կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-08 22:28
Հասարակություն

Թունաքիմիկատներով թունավորումների հիվանդացության ցուցանիշը նվազել է

Թունաքիմիկատներով թունավորումների հիվանդացության ցուցանիշը նվազել է

Այս տարի` մայիսի դրությամբ, արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 42 դեպք, որից 9-ը Երևանում, 33-ը մարզերում, որից 1-ը` մահվան ելքով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է թունաքիմիկատներով թունավորման 66 դեպք, որից 12-ը Երևանում, 54-ը մարզերում, որից 5-ը` մահվան ելքով:

Փաստացի` թունաքիմիկատներով թունավորումների հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.6 անգամ, ինչը պայմանավորված է տարածքային կառավարման մարմինների աջակցությամբ բնակչության շրջանում խնդրի վերաբերյալ լայնածավալ իրազեկման աշխատանքով:

Նշենք, որ 2017 թվականին թունաքիմիկատներով թունավորումները հիմնականում արձանագրվել են Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզերում: Գերիշխող պատճառը` (48%) թունաքիմիկատների ոչ ճիշտ պահպանումն է և մակնշումը:

Միաժամանակ, այս տարի 2016-ի համեմատ նկատվել է ինքնասպանության նպատակով թունաքիմիկատների օգտագործման դեպքերի նվազում՝ 0.7 անգամ, մինչդեռ ծնողի անուշադրության հետևանքով արձանագրված դեպքերի կտրուկ աճ (29%) է դիտվել:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է պահպանել թունաքիմիկատների օգտագործման և պահպանման կանոնները, մասնավորապես՝

հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա

չգնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար անհասկանալի լեզվով

լվանալ և պահել թունաքիմիկատով աղտոտված հագուստն առօրյա հագուստից առանձին

տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով

չպահել թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում

պահել թունաքիմիկատները սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրերում

չպահել թունաքիմիկատները պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում

չօգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով կիրառելու համար

պահպանել մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակցած մթերք օգտագործելիս

չիրականացնել թունաքիմիկատներով մշակումը քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ

պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում

օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիթ կոշիկներ) թունաքիմիկատի հետ աշխատելիս

չփչել հեղուկացրի (սրսկիչ սարք) խցանված ծայրադիրի մեջ

օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատ օգտագործելուց հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը

լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով

չօգտագործել թերություններ ունեցող սարքեր։