կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-21 13:23
Քաղաքական

Իմքայլականների նախագիծն էապես խոչընդոտում է ինֆորմացիայի հասանելիությունը և տեղակատվության ազատության հետ կապված սահմանափակումներ է առաջացնում. Գալստյան

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ իմքայլական պատգամավորների հեղինակած նախագիծը «Հայաստան» խմբակցության անդամները խնդրահարույց են համարում։

«Գործ ունենք մի օրենսդրական նախաձեռնության հետ, որը խոսքի ազատության հետ կապված լուրջ փոփոխություններ է նախատեսում և մեր առաջին գնահատականն այն է, որ այն տեղեկատվության ազատությանը սպառնացող է»,- ԱԺ-ում հրավիրած քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ 

Նա նշեց, որ նախագիծն էապես խոչընդոտում է ինֆորմացիայի արդարացի հասանելիությունը և տեղակատվության ազատության հետ կապված բավականին սահմանափակումներ է առաջացնում։ 

Լիլիթ Գալստյանն ասաց, որ նախագիծը, որն առնչվում է զանգվածային լրատվությանը, ոչ միայն չի քննարկվել զանգվածային լրատվության հիմնական շահառուների՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների, գլխավոր խմբագիրների և փորձագետների կողմից, այլ նաև հանրային քննարկում չի անցել և դրվել է շրջանառության մեջ։

Նախագիծն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացության է արժանացել։  Հանձնաժողովի ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցության անդամներ Լիլիթ Գալստյանը և Էլինար Վարդանյանը տեղեկացրել են, որ այս թեմայով քննարկում են կազմակերպելու, հրավիրել են հեղինակներին։ Քննարկմանը, սակայն, նրանցից որևէ մեկը չէր ներկայացել։

Նախագծի հեղինակները իմքայլական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանն են։