կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-17 13:35
Քաղաքական

Այս իշխանություններով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը հղի է ողբերգական ավարտով. թուրքագետ

Այս իշխանություններով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը հղի է ողբերգական ավարտով. թուրքագետ

Ադրբեջանին օգնության հասած թուրքական «Բայրաքթար»-ների, թուրք և Թուրքիայի միջոցով Ադրբեջան ժամանած սիրիացի վարձկան ահաբեկիչների դեմ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար պատրաստ է հատուկ ներկայացուցիչ նշանակել։ Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է տեղեկությունը ու դրական գնահատել Թուրքիայի արտգործնախարարի՝ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունը:

Հայաստանը միշտ էլ հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, բայց դա իրատեսական էր մինչև 44-օրյա պատերազմը, և դրանում մեր արժանապատվությունը վիրավորող ոչինչ չկար. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան,  թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների «ակտիվացմանը»։

Ըստ նրա՝ այն ժամանակ մենք հանդես էինք գալիս դե ֆակտո հաղթածի դիրքերից, և Թուրքիան, կապված պարտված Ադրբեջանի դիրքորոշման հետ, կաշկանդված էր Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: 

«Հիմա իրավիճակն այլ է. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը կորցրել է ոչ միայն ահռելի մարդկային ռեսուրսներ, տարածքներ, այլև բանակցային կարևոր «բարձունքներ»։ Թուրքիայի և Ադրբեջանի հռետորաբանությունը բացահայտ ատելության խոսք և վիրավորանք է Հայաստանի հանդեպ, և նման երկրի հետ հարաբերություններ հաստատելու համար նախևառաջ  Հայաստանը պետք է փորձի վերականգնել իր բանակցային որոշակի դիրքերը, քանի որ Թուրքիան բարդ ու վտանգավոր երկիր է: Անպատրաստ իշխանությունների պարագայում` Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը կարող է ունենալ ողբերգական ավարտ մեր պետության համար»,- փաստեց թուրքագետը։

Ըստ նրա՝ մենք երբեք կողմ չենք եղել մեր արժանապատվության, մեր ժողովրդի հավաքական հիշողության, մեր կենսական խնդիրների հաշվին Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն։

Ռ. Մելքոնյանն այս պահին Թուրքիայի կողմից տարօրինակ «ակտիվություն» է տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հետ կապված, ինչը նույնպես տարակուսանք է առաջացնում։ «Մի երկիր, որը երեսուն տարի շարունակ շրջափակել է Հայաստանը` ներկայացնելով տարատեսակ նախապայմաններ, միանգամից փոխում է իր հռետորաբանությունը»,-  նշեց նա։

Թուրքագետի խոսքով` այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք, որը թաքցված չէ. Թուրքիան չի հրաժարվել իր նախապայմաններից, Թուրքիան ավելացրել է նոր նախապայմաններ, և այստեղից  հարց է առաջանում` արդյո՞ք Հայաստանի իշխանությունները, գնալով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման,  ընդունել են թուրքական նախապայմանները. սա է ամենակարևոր հարցը` արդյո՞ք Հայաստանը գնում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու` ի հաշիվ Հայոց ցեղասպանության, ի հաշիվ Արցախի, ի հաշիվ մեր հավաքական հիշողության և այլն։ Ըստ բանախոսի՝ թուրքական «ակտիվությունն» ուղեկցվում է բազմաթիվ հարցականներով, անորոշությամբ, որոնց տակ թաքնված են մեր պետականության համար խիստ վտանգավոր երևույթներ։

Անդրադառնալով Թուրքիայում շրջանառվող տեղեկություններին, ըստ որոնց՝  Փաշինյանը ճնշման տակ է համաձայնել կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, Ռ.Մելքոնյանը ասաց. «Կարող ենք ենթադրել, որ Հայաստանի այս իշխանությունների վրա կարող է լինել պարտադրանք, ճնշում, և դա խիստ օրինաչափ է. մարդկության պատմության ընթացքում պարտված իշխանությունները ինչո՞ւ են հեռացել իշխանությունից, որպեսզի չենթարկվեն նման պարտադրանքի, և իրենց պարտված լինելու հանգամանքն է՛լ ավելի մեծ վնաս չտա պետականությանը»:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը նշեց, որ այս իշխանության և հասարակության՝ նրանց սատարող հատվածի պարագայում ստացվել է ճիշտ հակառակը. այս իշխանությունը մանդատ է ստացել, և բնական է՝ պարտված իշխանությանը ներկայացվելու էին տարբեր նախապայմաններ, նրանց հանդեպ լինելու էին տարբեր ճնշումներ։

«Այս իշխանությունը գնում է այդ ամենին՝ հանուն նրա, որ պահի իր աթոռը։ Այլ տրամաբանական բացատրություն այս առումով չկա։ Մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ իշխանությունը պայքարում է պետականության դեմ` իր գոյությամբ, իր աթոռներին կառչած մնալու մոլուցքով։

Թշնամիներին, հակառակորդներին մեղադրելուց առաջ ինքներս մեզ պետք է մեղադրենք. եթե դու մտնում ես մի պայքարի մեջ, որպես թույլ խաղացող (տվյալ պարագայում Հայաստան պետությունը մտնում է բարդ բանակցությունների մեջ պարտված իշխանությամբ), ապա մեղադրել թշնամուն, որ այդ պարտված իշխանությանը, այդ թույլ մրցակցին պատժելու են, հաղթելու են, պարտադրելու են, դա ճիշտ չէ:

Մեղավոր են հասարակության 680 000 ներկայացուցիչները, որոնք Հայաստանը մղեցին բանակցությունների պարտված իշխանությամբ` առաջնորդվելով միայն ներքին տարօրինակ ատելությամբ և ներքին խնդիրները գերարժևորելով։ Նրանց համար կարևոր է մի գավառական քաղաքի քաղաքապետ դառնալ, քան պահել Հայաստանի անվտանգությունը»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

 

                                                                              Լենա Կարապետյան