Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործող կառավարության հնգամյա ծրագրում առավել խնամքով են ձևակերպված սոցիալական պաշտպանության խնդիրների լուծման նպատակադրումները՝ գործազրկության և աղքատության էական կրճատում, նպաստների, կենսաթոշակների ու աշխատավարձերի առաջանցիկ բարձրացում, զբաղվածության և ժողովրդագրական խնդիրների լուծում և այլն:
Իսկ փաստացի ի՞նչ է ծրագրավորված 2020 թվականի պետական բյուջեի նախագծով:
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելու է 492,5 միլիարդ, աճը 2019 թվականի նկատմամբ կկազմի 48 միլիարդ կամ շուրջ 10 տոկոս: Ավելացող՝ 48 միլիարդ դրամի շուրջ 23 տոկոսը լրացուցիչ ուղղվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ֆինանսավորմանը: 2020 թվականին այս համակարգի ֆինանսավորման համար պետական բյուջեից կհատկացվի 70 միլիարդ դրամ, որի աճը, նախորդ տարվա համեմատ, կազմում է 13,2 միլիարդ դրամ: Ընդ որում՝ խնդրահարույց այս ծախսերը, նախորդ տարվա համեմատ, շուրջ 27 տոկոսով էլ աճել են 2019 թվականին, դրանք հետագայում ևս ունենալու են կայուն աճի միտում: Այս համակարգի, որին դեմ էր նաև ներկայումս իշխող քաղաքական ուժը, չեղարկման դեպքում հնարավոր կլիներ այդ միջոցներն ուղղել կենսաթոշակների ընդհանուր բարձրացմանը, զբաղվածության պետական աջակցության, կայուն աշխատատեղ ստեղծող զարգացման և սոցիալական ներառական զարգացման այլ ծրագրերին:
Իսկ փաստն այն է, որ աշխատանքային կենսաթոշակի չափը չի բարձրանալու՝ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված է անփոփոխ թողնել կենսաթոշակի հիմնական չափը (14000 դրամ), ինչպես նաև մասնագիտական ստաժի 1 տարվա արժեքը:
Զբաղվածության պետական աջակցության ծրագրերին ուղղվող միջոցները 2020 թվականին կկազմեն 1,825 միլիարդ դրամ: Դրական է, որ գոնե հաջորդ տարի կունենանք աճ՝ շուրջ 9 տոկոս: Սակայն այս աճը բացարձակ համարժեք չէ գործող կառավարության հնգամյա ծրագրում դրված՝ զբաղվածության խթանման նպատակադրումներին:
Մյուս կողմից՝ մտահոգիչ է, որ, 2019 թվականից սկսած, էապես՝ շուրջ կիսով չափ նվազեցվել են այս ծրագրերի հիմնական արդյունքային թիրախները՝ կայուն զբաղվածության ապահովման ցուցանիշները: Այսպիսով՝ գործնականում խնդրահարույց է դառնում զբաղվածության պետական ծրագրերի իրականացումը՝ թե՛ արդյունավետության, թե՛ հասցեականության, թե՛ հնարավոր տարբեր այլ ռիսկերի տեսանկյունից: Այս կարևոր պայմանների անտեսմամբ են պատասխանատուները հեշտացնում ծրագրերի իրականացման մեխանիզմները: Փորձում են ամեն գնով ապահովել կատարողական արդյունքներ: Պարզ է, որ զբաղվածության ծրագրերի ինքնանպատակ իրականացումն արդեն իսկ լուրջ խնդիր է: Բայց փաստ է նաև, որ, 2018 թվականից սկսած, այս ծրագրերի կատարողականն աննախադեպ անկում է գրանցել: 2018 թվականի ամփոփ արդյունքներով նշված կատարողականը կազմել է ընդամենը 25 տոկոս:
Ընտանեկան և սոցիալական նպաստների չափերը, շահառու ընտանիքների թիվը ևս նախատեսված է թողնել անփոփոխ՝ 37,7 միլիարդ դրամ, 100 հազար ընտանիք, 31442 դրամ նպաստի ամսական միջին չափ, որը գրեթե կրկնակի ցածր է նույնիսկ մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի ընթացիկ արժեքից:
Ինքնին դրական է, որ մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի ամսական չափը 18000 դրամից դառնալու է 25500 դրամ: Առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափ բարձրանալու է և դառնալու է 300 հազար դրամ: Սակայն ակնհայտ է, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով պետական հնարավոր աջակցության բոլոր ձևերում պետք է առաջնային թիրախավորվեն երրորդ և հաջորդ երեխաների ծնունդները: Իսկ 2018 թվականի կեսից բարձրացվեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը: 2020 թվականի կեսից նախատեսում են բարձրացնել առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափերը: Միևնույն ժամանակ, երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների չափերի բարձրացում այդպես էլ չի նախատեսվում: Հատկանշական է նաև, որ ծննդյան միանվագ նպաստը չի կարող հանդիսանալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման առաջնային ու արդյունավետ գործիք: Այս պնդումը բխում է նաև միջազգային դրական փորձից:
Եվ վերջում, ցավոք, կրկին պետք է արձանագրենք՝ 2020 թվականի պետական բյուջեով ևս նախատեսված չէ բազմազավակ ընտանիքներին աջակցության պետական ծրագիր, որը կառավարության պարտավորությունն է սոցիալական պաշտպանության ոլորտում և ամրագրված է մեր երկրի Սահմանադրությամբ:
Որպես ամփոփում՝ հանրության սպասումները փաստացի չեն արդարանում, սակայն հույսը միշտ կա:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ