Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահի պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի ամիս անց Դոնալդ Թրամփի` Ավստրալիայի և Մեքսիկայի նախագահների հետ հեռախոսազրույցների սղագրությունները հայտնվեցին մամուլում և հարվածեցին օտարերկրյա ղեկավարների վստահությանը Վաշինգտոնի հետ խոսակցություններում. ըստ yerkir.am-ի` գրում է ամերիկյան Washington Examiner պահպանողական պարբերականը և հավելում, որ, որպես հետևանք, գաղտնազերծված խոսակցությունները խանգարում են վարչակազմերին դիվանագիտական գործունեություն իրականացնելիս:
2018-ին The New York Times թերթը հրապարակեց անանուն մի պաշտոնյայի հոդված, որում նա պնդում էր, թե ինքը Թրամփի վարչակազմում «դիմադրության» մաս է, և հպարտությամբ հայտարարում էր, որ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ քրտնաջան աշխատում են, որ խափանեն Թրամփի ծրագրերն ու ջրի երես դուրս բերեն նրա վատագույն հակումները:
Washington Examiner-ը դա վրդովեցուցիչ է համարում, որովհետև անկախ այն բանից, թե կառավարական պաշտոնյաները նախագահի գործողություններն իմաստուն համարո՞ւմ են, թե՞ ոչ, նա ընտրված է, իսկ իրենք` ոչ: «Սահմանադրության II հոդվածը նախագահին օժտում է գործադիր իշխանությամբ: Եթե բյուրոկրատները վերցնում են իշխանությունը` նախագահի կողմից չպատվիրակվելով, նրանք ուզուրպացնում են այն, յուրացնում այն, ինչը, ըստ Սահմանադրության, պատկանում է նախագահին: ԱՄՆ-ը չի կարողանա հավուր պատշաճի գործել, եթե բյուրոկրատներն են որոշելու` ինչ պետք է անի և ինչ չպետք է անի երկրի ընտրյալ ղեկավարությունը»,- գրում է թերթը, ապա հիշեցնում, որ Թրամփի` անվտանգության հարցերով նախկին խորհրդարան Ջոն Բոլթոնը գիրք է հրատարակել, որում վերապատմում է Թրամփի` իր հետ մասնավոր, նաև աշխարհի առաջնորդների հետ զրույցները:
«Բոլթոնի գրածների մեծ մասը, հավանորեն, ճշմարտություն է: Դիմանկարը, որ նա նկարում է, չափազանց անկայուն մարդու է, որից կախված է որոշումների ընդունումը, և որին չեն հետաքրքրում քաղաքականության մանրամասները, նա նախևառաջ առաջնորդվում է սեփական շահերով: Ինչը, ըստ էության, հայտնություն չէ: Սակայն այդ գիրքը չարագուշակ նախադեպ է ստեղծում:
Պաշտոնյաները, որոնք այս կամ ապագա նախագահների մերձակա շրջապատից են, պաշտոնները լքելով, չպիտի արագորեն անկեղծ հիշողություններ հրապարակեն: Նախագահները պետք է մտերիմ խորհրդականների հետ զրույցներ վարելու իրավունք ունենան, որոնք, ենթադրաբար, գաղտնի բնույթ ունեն: Ճիշտ նույն կերպ` պաշտոնյաների համար հարիր չէ պաշտոնից հեռանալուց անմիջապես հետո լոբբինգով զբաղվել` առևտուր անելով պետական ծառայությամբ, նաև նույնքան անպարկեշտ է այն, որ Բոլթոնը բացահայտում է Թրամփի հետ զրույցների մանրամասները, որոնց մասին միայն ինքն է տեղյակ եղել, որովհետև իրեն վստահել են»,- նշում է թերթը:
ABC հեռուստաալիքի եթերում գովազդելով իր գիրքը` Բոլթոնը պատմել է, որ Սպիտակ տանը Թրամփից հետո ամենաազդեցիկ մարդը նրա փեսան է` Ջարեդ Քուշները, որն առաջատար դեր է խաղացել այնպիսի հարցերում, ինչպիսին են իմիգրացիան, խաղաղությունը Մերձավոր Արևելքում, Չինաստանը և պատասխանը կորոնավիրուսի մարտահրավերին: «Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է այդպես»,- հարցնում է թերթը և պատասխանում, որ, հավանորեն, այն պատճառով, որ չար մտադրություններով շատ պաշտոնյաներ կան, և Թրամփը վստահում է միայն իր մերձակա շրջապատին:
«Նախագահները խորհրդականների հետ գաղտնի զրույցներ ունենալու իրավունք ունեն: Եթե Բոլթոնը լավ եկամուտ ստանա իր գրքից, դա ապագա պաշտոնյաներին կմղի հետևել նրա օրինակին և հարստանալ պետական ծառայության հաշվին: Դա սահմանափակում է նախագահների փնտրելիք կարծիքների ընդգրկույթը: Իսկ դա երկիր ղեկավարելու լավագույն միջոց չէ»,- գրում է Washington Examiner-ը: