կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-26 13:28
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդիկները գրավո՞ւմ են Հայաստանի աշխատաշուկան, թե՞ մեր երկրով գնում Եվրոպա. կանոնակարգման առաջարկներ

Հայաստանում  63 000 գործազուրկ կա, բայց միայն այս տարի 15 000 հնդիկ մեր երկիր է եկել՝ աշխատանք գտնելու: Yerkir.am-ի հետ հարցազրույցում  ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց՝ օտարերկրյա աշխատուժի մուտքը աշխատաշուկա կանոնակարգման կարիք ունի, հակառակ դեպքում՝ կարող է վերածվել կրիտիկական զանգվածի և ոչ միայն այլ մշակույթ ու սովորություններ բերել, այլև գրավել, ասենք, մեր քաղաքացիների աշխատատեղերը:

Գործատուները, հանգամանքների բերումով, կարող են նախապատվությունը տալ օտարերկրյա աշխատուժի՝ մտածելով, որ ոչ միայն նույն գործն ավելի էժան կանի, այլև լեզուն շատ չի հասկանա, իր ներքին գաղտնիքները չի տարածի և կաշխատի «գլուխը կախ»՝ առանց քմահաճությունների:

Տեղական աշխատուժին նախապատվություն տալու օրենսդրական կարգավորումներ կան, սակայն գործնականում դրանք գրեթե չեն կիրառվում: Կարգն այն է, որ գործատուն դիմի Զբաղվածության պետական գործակալություն, և, եթե նույն աշխատանքը կատարելու համար տեղացի չգտնվի, նոր օտարերկրացու ներգարվելու թույլտվություն տա:  Կան նաև ժամկետներ, որ  գործատուն պետք է սպասի՝ մինչև գործակալությունը ապահովի աշխատակցին, և քանակ՝ քանի անգամ պետք է գործակալությունը մերժի, որ գործատուն իրավունք ունենա օտարերկրացի հրավիրելու աշխատանքի:

Այս կանոնակարգերին հետևելը խնդրահարույց է, քանի որ նախ՝ աշխատաշուկայում խառնաշփոթ է և Զբաղվածության պետական գործակալության համար դժվար է՝ պարզել, իրականում քանի գործազուրկ կա, ինչ մասնագիտացմամբ, ինչ սփռվածությամբ, աշխատանք գտան, թե՝ ոչ և այլն: Բացի այդ՝ գործազուրկների բազաները ամբողջական չեն. Գագիկ Մակարյանը անհրաժեշտ է համարում, որ դրանք, առնվազն էլեկտրոնայնացվեն, որպեսզի գործատուն ոչ թե դիմի, այլ օնլայն մտնի բազա և փնտրի՝ արդյո՞ք իր ցանկացած աշխատակիցը կա՞, թե՞ ոչ:

«Պետական զբաղվածության համակարգը հաճախ չի հասցնում համապատասխան արագությամբ կադրեր գտնել, դրա համար գործատուն ինքն է որոնում կամ գնում՝ բուհերից, ծանոթների միջոցով շատ արագ գտնում աշխատակցին»,- ասաց նա:

Այլ երկրներում՝ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, այս խնդիրը կանոնակարգվում է, ասենք, ամսական 1000 դոլարից ավելի վաստակելու արգելքով, որը հաշվարկված է կեցության համար:

Հայաստանում ևս հնարավոր է ուղղորդել օտարերկրյա աշխատուժը: Գագիկ Մակարյանն ասաց՝ կարելի թույլ տալ աշխատել, եթե, ասենք, մարզերում ապրեն կամ աշխատեն կոնկրետ ոլորտներում, որտեղ տեղացի աշխատուժ չունենք, կամ՝ տղամարդու կամ կնոջ կարիք կա, կամ՝ այն ոլորտներում, որտեղ սեռային հավասարության հավասարակշռությունը խախտված է՝ ուզում ենք շտկել և այլն:

Այս ամենը, սակայն, հնարավոր է անել տվյալների ամբողջական բազա ապահովելու դեպքում: Կարելի է հստակեցնել՝ քանի՞ ամիս պետք է Հայաստանում մնա, պետք է գնա, վերադառնա՞, ի՞նչ պետք է անի և այլն:

Ոստիկանությունը, թաղապետարանները պետք է ճիշտ հաշվառեն՝ որտեղ են վարձով ապրում աշխատելու նպատակով Հայաստան եկած մարդիկ, ինչքա՞ն են: Գագիկ Մակարյանն ասաց՝ շատ երկրներում այդ համակարգերը լավ աշխատում են. կա՛մ քաղաքացիներն են ահազանգում, որ իրենց շենքում կան օտար բնակիչներ, կա՛մ համայնքապետարանները, համատիրությունները, թաղապետարաններն են այդ հաշվառումը կատարում:  Դրա հետ միասին՝ հաշվառում են նրանց, պարզում՝ ինչ մտադրությամբ են Հայաստան եկել, քանի օր են մնալու և այլն:

Գործատուների միության նախագահը, սակայն, կարևոր է համարում, որ նորմատիվային կանոնակարգումները  չխանգարեն էկոնոմիկային: «Որովհետև եթե կա աշխատուժի դեֆիցիտ, մենք չպետք է անպայման ճանապարհը փակենք՝ ինչ է, որ մերոնք աշխատեն, որովհետև մերոնք էլ կարող է ուղղակի չուզենան աշխատել  կամ ավելի երես առնեն, որ՝ քանի որ այսպես է, ուրեմն իրենք իրենց պահանջները պիտի թելադրեն: Այսինքն՝  էկոնոմիկան պետք է լինի պատրաստ նման գին վճարելուն, ու եթե էժան աշխատուժը կա ու բավարարում է գործատուին, այդ հնարավորությունը պետք է ընձեռենք»,- ընդգծեց նա:   

Հնդիկների համար Հայաստանը հարմար վայր է աշխատանք գտնելու համար, որովհետև նրանց երկրում, հատկապես՝ գյուղերում, ստանում են ամսական 20-30 դոլար աշխատավարձ, այն էլ՝ եթե այդ աշխատանքը կա: Հայաստանում հնարավորություն ունեն 15 անգամ ավելին վաստակելու:

Նրանք հաճախ խմբերով են ապրում, որպեսզի էժան լինի և աշխատում են այն ոլորտներում, որտեղ հայերը նախընտրում են չաշխատել՝ սևագործ բանվորներ, ավտոմեքենա լվացողներ, բեռնակիրներ և այլն:

Հնդիկների մեծ մասը նաև, աշխատելուն զուգահեռ, սովորում է բուհում:  

Այս հարցը, սակայն, այլ կողմ էլ ունի, որի մասին քիչ է խոսվում. հնդիկների մի մասը Հայաստանն ընդունում է որպես ցատկահարթակ՝ եվրոպական երկրներ տեղափոխվելու համար:

Հայաստանում կա կատարյալ հնարավորություն՝ 15 րոպեում «Մեկ պատուհան»-ի սկզբունքով ընկերություն անվճար գրանցել պետռեգիստրում, ստանալ վկայական, հարկային կոդ և միանգամից ձեռնարկատիրական գործունեություն սկսել:

«Իրենք դա անում են, իրենց համար կենսագրություն են ստեղծում, դառնում են ձեռնարկատեր, գրանցվում են մի քանի ընկերներով, փոքր գումարներով բիզնես են հիմնադրում,  հետո դիմում են՝ վիզաներ են ստանում, գնում եվրոպական երկրներ: Եթե իրենք ուղիղ ձևով եվրոպական երկիր թափանցել չեն կարող, որովհետև բիզնեսի այդ պատմությունը չունեն, եկամուտ չունեն, ոչինչ չունեն, իսկ վիզաներ ստանալու համար այդպիսի  պահանջներ կան, իրենք այդ պակասը լրացնում են Հայաստանում, հետո հեռանում են»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Սա նշանակում է՝ եթե անգամ Հայաստան եկող հնդիկների թվաքանակն աճի, դա դեռ չի  նշանակում, որ նույն մարդիկ են. 15 000-ն էլ Հայաստանում մշտապես չեն մնում: Գագիկ Մակարյանի խոսքով՝ մեր երկրում մնացող հնդիկների թիվը, որպես կանոն, մի քանի հազար է:  

Առավել մանրամասն՝ տեսանյութում: