Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2050 թվականին տարեց բնակչությունը գերակշռելու է Ադրբեջանում․ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ասել է ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի ադրբեջանական գրասենյակի ղեկավար Ֆարիդ Բաբաևը:
«Տնտեսապես ակտիվ բնակչության մասնաբաժնի նվազման ֆոնին՝ դա կառավարության առջև խնդիր կդնի մեծացնել աշխատատեղերի ծավալը` բնակչության կարիքները բավարարելու համար»,- նշում են այդ հանրապետության լրատվամիջոցները:
ՄԱԲՀ-ն երկրի Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության հետ, Կառլովի չեխական համալսարանի դասախոսների աջակցությամբ, պատրաստում են ժողովրդագրական կանխատեսում Ադրբեջանի համար մինչև 2050 թ.: Հաշվարկվում են առաջիկա տարիներին բնակչության կառուցվածքի փոփոխությունները: Նախնական տվյալներով՝ տարեց բնակչության մասնաբաժինը երկրում զգալիորեն կաճի:
Ըստ Բաբաևի՝ այսօր նկատվում է բնակչության ծերացման գործընթացը․ եթե հաշվի առնենք կյանքի տևողության աճը և մահացության ցուցանիշների նվազումը, ապա տարեց բնակչության թիվը հետագայում կշարունակի աճել:
Միայն վերջին տասը տարվա ընթացքում Ադրբեջանում տարեց բնակչության տեսակարար կշիռը 6.2%-ից հասել է 7.1% -ի: Սա, ըստ Բաբաևի, թելադրում է ավելի շատ աշխատատեղերի ստեղծում` տնտեսապես ակտիվ բնակչության շրջանում գործազրկության մակարդակը նվազեցնելու և դրանով իսկ բնակչության սպասվող պահանջարկը բավարարելու համար:
Ադրբեջանի բնակչությունը 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 10 142 392 մարդ: Տարեսկզբից երկրի բնակչությունն աճել է 23,259 մարդով կամ 0,2 տոկոսով: Բնակչության 53%-ը բնակվում է հանրապետության քաղաքներում, 47%-ը՝ գյուղերում: Տղամարդիկ կազմում են ընդհանուր բնակչության 49,9% -ը, կանայք`50,1% -ը: