Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվեց Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանություն բացելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը և նշեց, որ դեսպանատան բացումը կնպաստի փոխգործակցության խորացմանը և հարաբերությունների բնականոն զարգացմանը:
«Իսրայելում դեսպանություն բացելը պայմանավորված է նաև նրանով, որ Իսրայելը համարվում է տարածաշրջանում կարևոր աշխարհաքաղաքական դերակատար, որն ազդում է տարածաշրջանային կայունության և վերաձևավորման վրա: Դեսպանություն հիմնելը միտված է նաև պետական մակարդակով բազմադարյան հայկական ներկայության, հարուստ պատմամշակութային ժառանգության, Հայ առաքելական եկեղեցու՝ սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը»,- ասաց նախարարը:
Պատասխանելով կառավարության անդամների այն հարցին, թե արդյո՞ք Իսրայելը Հայաստանում չի հիմնելու դեսպանություն, նա նշեց, որ նման պայմանավորվածություն դեռևս չի քննարկվել:
Քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս ամենը ենթադրում է Մերձավոր Արևելքում ՀՀ արտաքին քաղաքականության որոշակի փոփոխություն: Ըստ նրա՝ դա մի քանի գործոններով է պայմանավորված: Նախ՝ սա կարող է ազդանշան լինել ՀՀ-ի կողմից այն բանի պատճառով, որ Պաղեստինը Արցախյան հակամարտությունում շատ խնդրահարույց քաղաքականություն է վարել՝ սկսած 2010-2011 թվականներից: Մյուս կողմից՝ այս ամենը կարող է հետապնդել Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի նպատակ: Իսրայելում ՀՀ դեսպանություն ունենալը մի շարք առումներով կարևոր է: Նախ՝ մենք այնտեղ ունենք բավական կայացած և հսկայական պատմություն ունեցող հայ համայնք, Հայ առաքելական եկեղեցին այնտեղ ունի մեծ հարստություն, կալվածքներ, սրբատեղիներ և պատրիարքություն: Բացի այդ՝ մենք գործ ունենք մի պետության հետ, որը մեր թշնամուն վաճառում է մի քանի միլիարդ դոլարների զենք: Հնարավոր է նաև, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը Թել Ավիվը դիտի որպես տրանզիտ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում և ԱՄՆ-ի հետ մի շարք կարևոր հարցեր լուծի Թել Ավիվից»,- նշեց քաղաքագետը:
Ըստ Գևորգ Ղուկասյանի՝ դեսպանատան բացումը շատ կարևոր փաստ է: «Պետք է հասկանալ, թե մենք ինչ ակնկալիքներ ունենք դեսպանատան բացումից և դրա միջոցով պետք է կարողանանք ազդել իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների վրա: Պետք է հուսալ, որ մեր դիվանագիտությունը լավ կաշխատի: ԱՄՆ վերնախավում գործում է «Մեր բարեկամի բարեկամը մեր բարեկամն է» մոտեցումը, և հնարավոր է փորձ արվի հայ-ամերիկյան հարաբերություններում առկա բացերը լուծել՝ Թել Ավիվը որպես տրանզիտ գոտի դիտարկելով: Դեսպանատունը, իհարկե, կբացվի Թել Ավիվում, քանի որ Հայաստանը հայտնել է իր դիրքորոշումը՝ Երուսաղեմի հետ կապված»,- ասաց նա:
Քաղաքագետը նաև կարևորեց Իսրայելում հայ պատրիարքարանի դերը: «Եկեղեցական հաստատությունները հանրային դիվանագիտության որոշակի սուբյեկտ են, և այս համատեքստում հանրային դիվանագիտությունը պետական դիվանագիտությանը կարող է ծառայել: Կարծում եմ՝ պատրիարքարանը կարող է բավականաչափ աշխատանքներ տանել»,- նշեց նա:
Երուսաղեմում ունենալով հայ համայնքի բազմադարյա ներկայություն՝ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ուշադրության տակ է պահել Սուրբ քաղաքում կատարվող իրադարձությունները: 2017 թ. դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք, ինչն առաջացրեց միջազգային հանրության վրդովմունքը: 2017 թ. դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում բանաձև ընդունվեց, որով կոչ արվեց ԱՄՆ-ին՝ հետ կանգնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից: Բանաձևին կողմ էր քվեարկել 128 երկիր, որոնց թվում էր նաև Հայաստանը: Եվ հենց սա կարելի է համարել այն կարևոր հանգամանքը, որ ՀՀ-ն իր դեսպանությունը բացում է ոչ թե Երուսաղեմում, այլ Թել Ավիվում:
Yerkir.am-ը իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանից հետաքրքվեց՝ արդյո՞ք Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանատան բացումը կարող է ազդել հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով Իրանի և Իսրայելի՝ հակառակ բևեռներում գտնվելու հանգամանքը: «Բնական է, որ Իրանը մերձավորարևելյան տարածաշրջանում ունի մի շարք հակառակորդներ, և դրանցից առաջինների թվում է Իսրայելի Պետությունը, և չեմ կարծում, որ իրանցիները խանդավառությամբ կընդունեն այս փաստը: Մյուս կողմից՝ ՀՀ-ն ունի սեփական շահերը և առաջնորդվում է հենց դրանցով: Ակնհայտ է, որ այդ շահերը հիմնականում համընկնում են Իրանի ազգային և պետական շահերի հետ, հետևաբար, մենք Իրանի հետ մեր գործակցությունը պետք է ընդլայնենք հնարավոր բոլոր ոլորտներում: Համենայն դեպս, իրանական կողմի արձագանքը չեմ կարծում, որ դրական կլինի: Պետք է նշել, որ Հայաստանում կան իրանամետ տրամադրություններ, այսինքն՝ հասարակության զգալի մասը Իրանի հանդեպ ունի համակրանք և Իրանին համարում է բարեկամ պետություն, իսկ իրանցիները Հայաստանում զգում են այդ վերաբերմունքը, հետևաբար, պետք չէ կարծել, որ ինչ-որ արտառոց բան է տեղի ունեցել: Այնուհանդերձ, իրանցիները բնավ չէին ցանկանա Հայաստանում տեսնել իսրայելամետ տրամադրություններ»,- ասաց իրանագետը:
Վարդան Ոսկանյանը նշեց նաև, որ Իրանը Ադրբեջանի հետ գործակցում է «մահակի և քաղցրաբլիթի» սկզբունքով, և այստեղ որևէ լուրջ փոփոխություն տեղի ունենալ չի կարող, որովհետև այդ քաղաքականությունը միտված է Ադրբեջանի հավակնությունները զսպելուն՝ կապված Իրանի հյուսիսարևմտյան շրջանների հետ: Բացի այդ՝ Իսրայելը Ադրբեջանում ունի հսկայական ներկայություն: «Այս իմաստով՝ Հայաստանի հետ համեմատություններն անտեղի են, և չեմ կարծում, որ Հայաստանը կարող է դառնալ և ցանկություն ունի դառնալու հակաիրանական գործողությունների տիրույթ, և այս մասին քանիցս հայտարարվել է ամենաբարձր մակարդակով»,- նշեց նա:
ՀՀ դեսպանություն ստեղծելու ժամկետ է սահմանվել 2019 թ. վերջը-2020 թ. սկիզբը: Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992 թ. ապրիլին, սակայն ՀՀ դեսպանների նստավայրերը մշտապես եղել են Իսրայելի տարածքից դուրս: