Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա»-ի փոխնախագահ, մոնիթորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը լրագրողներին պատմեց Թուրքիայից ներկրվող լոլիկի, ադրբեջանական խնձորի մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչ վերահսկողություն է իրականացվում գյուղմթերքի վրա:
Նրա խոսքով` ներկրվող գյուղմթերքը կասկածներ է հարուցում, և Սահմանադրությամբ` երկրի տնտեսությունը հռչակված է շուկայական, ոչ լիբերալ, երբ պետության դերը զրոյացված է: Այնպես որ` պետք է հիշել, որ շուկան է կարգավորում տնտեսությունը. սպառողները չպետք է գնեն տվյալ ապրանքը, և հաջորդ անգամ ներկրողն այն չի ներկրի:
Հայթյանի խոսքով` հացաբուլկեղենը 100 տոկոս տեղական է, ներկրված հացաբուլկեղենը շատ չնչին տոկոս է կազմում: Կաթնամթերքի 95 տոկոսը ևս տեղական արտադրության է, և միայն 5 տոկոսը կազմում է յոգուրտը և կաթը: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում արտադրված 95 տոկոս կաթնամթերքի 40 տոկոսը պատրաստվում է ցածր որակի` ներկրված կաթի փոշուց:
«Մեր ներկրողները փոխանակ բերեն ռուսական բարձր որակի կաթի փոշի, ներկրում են ուկրաինական ցածր որակի կաթի փոշի: Սակայն մենք ունենք հնարավորություն Հայաստանում արտադրելու նորմալ որակի կաթնամթերք»,- ասաց Հայթյանը` հավելելով, որ երկու տեղական ընկերություն կարող են ստանալ նորմալ որակի կաթի փոշի:
Շարունակելով թեման` նա հայտնեց, որ շուկայում եղած ծխախոտի 45 տոկոսը ներկրվում է, այն դեպքում, երբ կան բոլոր հնարավորությունները զարկ տալու տեղական ծխախոտագործությանը: Մսամթերքի դեպքում` Հայաստանում գործող երեք տասնյակ ընկերություններից մեկ տասնյակը որակյալ մսամթերք է արտադրում: Միրգ- բանջարեղենի դեպքում` էկզոտիկ մրգերից բացի, ցավոք, ներկրվում է շուկայում եղած միրգ-բանջարեղենի 40 տոկոսը:
Սպառողների ազգային ասոցիացիայի գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանն էլ նշեց, որ մաքսանենգ, անօրինական ճանապարհով Հայաստան է ներկրվել որոշ քանակությամբ ադրբեջանական խնձոր, իսկ Թուրքիայից` լոլիկ: Եվ մինչև գլխի են ընկել, որ դա ադրբեջանական է, դրանից, իհարկե, վաճառվել է: Նրա խոսքով` խնդիրները խորքային են. Թուրքիայից ներկրվում է բանջարեղեն, որովհետև Թուրքիան ունի աճեցման ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք բարձրացնում են բերքատվությունը, իսկ Հայաստանում չկան նման տեխնոլոգիաներ:
«Կառավարությունը պետք է միջամտի, որ մեր արտադրողներն էլ կարողանան ներկրել ժամանակակից տեխնոլոգիաներ, այսինքն` պետք է արտոնյալ վարկեր տա, ֆինանսավորի, խթանի, որ մեր արտադրողներն էլ նման տեխնոլոգիաներ ունենան»,- ասաց նա:
Ըստ Աճեմյանի` ամբողջ ներկրված ապրանքը պետք է վերահսկվի խստագույնս, սակայն մեզ մոտ չեն կարող ստուգել` արդյո՞ք ներկրված միրգ-բանջարեղենը գենետիկորեն մոդիֆիկացված է, թե` ոչ: Աճեմյանը կարծում է, որ չվերահսկելու դեպքում կարող ենք կանգնել կենսահանցագործության վտանգի առաջ: