կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-27 17:42
Տարածաշրջան

Մերձավոր Արևելքում Թուրքիայի կողմից հակաքրդական գործողություններն անխուսափելի են. թուրքագետ

Մերձավոր Արևելքում Թուրքիայի կողմից հակաքրդական գործողություններն անխուսափելի են. թուրքագետ

Վերջերս բավական թեժացել են իրադարձությունները Մերձավոր Արևելքում, և դրանց ձևաչափը կտրուկ փոխվել է: Yerkir.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

Ըստ նրա` ԱՄՆ-ն ի սկզբանե կողմ էր Սիրիայում կոշտ գործողություններին, բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարում է, թե հեռանալու են Սիրիայից:

«Սրան էլ հաջորդեց Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի այն հայտարարությունը, թե Իսրայելը Մերձավոր Արևելքում պաշտպանելու է իր շահերը, որից հետո էլ սկսեց ռմբակոծել Սիրիայի արվարձանները: Կարող ենք շեշտել այն հանգամանքը, որ տարածաշրջանում թուլանում է Իրանի դերը: Այդ երկիրը նախկինում հայտարարում էր, թե պատրաստ է պաշտպանել Բաշար Ասադի վարչակարգը, սակայն այժմ` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, ակնհայտ դարձավ,  որ իրանական վարչակազմն իրականում բավական թույլ տեղեր ունի: Այս առումով հետաքրքիր է Թուրքիայի որոշումը` արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ եթե թուրքական կողմը հայտարարել է, որ մտնելու է Սիրիա, ապա անպայման մտնելու է: Դրան հակադարձեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ասելով, որ ՌԴ-ն ու Թուրքիան միասնական դիրքորոշում չունեն Սիրիայի հարցում»,- ներկայացրեց մեր զրուցակիցը` ընդգծելով, որ ռուսական կողմին այդպես էլ չի հաջողվում համոզել թուրքական կողմին, որ չշարունակի իր օպերացիան Սիրիայի հյուսիսում, որտեղ դեռևս քրդական ստորաբաժանումներ կան:

Թուրքագետը նշեց նաև, որ Թուրքիայում միասնական են տրամադրված Սիրիայում գործողություններ իրականացնելու հարցում: Ըստ նրա` քրդական հարցն այնպիսի կոշտ ձևով է դրված, որ թուրքական հասարակությունն այդ հարցում միանշանակ աջակցում է իշխանությունններին:

«ԱՄՆ-ն քանիցս փորձ է կատարել Թուրքիային հետ պահել հնարավոր օպերացիաներից, բայց ժամանակը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն այդ հարցում հաջողության չի հասնում: Այստեղ համընկնում են Թուրքիայի ու Իսրայելի շահերը, քանի որ իսրայելական կողմը հոգնել է պաղեստինյան կողմից արձակված հրթիռներից ու կողմնակից է, Մերձավոր Արևելքում ճակատ բացելով, ապահովել հրեական շահերը: Մյուս կողմից էլ` թուրքական շահերը համընկնում են հրեական շահերի հետ, հետևաբար` Մերձավոր Արևելքում Թուրքիայի կողմից հակաքրդական գործողություններն անխուսափելի են»,- նշեց Մուշեղ Խուդավերդյանը: