կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-16 14:40
Հասարակություն

Կառավարությունը հաստատեց երթևեկության կանոնակարգման բալային համակարգի նախագիծը

Կառավարությունը հաստատեց երթևեկության կանոնակարգման բալային համակարգի նախագիծը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ հարցերին, որով հստակեցվում են ճանապարհային խախտումների արդյունքում բալային միավորների հանման մեխանիզմները: Հարցը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել: Մասնավորապես` 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի քան 50%-ով, 10-ը` 50%-ով, ևս 9-ը` 50%-ից նվազ չափով: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Եթե իրավախախտման համար հանվող միավորները գերազանցեն անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվելու են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից»,- ասաց Քոչարյանը:

Հարցի քվեարկության ընթացքում դեմ քվեարկեց միայն ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` նշելով, որ այդպես է որոշել քվեարկել հարցի քննարկման ընթացքում:

Տուգանային միավորի ձևով վարչական տույժ նշանակելու յուրաքանչյուր դեպքում խախտողն իրազեկվելու է իրեն տրված տուգանային միավորների մնացորդի մասին, որի չափը պարտադիր նշվելու է որոշման մեջ: Տվյալ տարում տուգանային միավորների կիրառման արդյունքում 3 և պակաս միավորների մնացորդ ունեցող վարորդներին տրվելու է տեսական քննություն հանձնելու միջոցով 2 միավորը վերականգնելու հնարավորություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում է պատասխանատվություն ճանապարհային երթևեկության այն կանոնների խախտումներ պարբերաբար կատարելու համար, որոնց համար նախատեսված է վարչական տույժ-տուգանային միավորի ձևով: Ճանապարհային երթևեկության կանոնների պարբերաբար խախտում համարվելու է 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ-տուգանային միավորի ձևով` առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով` 6 ամիս ժամկետով: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելը առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով: