կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-11 15:00
Սփյուռք

Բոլթոնի հեռացումը. Պէտք է արդեօք նոր շրջադարձ ակնկալել Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում

Բոլթոնի հեռացումը. Պէտք է արդեօք նոր շրջադարձ ակնկալել Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտօնից ազատեց ազգային անվտանգութեան հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին:

Որոշումը պայմանաւորւած էր այն հանգամանքով, որ նախագահ Թրամփը եւ կառավարութեան անդամներն արտաքին քաղաքականութեանը վերաբերող մի շարք առանցքային հարցերում լուրջ տարաձայնութիւններ ունէին Ջոն Բոլթոնի հետ: Այդ տարաձայնութիւններն ակնյայտ էին այնպիսի թեմաներում, ինչպիսիք են Իրանը, աֆղանական «Թալիբան»-ի հետ խաղաղութեան բանակցութիւնները, Հիւսիսային Կորէայի եւ Վենեզուէլայի իշխանութիւնների հետ բանակցութիւնները:

Յիշեցնենք, որ Բոլթոնն ԱՄՆ վարչակազմի արմատական ներկայացուցիչներից էր, որը վերոնշեալ բոլոր հարցերում, յատկապէս՝ Իրանի հարցում աչքի էր ընկնում իր կարծր քաղաքականութեամբ:

Ջոն Բոլթոնի հեռացումը կարեւորւում է յատկապէս Իրան-ԱՄՆ լարւածութեան ֆոնին, որը որոշիչ ազդեցութիւն ունի Մերձաւոր Արեւելքի քաղաքական իրադարձութիւններում եւ անվտանգային մթնոլորտի ձեւաւորման հարցում:

Բոլթոնի հեռացումը ծանրագոյն հարւած է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հանրահռչակ #B_Team-ի (Բոլթոն, Նեթանեահու, Բին Սալման, Բին Զայեդ) համար, որի առանցքը ոգին ու շաղախը համարւում էր հէնց Բոլթոնը:

Նրա հեռացման արդիւնքում կարող է ամբողջովին կազմաքանդւել #B_Team-ը, որի պատերն արդէն որոշակի ճաքեր են տւել Եմէնի հարցով Սաուդական Արաբիայի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների միջեւ ի յայտ եկած հակասութեան արդիւնքում:

Բոլթոնի հեռացումը բացասականօրէն է ազդել նաեւ Իսրաէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուի՝ Սպիտակ տանը հակաիրանական լոբբիստական գործողութիւններ իրականացնելու հնարաւորութեան վրայ:

Թէեւ ԱՄՆ գործող վարչակազմի բոլոր ներկայացուցիչներն, այդ թւում՝ նախագահ Թրամփը աչքի են ընկնում իրենց ընդգծւած պրոիսրաէլական դիրքորոշումներով, այդուհանդերձ գաղնիք չէ, որ Սպիտակ տանը Նեթանեահուի մերձաւորագոյն դաշնակիցը համարւում էր հէնց Բոլթոնը, որը կիսում եւ պաշտպանում էր Իրանի վերաբերեալ Իսրայէլի վարչապետի բոլոր տեսակէտները եւ առաջարկները:

Յիշեցման կարգով. Նեթանեահուն միջազգային ասպարէզում համարւում է Իրանի նկատմամբ առաւելագոյն ճնշման, իսկ անհրաժեշտութեան դէպքում՝ նաեւ ռազմական գործողութեան գաղափարի ամենաակտիւ տիրաժաւորողը, իսկ Սպիտակ տանն այս գաղափարի հիմնական կրողն ու պաշտպանը համարւում էր Բոլթոնը:

Ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ Նախագահի խորհրդականի պաշտօնից Ջոն Բոլթոնի հեռացումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի Իրանի նկատմամբ առաւելագոյն ճնշման մարտավարութիւնը սպառել է իր բոլոր հնարաւորութիւնները, եւ որ Վաշինգտոնը որոշել է որոշակի սրբագրումներ մտցնել Իրանի վերաբերեալ իր մարտավարութիւնում:

Եւ հէնց սա էլ կողմերի միջեւ առկայ խնդիրները բանակցութիւնների միջոցով մասնակիօրէն լուծելու հնարաւորութեան մասին, որոշակի լաւատեսութեան առիթ է տալիս:

Լաւատեսութիւն, որին պէտք է վերաբերւել խիստ զգուշաւորութեամբ եւ որոշակի վերապահումով:

Չմոռանանք, որ արձագանքելով Բոլթոնի հեռացման փաստին, պաշտօնական Թեհրանը շտապել է յայտարարել, որ դա չի կարող նպաստել կողմերի միջեւ հնարաւոր բանակցութեան կայացմանը, քանի դեռ ԱՄՆ-ը չի հրաժարւել Իրանի նկատմամբ առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնից:

Բացի դա Իրանն արդէն յայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ կը բանակցի միայն «5+1» ձեւաչափով եւ բացառապէս Միջուկային գործարքի թեմայով, մինչդեռ Սպիտակ տանն ակնկալում են նախագահներ Ռոհանիի  եւ Թրամփի դէմ առ դէմ հանդիպումը, որի ընթացքում Միջուկային համաձայնագրից բացի, կը քննարկւեն նաեւ Իրանի հրթիռային ծրագիրն ու տարծաշրջանային ազդեցութեան հարցերը: Հարցեր, որոնք կարմիր գիծ են համարւում Թեհրանի համար:

Այնպէս, որ թէեւ որոշակի լաւատեսութեան առիթ, այնուամենայնիւ կայ, այդուհանդերձ, դեռեւս վաղ է ոգեւորւել Իրան-ԱՄՆ բանակցութիւնների, եւ դրանց արդիւնքում առկայ խնդիրների կարգաւորման հեռանկարով: 

Յ.Գ. Ջոն Բոլթոնի հեռացումը բխում է ռազմավարականի ձգտող հայ-իրանական յարաբերութիւնների անմիջական շահերից:

Երեւանեան այցի ընթացքում, Ջոն Բոլթոնը ՀՀ իշխանութիւնների առջեւ յստակ պահանջ էր դրել միանալու ԱՄՆ հակաիրանական տարածաշրջանային նախագծերին, որը կարող էր աղէտալի հետեւանքներ ունենալ Հայաստանի անվտանգային մթնոլորտի համար:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Alikonline-ի պատասխանատու-խմբագիր