Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ Վերահսկիչ պալատի հերթական բացահայտումները մասնավորեցման գործընթացին են վերաբերում:
Օրերս ՎՊ խորհրդի նիստում քննարկվել են մասնավորեցման սուբյեկտների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ իրականացված վերահսկողության (2008-10թթ.) արդյունքները: Մասնավորեցումն այն գործընթացն է, որում միշտ էլ թերությունները շատ են եղել. մասնավորեցված օբյեկտներում չեն իրականացվել պայմանագրով նշված ներդրումները, չեն ստեղծվել համապատասխան քանակի աշխատատեղեր եւ այլն, սակայն դրա համար ոչ ոք չի տուգանվել կամ չի պատժվել:
Վերջին շրջանում բնագավառում որոշ առաջընթաց կա, սակայն անելիքները, ինչպես պատասխանատուներն են խոստովանում, դեռ շատ են: Վերահսկիչ պալատի մասնագետների կողմից իրականացված վերահսկողության արդյունքները նույնպես դրա մասին են խոսում:
Ինչպես նիստի ընթացքում ներկայացվեց, վերահսկողությամբ ընդգրկված 34 մասնավորեցված օբյեկտներից 32 սուբյեկտ ստանձնել են ներդրումային եւ աշխատատեղերի ստեղծման ու ապահովման պարտավորություն, երկուսը` համապատասխանաբար բնակելի տան կառուցման եւ օբյեկտի վերակառուցման պարտավորություն: Մասնավորեցման սուբյեկտների կողմից պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ կատարել են 58,8, մասնակի` 35,3, չեն կատարել 5,9 տոկոսը: «Ընդհանուր առմամբ, տասնմեկ մասնավորեցման սուբյեկտների կողմից վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակաշրջանում չի կատարվել 183,184.1 հազար դրամի ներդրում, չի ստեղծվել 292 աշխատատեղ, մեկ սուբյեկտ չի ապահովել օբյեկտի վերակառուցման եւ շահագործման պարտավորության կատարումը, իսկ մեկ դեպքում դադարեցվել է մասնավորեցման գործընթացը»,- տեղեկացրել է ՎՊ մասնագետը:
Մասնագետները պարզել են, որ պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետները լրացած 22 սուբյեկտներից պարտավորություններն ամբողջությամբ կատարել են ընդամենը 9-ը, մասնակի` 12-ը, չի կատարել 1-ը: Չկատարված ներդրումների ծավալը կազմել է նախատեսվածի 17, չստեղծված աշխատատեղերը` 64,3 տոկոսը: Վերահսկողություն իրականացրած մասնագետների գնահատմամբ` մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պատշաճորեն չի վերահսկվել մասնավորեցման գործընթացը` սուբյեկտի կողմից գործարքների կատարումը, չի ուսումնասիրվել ներկայացված հաշվետվությունների արժանահավատությունը, ինչպես նաեւ մասնավորեցման սուբյեկտների նկատմամբ չեն կիրառվել պայմանագրերով եւ ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները` տուգանքի հաշվարկում եւ գանձում, ինչպես նաեւ գույքի բռնագանձման պահանջով դատարան հայցի ներկայացում:
«Ընդհանուր առմամբ, չի հաշվարկվել եւ գանձվել 8212,7 հազ. դրամի չափով տուգանք, որից` ներդրումային եւ սոցիալական երաշխիքների մասով` 4 սուբյեկտի նկատմամբ 3312,5 հազար դրամ, ներդրումների մասով` 2 գնորդի նկատմամբ` 873,2 հազար դրամ եւ աշխատատեղի մասով` 3 սուբյեկտի նկատմամբ` 4027,0 հազար դրամ»,- սա ՎՊ մասնագետների եզրակացությունն է, ինչը նույնպես վկայում է, որ ոլորտում բացթողումներ կան:
Ստուգումները ցույց են տվել նաեւ, որ լիազոր մարմնի որոշ սխալների պատճառով սահմանափակվել է նաեւ պատասխանատվության միջոցների կիրառման հնարավորությունը: Վերոնշյալ եւ այլ խախտումների հետեւանքով չի ապահովվել մասնավորեցման նպատակը` վերջնական արդյունքը բացակայում է: Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանի հավաստմամբ` գործընթացի վերահսկումը, ելնելով դրա կարեւորությունից, կիրականացվի նաեւ հաջորդ տարի՝ առկա թերություններն աստիճանաբար վերացնելու նպատակով: Այս անգամ էլ, ինչպես միշտ, ՎՊ-ն իր առաջարկություններն է արել տնտեսական զարգացման նախարարությանը՝ օրենսդրության համապատասխան գործելու, խախտումները վերացնելու, պայմանագրային պարտավորությունների չկատարման հետեւանքով տուգանքները գանձելու, վերահսկողությունը խստացնելու վերաբերյալ:
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ