Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ձմերուկի իրացման խնդիր ունենք, այն դեպքում, որ անցյալ տարի արտերկրից ձմերուկ էր բերվում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը՝ ընդգծելով՝ սա այն դեպքում, որ ցանքատարածությունները նույնն են:
Այս կամ այն մշակաբույսի օպտիմալ չափերի վերաբերյալ գյուղացուն տեղեկացնելը և պլանավորելը, նրա խոսքով, դժվար է, խնդիրը պետք է լուծել արտահանման ճիշտ կազմակերպմամբ:
Մինչդեռ հատկապես այս տարի, ըստ Գառնիկ Պետրոսյանի, զավեշտի են հասնում այն պատճառաբանությունները, որոնք Լարսի անցակետում ներկայացվում են մեր արտահանողներին:
«Շատ հաճախ ռուս մաքսավորները պարզապես կամայականություններ են ցուցաբերում: Եթե անցյալում հայ բեռնափոխադրողներն ինչ-որ կերպ լեզու էին գտնում և անցնում էին, ապա այս տարի զավեշտի էր հասնում, երբ օրերով կանգնեցնում էին մեր բեռնված տրանսպորտային միջոցները և կասկած էին հայտնում, որ ապրանքը թուրքական ծագում ունի:
Օրինակ՝ Աշտարակից 4 մեքենա՝ խնձորով բեռնված, ապրիլի 1-ից մինչև 11-ը կանգնած է եղել անցակետում: Ապրիլի 5-ին իբրև թե խնձորի նմուշ էին վերցրել, որ ապացուցեն, որ Թուրքիայից չի բերվում, այնինչ՝ դա ուղղակի աբսուրդ է, չի կարող որևէ լաբորատորիա նման արդյունք ապացուցել: Մեր կողմի միջամտությունից հետո ամբողջ բեռը բեռնաթափել էին, 40 հազար ռուսական ռուբլի գանձել փոխադրողից այդ գործողության համար, նոր տարել: Նույնը՝ ելակի, դեղձի դեպքում»,- ասաց նա:
Գառնիկ Պետրոսյանն ընդգծում է՝ այստեղ անպայման պետական լուրջ միջամտություն է պետք. «Ընդ որում, պետք է կոշտ լինի այդ միջամտությունը, որովհետև եթե մենք ԵԱՏՄ անդամ ենք, անհասկանալի է բեռնավորված հսկայական տրանսպորտային միջոցները՝ բուսասանիտարական համապատասխան փաստաթղթերով, ինչո՞ւ են կանգնեցնում և ի՞նչ պատրվակներով թույլ չեն տալիս անցնել»:
Դա բերում է հսկայական ֆինանսական կորուստների, ապրանքը փչանում է, և մեր գյուղացիները, որոնք իրենց մեքենաներով կարող են փոքր քանակներով արտահանել ՌԴ, այլևս շահագրգիռ չեն լինում:
Մեր երկրում, սովորաբար, գյուղացիական բուսաբուծական մթերքների ավելցուկ է լինում, և եթե արտահանումը ճիշտ չի կազմակերպվում, շուկայում լճացում է առաջանում, գները կտրուկ ընկնում են, և գյուղացին, լուրջ վնասներ կրելով, հաջորդ տարի արդեն հրաժարվում է տվյալ մշակաբույսից:
Գառնիկ Պետրոսյանն ասում է՝ մեր վարելահողերի 45 տոկոսը չի օգտագործվում: Հաճախ հնչում է տեսակետ, որ գյուղացին ծուլացել է, բայց, նրա համոզմամբ, նման բան չկա, պարզապես այն եկամուտը, որ գյուղացին ստանում է, չնչին է, և բնականաբար, շահագրգռված չէ այդ հողը մշակել:
Երբ գյուղատնտեսության նախարարությունը միացրին էկոնոմիկայի նախարարությանը, պատրվակներից մեկն էլ այն է, որ արտահանումների խնդիրը լուծում ստանա, բայց, մասնագետի դիտարկմամբ, խնդիրը դեռ մնում է չլուծված:
Մտահոգության առիթ է նաև գյուղատնտեսության նախկին նախարարության՝ էկոնոմիկայի նախարարությանը կցելու արդյունքում հմուտ մասնագետների կրճատումը. Գառնիկ Պետրոսյանը նրանցից մեկն է: Այժմ, փաստորեն, բուսաբուծության ոլորտը համակարգող մասնագետ նախարարությունում չկա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: