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հստակ երևում էր, որ քրդերին չաջակցելն ու Թուրքիայի գործողություններին չարձագանքնելը նշանակում է, որ ռուսները մեսիջ են ուղարկում քրդերին, որոնք ժամանակին աջակցություն չցուցաբերեցին ռուսներին, և վեկտորն ուղղեցին դեպի ԱՄՆ:

Թեև բազմաթիվ պետություններ և կառույցներ կոչ են արել թուրքերին՝ դադարեցնել հարձակումները, այնուհանդերձ, քրդերը մնացել են միայնակ «թուրքական յաթաղանի» առաջ: