կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-17 11:53
Քաղաքական

Թուրքիայի հռետորաբանությունը նպաստում է այդ երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների աճին. թուրքագետ

Թուրքիայի հռետորաբանությունը նպաստում է այդ երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների աճին. թուրքագետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  և իր իշխանության հռետորաբանությունը նպաստում են այդ երկրի ազգայնամոլ շրջանակների ակտիվացմանը և  ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների աճին: Նման կարծիք հայտնել է թուրքագետ  Լևոն Հովսեփյանը՝ անդրադառնալով The York Times-ում հրապարակված՝ Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի հոդվածին, որում նա նշել էր, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության բռնկման համատեքստում Թուրքիայում առաջացել է ազգայնականության բռնկում, որը խորացրել է ազգային փոքրամասնությունների շրջանում վախի և անկայունության զգացումը:

«Թուրքիայում ստեղծված իրավիճակը, բնականաբար, լուրջ վտանգ ու սպառնալիք է ազգային փոքրամասնությունների համար, որովհետև տեսնում ենք, թե ազգայնամոլ շրջանակները ինչ ակտիվություն ունեն: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հենց առաջին օրերից պարզ երևաց, թե ինչպես էին ադրբեջանական դրոշներով հատուկ, դեմոնստրատիվ երթեր իրականացնում Պոլսո հայոց պատրիարքության շրջակայքում: Նմանատիպ երթեր իրականացվել են, մասնավորապես, Ստամբուլում և Թուրքիայի այլ շրջաններում: Սա սովորական թուրքական ձեռագիր է, և պատմության մեջ շատ են եղել, որ երթերը հրավիրվել են հենց իշխանության գործուն աջակցությամբ, և ազգայնամոլական տարբեր հրոսակախմբերի սլաքը ուղղվել է ազգային փոքրամասնությունների դեմ»,- ընդգծել է Հովսեփյանը:

Թուրքագետը շեշտել է, որ մշտապես թուրքական պետությունը, այդ թվում՝ նաև ներկայիս իշխանությունը` Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, ազգային փոքրամասնություններին դիտարկում է որպես սպառնալիք թուրքական անվտանգությանը և պետությանը:

«Կարծում եմ` այսօր ոչ միայն հայերի, այլ նաև մյուս ազգային փոքրամասնությունների դեմ այդ հռետորաբանությունը զարգանում է, և Թուրքիայում ստեղծվել է նման բարդ իրավիճակ: Թուրքիայի Հանրապետության պատմությունը լի է ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնություններով, ինչպես Օսմանյան կայսրության ժամանակ՝ ցեղասպանություններով:

Այսօր Էրդողանի և պաշտոնական հռետորաբանությունը հենց նպաստում է այդ մթնոլորտին` հակահայկական, հակահունական և այլ քսենոֆոբիկ դրսևորումներ, որոնք մեծ տարածում են ստանում: Մենք գործ ունենք սովորական թուրքական ձեռագրի հետ»,- եզրափակել է Հովսեփյանը: