Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-11-11 12:53
Մշակույթ

«Տեսողական պոեզիա». պատկերի ու բառի ընկերությունը` ըստ Գերման Ավագյանի

«Տեսողական պոեզիա». պատկերի ու բառի ընկերությունը` ըստ Գերման Ավագյանի

Էսօր Գերմանն ինձ նկարեց
ու ես դարձա ՆԿԱՐ:
Երեկ անհոգի էի, ազատ,
էսօր դարձա Նկար:
Լույսը լույսով ճառագեց,
ըստվերն ամոթից մեռավ.
Գերմանին ի՞նչ, չըխկ-չըրխկացրեց,
որ ես դառնամ ՆԿԱՐ:

Հիմի ո՞ւր եմ, Աստված գիտի,
Ի՞նչ եմ ինձնից բացի,
Եթե ՆԿԱՐՆ ինձ հանդիպի,
Վայ թե չըճանաչի:

Տիգրան Պասկևիչյան

 

Վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանն իր հերթական նոր նախագիծն է կյանքի կոչել` պատկերի ու տեքստի համադրում` լուսանկարչության պատմության մեջ, կարծես, նոր մի բան: Ավագյանը բանաստեղծություններով լուսանկարներն ամփոփել է «Տեսողական պոեզիա» վերնագրով գրքում:

«Նկարել եմ ընկերներիս, որոնց հետ աշխատում էի «Գարուն» ամսագրում դեռ 1989 թվականից: Այդ ժամանակվանից էլ ուզում էի նման մի բան անել, բայց ֆորմատը չէի գտնում և միայն 25 տարի հետո Բրոդսկու գործերը կարդալիս գտա ձևաչափը` այն, ինչ կուզեի ստանալ: Նախ՝ նկարել եմ պոետներին, հետո՝ նրանք իրենց ձեռքով նկարի վրա գրել են իրենց բանաստեղծությունները. դրանք այն գործերն են, որոնք ես լսել եմ նրանց գրելու իսկ երկրորդ օրը»,- ասում է լուսանկարիչը:

Արձակագիր Վահրամ Մարտիրոսյանն էլ նշեց, որ մեր իրականության մեջ, առհասարակ,  պոեզիայի ներկայության պակաս կա, և այս կերպ փորձ է արվում լրացնել այդ բացը: «Բացի այս՝ ի վերջո, բոլորս ստեղծագործել ենք՝ իրար պոեզիայով ոգեշնչվելով, ինչ-որ իմաստով իրար վրա ազդելով, իրար հակադրվելով, որը գրական կյանքի փայլն ու հետաքրքրությունն է: Իսկ Գերմանը մեր լավագույն լուսանկարիչներից է, մեր ընկերը և, ստեղծելով պոետների նկարներ` տեքստերով, հանրությանն կարծես ուղերձ է հղել, թե ինչպես կարող են պատկերն ու բառն ընկերանալ: Բոլորս Գերմանի երևակայության մեջ ենք գործել: Այն, ինչ ստացվել է, նրա ֆանտազիան է, երևակայությունը, տեսիլքը, որովհետև, լավ իմաստով, դերասաններ ենք եղել, ոչ թե հեղինակներ»,- ասաց Մարտիրոսյանը:  

 

Լուսանկարները` Գերման Ավագյանի

 

\"\"

\"\"

 

 

 

\"\"