Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2019 թ. սեպտեմբերի վերջին անցկացվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը, որի ընթացքում ուշագրավ ելույթ ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Թուրքիայի «սուլթանը» Իսրայելին մեղադրեց սպանությունների և Պաղեստինի տարածքները բռնազավթելու մեջ: Արձագանքը չուշացավ. Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ արեց Էրդողանին՝ չստել, քանի որ «քրդերին կոտորող և հայերի կոտորածները ժխտող մարդն իրավունք չունի Իսրայելին դասեր տալու»:
Փոխադարձ մեղադրանքները ավանդույթ են դարձել թուրք-իսրայելական հարաբերություններում: Թուրքիան ամեն պատեհ առիթ (մասնավորապես՝ ի պաշտպանություն պաղեստինցիների) բաց չի թողնում Իսրայելի գործողությունները քննադատելու համար: Էրդողանի Թուրքիան, իրեն համարելով իսլամական երկրների «մեծ եղբայրը», անշուշտ, պետք է բախվեր իսրայելական գործոնի հետ: Այն, որ Էրդողանի կառավարման շրջանում թուրք-իսրայելական հարաբերություններն ապրում են, երևի, երկուստեք հարաբերությունների պատմության վատագույն շրջանը, ակհայտ է: Սակայն տասնամյակներ շարունակ բարեկամական, ռազմա-քաղաքական, տնտեսական դաշնակցային հարաբերություններ ունեցող երկու երկրների կապերն այնքան ամուր են, որ նույնիսկ Էրդողանի և Նեթանյահուի փոխադարձ մեղադրանքներն ի զորու չեն քանդել կապերը, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում: Թուրք-իսրայելական փոխադարձ մեղադրանքները կրում են զուտ մակերեսային բնույթ, և երկկողմ հարաբերությունները, ընդհանուր առմամբ, որակական փոփոխության չեն ենթարկվում փոխադարձ վիրավորանքների ու մեղադրանքների պատճառով (անգամ՝ երբ հետ է կանչվում դեսպանը)։
Կարելի է համարել, որ թուրք-իսրայելական հարաբերություններում առաջին լուրջ շփումները սկսվել են 15-րդ դարի վերջին։ 1492 թ. Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ Երկրորդի օրոք նվաճվեց արաբների՝ Պիրենեյան թերակղզում գտնվող վերջին հենակետը՝ Գրանադան, դրանով իսկ ավարտվեց շուրջ 7,5 դար տևած Ռեկոնկիստան (վերանվաճում)։ Դրանից հետո Ֆերդինանդը, Հռոմի պապի թողտվությամբ և աջակցությամբ, սկսեց հալածել կրոնական փոքրամասնություններին՝ միակրոն Եվրոպա ունենալու նպատակով։ Պիրենեյան թերակղզում բնակվող մուսուլմաններին և հրեաներին առաջարկվեց՝ կա՛մ ընդունել քրիստոնեություն, կա՛մ արտագաղթել։ Մուսուլման բնակչության համար համեմատաբար ավելի հեշտ էր։ Իսլամադավան Հյուսիսային Աֆրիկայի դռները բաց էին նրանց համար։ Իսկ հրեաներն ամենուրեք բախվում էին հալածանքների, կոտորածների։ Մոտ 7 մլն բնակչություն ունեցող իսպանական տարածքներում բնակվում էր շուրջ 700-800 հազար հրեա, որոնցից միայն 300 հազարն արտագաղթեցին (մնացածն ընդունեցին քրիստոնեություն, և այժմ, ըստ տարբեր տվյալների, իսպանացիների մոտ 40%-ն ունի հրեական ծագում)։ Թողնված լինելով բախտի քմահաճույքին՝ այդ օրհասական պահին սեֆարդներին (այդպես էին կոչվում իսպանական հրեաները) օգնության է հասնում ծաղկող և հզորացող Օսմանյան կայսրությունը։ Սուլթան Բայազիդ Երկրորդը նավեր է ուղարկում, որպեսզի հրեաներն անվտանգ տեղափոխվեն կայսրություն, հատկապես՝ կայսրության եվրոպական մասի խոշոր և զարգացած քաղաքները։ Պատճառն ակնհայտ էր՝ տնտեսությունում և կառավարման տարբեր ոլորտներում աչքի ընկնող հրեաներին օգտագործել ի շահ կայսրության, քանի որ թուրքերը տգետ էին և, բացի զենք կիրառելուց, ուրիշ բան չգիտեին։ Մի եվրոպացու հետ զրույցում Բայազիդ Երկրորդը ծաղրել էր. «Մի՞թե դուք Ֆերդինանդին իմաստուն թագավոր եք համարում այն բանի համար, որ նա մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի մասնատի սեփական պետությունն ու հարստացնի մերը»։
Հրեաները բնակվեցին Ստամբուլում, Սալոնիկում և Օսմանյան կայսրության մի շարք խոշոր՝ տնտեսական-քաղաքական նշանակություն ունեցող քաղաքներում։ Իրենց ձեռք մեկնած Օսմանյան կայսրության համար հրեաները ջանք չէին խնայում, շենացնում էին պետությունը։ 1453 թ. Կոստանդնուպոլսի նվաճումից հետո ստեղծվում են հայկական, հունական և հրեական համայնքները (միլլեթներ)։ Թեև և՛ Օսմանյան կայսրությունում, և՛ Թուրքիայի Հանրապետությունում հրեաները, ի թիվս այլ փոքրամասնությունների, մասնավորապես՝ հայերի, տարբեր շրջաններում բախվում էին ազգային խտրականության խնդրին, այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ նրանց նկատմամբ համեմատաբար ավելի մեղմ քաղաքականություն է կիրառվել, քան հայերի կամ հույների, որոնք ենթարկվել են բռնաճնշումների, կոտորածների, իսկ 20-րդ դարի կեսին կիրառվեց «20 դասակարգի զորակոչն» ու «Ունեցվածքի հարկը»։ Բայց և այնպես՝ հրեաները Թուրքիայում նույնպես բախվում էին հակասեմականության հետ։
1948 թվականին՝ Իսրայելի անկախացումից հետո, սկսվեց ամբողջ աշխարհի հրեաների ներգաղթը Իսրայել։ Թուրքիան 1949 թ. ճանաչեց Իսրայելի անկախությունը՝ դառնալով հրեական պետության անկախությունը ճանաչած առաջին իսլամադավան երկիրը, ինչը քննադատության բուռն ալիք բարձրացրեց իսլամական աշխարհում։ Ճանաչումից հետո սկսվեց Թուրքիայի մուսեվիների (բառ. մովսեսականներ՝ այդպես էին թուրքերն անվանում հրեաներին) ներգաղթը Իսրայել։ Թեև Թուրքիայից Իսրայել ներգաղթից հետո մոտ 10 տոկոսը վերադարձավ Թուրքիա, այնուհանդերձ, Իսրայել տեղափոխվածները, ունենալով բարեկամական հարաբերություններ Թուրքիայի հետ, սկսեցին երկուստեք ջերմ կապեր կառուցել տնտեսական, քաղաքական, ռազմական ոլորտներում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան Սառը պատերազմում որդեգրեց արևմտյան ուղղությունը և դաշնակցային հարաբերություններ հաստատեց ԱՄՆ-ի հետ՝ անդամագրվելով ՆԱՏՕ-ին։ Իսրայելի հետ գտնվելով նույն աշխարհաքաղաքական «լոկոմոտիվում»՝ Թուրքիան 1950 թվականից որդեգրեց երկակի ստանդարտներով խաղը։ 1950 թվականից Թուրքիայում աշխարհիկ քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցությանը փոխարինեց իսլամամետ Ժողովրդավարական կուսակցությունը։ Իսրայել-Պաղեստին հակամարտության ամեն սրացման ժամանակ Թուրքիան փորձում էր չտրորել ո՛չ դաշնակցի, ո՛չ էլ դավանակցի ոտքը։
Պետական մակարդակով թուրք-իսրայելական հարաբերությունները բազմիցս են հայտնվել լարվածության մեջ՝ Սուեզի ճգնաժամ, Երուսաղեմի արևելյան հատվածի բռնազավթում և այլն, որոնց ժամանակ Թուրքիան հարաբերությունները դեսպանի մակարդակից իջեցրել է մինչև հավատարմատարի մակարդակի, սակայն վերջին հաշվով դիվանագիտությունն ու համատեղ շահերը հաղթում էին, և հարաբերությունները վերադառնում էին բնականոն հուն:
2003 թ.-ից՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իշխանության գալուց հետո, թուրք-իսրայելական հարաբերությունները սկզբնական շրջանում ջերմ էին։ Սակայն արտաքին քաղաքականության մեջ Էրդողանի որդեգրած դիրքորոշումներն, անխոս, պետք է իրենց ազդեցությունն ունենային հարաբերությունների վրա։ Չափավոր իսլամամետ Էրդողանն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սկսեցին հավակնել իսլամական աշխարհում առաջնորդի դերին, ինչն, իհարկե, դուր չէր կարող գալ արաբական աշխարհի թշնամի Իսրայելին։
Էրդողանի կառավարման շրջանում առաջին լուրջ լարվածությունը գրանցվեց 2008-2009 թթ. Գազայի հատվածում սկսված ռազմական առճակատման հետևանքով. Թուրքիան Իսրայելի գործողությունները որակեց որպես ահաբեկչական։ 2009 թ. Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում տեղի ունեցավ հայտնի «One minute» (թարգ. մեկ րոպե) դեպքը։ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից հետո ներկաները ծափահարեցին, ինչին ի պատասխան՝ Էրդողանը հայտարարեց, որ դա տխրեցուցիչ է, քանի որ Պերեսի երկիրը մարդկանց է սպասնում: Նա նաև դժգոհեց, թե Պերեսին ելույթի համար տրվել է 25, իսկ իրեն՝ 12 րոպե ժամանակ։
2009 թ. Իսրայելի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Ավի Միրզահին ասաց այն, ինչ վերջերս ասաց Նեթանյահուն. «Պաղեստինի հարցում մեզ քննադատելուց առաջ Էրդողանը թող հայելու մեջ նայի։ Հայերին կոտորեցին, նույնը քրդերի հանդեպ են անում, Կիպրոսն են բռնազավթել»։ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն պահանջեց հեռացնել նրան պաշտոնից, իսկ դեսպանը կանչվեց ԱԳՆ՝ բացատրություն տալու։
Սակայն լարվածության գագաթնակետը կարելի է համարել 2010 թ. Գազայի ափերի մոտ տեղի ունեցած հարձակումը թուրքական «Կապույտ Մարմարա» նավի վրա, որի հետևանքով զոհվեց 9 թուրք քաղաքացի։ Էրդողանը այս միջադեպն անվանեց «պետական ահաբեկչություն», հետ կանչեց թուրք դեսպանին, իսկ Թուրքիայի՝ այդ ժամանակվա ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ այս դեպքից հետո թուրք-իսրայելական հարաբերությունները կարող են այլևս չվերադառնալ նախկին մակարդակին։ 2013 թ. հեռախոսազրույց տեղի ունեցավ Նեթանյահուի և Էրդողանի միջև, որի ընթացքում Նեթանյահուն ներողություն խնդրեց, իսկ Էրդողանը թուրք ժողովրդի անունից ընդունեց այն։ Իսրայելը խոստացավ փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին։
Անշուշտ, ՀԱՄԱՍ-ի առաջնորդի այցը Թուրքիա, Էրդողանի հակասեմական արտահայտությունները, Պաղեստինի անկախության գործում Թուրքիայի աջակցությունը և այլ դեպքեր հետք են թողնում երկկողմ հարաբերությունների վրա։ Սակայն, չնայած նմանատիպ լուրջ միջադեպերին, թուրքական և հրեական դարավոր բարեկամությունը, որը հիմնված է երախտագիտության և համագործակցության վրա, դժվար թե որևէ էական վնաս կրի երկրի բարձրաստիճան այրերի փոխադարձ վիրավորանքներից ու մեղադրանքներից:
Արգամ Եղիազարյան