Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության կողմից ներկայացված Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Առաջարկվում է ծրագրի ցանկից հանել «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ները»,-ներկայացրեց Բաբայանը:
«Էներգաինտեքս» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա ցանկից հանելու առաջարկությունը ներկայացրել է նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ հիմնավորմամբ: Հիմնավորումը, մասնավորապես, հետևյալն է՝ էներգետիկայի արտահանման և ներկրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից և ինքնավար էներգաարտադրողներից էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, վաճառելու և արտահանելու գործընթացն առաջարկվում է իրականացնել միայն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության կողմից: «Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա կառույցների ցանկից հանելու առաջարկ ներկայացրել է նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվել է, որ ներկայում «Հայփոստը» ՀՀ ողջ տարածքում, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում իրականացնում է փոստային կապի ունիվերսալ ծառայություններ՝ անկախ դրանց տնտեսապես անարդյունավետ լինելու գործոնից: Դրա մասնավորեցման դեպքում գյուղական բնակչության մեծամասնության համար փոստային կապի ունիվերսալ ծառայություններն ընկերության համար կդառնան ոչ արդյունավետ, և ՀՀ ողջ տարածքում խիստ ռիսկային կդառնա ունիվերսալ փոստային կապի ամբողջ ծավալով մատուցումը: Մասնավորեցման ծրագրից հանելու դեպքում որպես կառավարման արդյունավետ մոդել առաջարկվում է հետագայում կիրառել ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնելը: