Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի համար տարօրինակ է, որ կառավարության ծրագրում առանձնացվում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կամ հատուկ շեշտադրվում:
«Հատուկ նշված է` «շարունակվելու է երկխոսությունը տարածաշրջանում կայունության պահպանման ուղղությամբ»: Անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է միայն ԱՄՆ-ի հետ Հայաստանը բանակցի կամ քննարկումներ անցկացնի տարածաշրջանում կայունության պահպանման գծով, հատկապես` որ ԱՄՆ-ը տարածաշրջանում չէ: Տարածաշրջանի ուժերի հետ դա պետք է արվի, ավելի ազդեցիկ ներկայություն ունեցող այլ պետությունների հետ նման երկխոսություն պիտի լինի: Կա ընդհանուր մի ակնարկ, որ խաղաղության պահպանման գծով Հայաստանը պիտի աշխատի, բայց եթե ուզում են ամրագրել նաև տարածաշրջանի կայունության պահպանման խնդիրը, կրկնում եմ՝ դա չի կարող լինել միայն ԱՄՆ-ի հետ»,- ընդգծեց Կիրո Մանոյանը:
Նա նշեց, որ իր համար հասկանալի է այս հատուկ շեշտադրման պատճառը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եկել էր Հայաստան, ներկայացրել իրենց որոշ մտահոգությունները, որ ԱՄՆ-ը խանդավառված չէ Իրանի, Սիրիայի և ՌԴ-ի հետ կապված` Հայաստանի դիրքորոշմամբ:
«Մեր համապատասխան գերատեսչությունները, ԱՄՆ-ում հայկական համայնքը, Հայ դատի հանձնախումբը աշխատանք տանում են՝ բացատրելու ԱՄՆ իշխանություններին, որ Սիրիա հայկական խումբ ուղարկելն ուղղված չէ նրանց դեմ: Մյուս կողմից` ԱՄՆ-ի պահվածքը ոչ այնքան ուղղված է Հայաստանի դեմ, որքան ՌԴ-ի և Սիրիայի նախագահի, բայց այդ ծիրին մեջ ուզում են Հայաստանին դաս տալ: Հայաստանն անկախ պետություն է, և ինքը պիտի որոշի, թե ում հետ ինչ հարաբերություն ունենա: Այդ իսկ պատճառով անհասկանալի է ԱՄՆ-ի դիրքորոշման վերջին դրսևորումը՝ կապված Սիրիա հայկական հումանիտար խումբ ուղարկելու հետ»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամը՝ հավելելով, որ արևմտյան երկրները չեն կիսում ԱՄՆ-ի մտահոգությունը, ավելին` նրանցից շատերը դժգոհ են, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Սիրիայից:
Ըստ դաշնակցական գործչի՝ ԱՄՆ նախկին իշխանությունները ըմբռնմամբ են մոտեցել Հայաստանի դիրքորոշումներին՝ հաշվի առնելով, թե ինչ հարևաններով է շրջապատված:
Հարցին՝ գոյություն ունի՞ Արցախի հարցում «Բոլթոնի պլան» ասվածը, Կիրո Մանոյանը պատասխանեց, որ չհամաձայնեց այդ եզրույթին: «Այն, որ տարածաշրջանի համար ծրագիր ունի, կարծում եմ, որ գաղտնիք չէ, բայց որ դա է հիմնական մղիչը կամ խթանը ղարաբաղյան բանակցություններում, այդպես չէ: Ի վերջո, Բոլթոնը խոսում է իրանական և ռուսական ազդեցությունը նվազեցնելուց, իսկ ՌԴ-ն ուղղակի մասնակիցն է այդ բանակցությունների և դժվար թե համաձայնի մի տարբերակի, որի նպատակն իր ազդեցության նվազումն է: Սա չի նշանակում, որ ՌԴ-ն, իր հաշվարկներից ելնելով, Ադրբեջանին սիրաշահելու քայլեր չի ձեռնարկի, բայց մենք, բնավ, այնտեղ չենք: Այսինքն՝ չկա նման հարց, և այն, որ ՌԴ-ն մի քանի առիթներով հայտարարել է, որ Հայաստանն ամենավստահելի գործընկերն է տարածաշրջանում, ինչ-որ բան ասում է: Կարծում եմ՝ ՌԴ-ի տեսանկյունից Արցախի հարցի արագ կարգավորումը նպաստավոր չէ, ուստի պիտի փորձի մի կողմին սիրաշահել, տարբեր բաներ առաջարկել, որպեսզի տարածաշրջանում պահպանվի այնպիսի վիճակ, որ ինքը շարունակի ունենալ իր ազդեցությունը և' Հայաստանի, և' Ադրբեջանի վրա: Այնպես որ, վերադառնալով նախկին մտքին, ճիշտ է կոչել «Բոլթոնի ծրագիր», քան «Բոլթոնի պլան», ինչը վստահ չեմ, որ ամերիկյան ծրագիր է, յուրացված է Ամերիկա պետության կողմից, քանի որ հակասություններ ենք տեսնում այլ հարցերում, երբ Բոլթոնը կարող է մի բան ասել, պետքարտուղարը՝ այլ, նախագահն էլ` լրիվ այլ բան: Դրա համար պարզ չէ՝ այդ ծրագիրը, որ կա Բոլթոնի գլխում, ամերիկյա՞ն է, թե՞ պարզապես Բոլթոնի ծրագիրն է»,- կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ դաշնակցական գործիչը նշեց՝ ճիշտ կլինի, որ ԱՄՆ-ը ճանաչի այն: «Բայց դա միակ հարցը չէ, որը շահագրգռում է Հայաստանին, մնացած հարցերը ևս հետաքրքրում են մեզ՝ Սիրիա առաքելության հետ կապված, Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններ: Այստեղ ԱՄՆ-ը պետք է ունենա ճիշտ կեցվածք, այլ կերպ՝ չճնշի Հայաստանին: Այս ամենը մեկ ամբողջության մեջ տեսնելով` միշտ էլ ակնկալում ենք, որ ԱՄՆ-ը կճանաչի Ցեղասպանությունը՝ չտարվելով Թուրքիային բավարարելու մտահոգություններով»,- շեշտեց Մանոյանը՝ նշելով, որ ԱՄՆ-ը չպետք է, սակայն, Հայոց ցեղասպանության ճանաչումը կապի Թուրքիայի հետ հարաբերությունների լավ կամ վատ լինելու հանգամանքով՝ ըստ պահի թելադրանքի, այսինքն՝ և' ԱՄՆ-ի, և' այլ պետությունների դեպքում քաղաքական դիրքորոշում պիտի փոխվի այս հարցի առնչությամբ: