Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտնեց, որ պաշտոնից հեռացրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: «Ես և վարչակազմի այլ անդամներ կտրականապես համաձայն չէինք նրա մի շարք առաջարկների հետ, և խնդրել եմ Ջոնին՝ հրաժարական տալ, ինչն էլ նա արեց այսօր առավոտյան»,- գրել էր Թրամփը:
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ, որպես հրաժարականի պատճառ, նշում են, որ Բոլթոնը ձախողվել է այնպիսի գլխավոր ուղղություններում, ինչպիսիք են Իրանը, Վենեսուելան, ԿԺԴՀ-ն, Աֆղանստանը: The Guardian-ը գրում է, որ Բոլթոնի հեռացումը վաղուց էր հասունացել, իսկ New York Times-ը, որպես հիմնական պատճառ, նշում է, որ Բոլթոնը G7-ի գագաթնաժողովից հետո՝ օգոստոսի 25-ին, հրաժարվել էր ելույթ ունենալ հեռուստատեսային թոք շոուում, որտեղ պետք է պաշտպաներ նախագահ Թրամփի տեսակետները Ռուսաստանի վերաբերյալ:
Ո՞րն էր Բոլթոնի հեռացման պատճառը: Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Բոլթոնի հեռացումը հայ-իրանական հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա ՀՀ իշխանությունների առջև պահանջներ էր դրել՝ կապված հայ-իրանական հարաբերությունների հետ: Անդրադառնալով այս հարցերին՝ Alikonline կայքի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում փաստեց, որ միանշանակ դրականորեն կարող է ազդել:
«Արդեն հարցի մեջ պատասխանը որոշ չափով թաքնված է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրան-Հայաստան հարաբերությունները ձգտում են ռազմավարական մակարդակի, նաև այն, որ Բոլթոնն իր երևանյան այցի ընթացքում հստակ խնդիր էր դրել ՀՀ իշխանությունների առջև, որ պետք է նվազագույնի հասցնեն Իրանի հետ հարաբերությունները, հատկապես՝ սահմանային առևտուրը, և փորձում էր Հայաստանին ներգրավել ԱՄՆ-ի՝ տարածաշրջանային հակաիրանական նախագծերում: Այս հեռացումը ինչ-որ տեղ փրկօղակ է հայ-իրանական հարաբերությունների համար: Չմոռանանք, թե Իրանի հետ հարաբերությունները ինչպիսի մեծ նշանակություն ունեն Հայաստանի անվտանգության մթնոլորտի ձևավորման համար, Իրանն ինչ նշանակություն ունի արտաքին աշխարհի հետ Հայաստանի կապի հաստատման, ինչպես նաև Ադրբեջանին և Թուրքիային տարածաշրջանում հակակշռելու առումներով: Իսկ եթե Հայաստանը, այնուամենայնիվ, ստիպված լիներ տեղի տալ ԱՄՆ-ի, ավելի կոնկրետ՝ Բոլթոնի պահանջին, ապա դա իրապես կարող էր աղետ լինել Հայաստանի անվտանգության և անվտանգային մթնոլորտի համար»,- ասաց Արամ Շահնազարյանը:
Մեր հարցին՝ ազդե՞լ է, արդյոք, Իրանի վարած ակտիվ և կառուցողական դիվանագիտությունը Բոլթոնի ձախողման վրա, նա տվեց դրական պատասխան՝ հիշեցնելով, որ Բոլթոնի հակաիրանական մարտավարությունը կառուցված էր երկու հիմնական սկզբունքի վրա: Նախ՝ հնարավորինս մեկուսացնել Իրանին աշխարհում, երկրորդ՝ Իրանին սադրել, որ դիմի ծայրահեղ քայլերի: «Սա նախապայման էր սցենարի հաջորդ փուլի համար, այսինքն՝ Իրանի հետ մտնել ռազմական հակամարտության մեջ: Իրանին հաջողվեց չեզոքացնել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Անցած 1-1.5 տարիների ընթացքում Իրանը խուսափեց ծայրահեղ քայլերից: Նշեմ, որ միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների կրճատմանն ուղղված 3 քայլերը, որ կատարել է մինչ օրս, տեղավորվում էին նույն համաձայնության շրջանակում: Այսինքն՝ չէր կարելի, դրանց վրա հենվելով, Իրանի դեմ գործողություններ իրականացնել: Պետք է նաև ընդգծել, որ Իրանի տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած ոտնձգության, օրինակ՝ անօդաչու թռչող սարքի ներթափանցումը Իրանի տարածք, Իրանը շատ հստակ պատասխան տվեց: Իսկ Իրանին միջազգային ասպարեզում չեզոքացնելուն ուղղված՝ Բոլթոնի քայլերին ի պատասխան, Իրանը դիվանագիտական ակտիվ շփումներ նախաձեռնեց թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային մակարդակով»,- նշեց Արամ Շահնազարյանը:
Նա նաև հավելեց, որ, այդուհանդերձ, Բոլթոնի հեռացումից Իրան-ԱՄՆ հարաբերություններում կտրուկ շրջադարձեր կամ հրաշքներ ակնկալելը մի քիչ չափազանցված լավատեսություն է, քանի որ երկու կողմն էլ դեռևս շատ հեռու են բանակցությունների սեղանի շուրջը նստելու փուլից: «Կարելի է նշել, որ Իրանի վարած խելամիտ և ակտիվ դիվանագիտությունը որոշակիորեն դեր խաղաց ԱՄՆ-ի և հատկապես՝ Ջոն Բոլթոնի որդեգրած հակաիրանական քաղաքականության ձախողման գործում: Իհարկե, հնարավոր է Բոլթոնի հեռացումից հետո կողմերի դիրքերի մերձեցումը, բայց պետք է ոչ չափազանց լավատես լինել, ոչ էլ՝ չափազանց հոռետես, այլ պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը»,- նշեց Արամ Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին նախատեսվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան, որը, Իրանի հաջող դիվանագիտության ֆոնին, կարող է լավ ազդակ լինել հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար:
Արգամ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ