կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-10 16:40
Քաղաքական

Քաղցրի-մեղցրի խնդրի չկա, ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերային հարաբերություն է. Սոս Ավետիսյան

Քաղցրի-մեղցրի խնդրի չկա, ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերային հարաբերություն է. Սոս Ավետիսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը համաձայն չէ քաղաքագետների այն տեսակետին, թե իշխանությունների արտաքին քաղաքականության վեկտորը Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով ոչ միայն չի փոխվել, դեռ մի բան էլ ավելի ընդգծված, քաղցր-մեղցր է դարձել:

Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ, նախ, պետք է ֆիքսել, թե ովքե՞ր են նման տեսակետ հայտնողները, ի՞նչ կապեր ունեն,  ի՞նչ տրամաբանությունից ելնելով են նման վերլուծություններ անում: Հայաստանում, ըստ նրա, անկախ քաղաքագիտական համայնքը բավական չկայացած է:

Վստահեցրեց՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում քաղցր-մեղցրի խնդրի չկա, ռազմավարական գործընկերային հարաբերություն է:

«Ինձ համար ամենակարևորն այս պահին վարորդական իրավունքի խնդիրն է, որ չի տեղավորվում միասնական շուկայի տրամաբանության մեջ, որովհետև եթե դու մտնում ես միասնական շուկա, պետք  է միասնական ծառայություններ մատուցես և այլն: Իսկ եթե երկրի նկատմամբ կա ինչ-որ խտրական վերաբերմունք, ապա դրա վրա պետք է աշխատել, հասկանալ՝ ինչո՞ւ է այդպես: Այդպիսի հարցերի  վրա պետք է ուշադրություն դարձնել, քան այդ «քաղցր-մեղցր» հարաբերություններ ասածի»,- ասաց Ավետիսյանը:

Հստակեցնող հարց ուղղեցինք՝ այսինքն՝ հաճո լինելու օրակարգ չե՞ք տեսնում, արձագանքեց՝ բնավ, նման օրակարգ չկա: «Եթե լիներ, դա կհակասեր մեր իսկ հայտարարած սկզբունքներին՝ ինքնիշխանության ու փոխօգնության: Խնդիրը ռազմավարական գործընկերությունը ռազմավարական պահելն է»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ Եվրոպայի հետ հարաբերությունները ո՞ր փուլում են, Սոս Ավետիսյանը պատասխանեց. «Եվրոպայի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, արդեն ավարտել ենք Սեպայի ճանապարհային քարտեզով նախատեսված աշխատանքները: Սեպայում կան նորմատիվ ակտեր, որ պետք է կիրառվեն (երկրի օրենսդրության մեջ դրանք տեղադրել), ու դա թույլ կտա ունենալ որակյալ տնտեսություն: Սեպան շատ լայն, շրջանակային համաձայնագիր է: Եվ ես այդ համաձայնութան մեջ եմ այս ամեն ինչը դիտարկում, որ կա ռազմավարություն, կան ընդհանուր հետաքրքրություններ ու դրա շուրջ տարվում են աշխատանքներ: Այն մտահոգությունները, թե չի վավերացվում անդամ պետությունների կողմից, իրականությանը մոտ չեն, որովհետև մենք տեսել ենք դինամիկան, այն շատ լավն է, ու շուրջ տասը երկիր է մնացել: Պետք է նաև այլ բան ֆիքսել, որ եվրոպական ընտրությունները նոր են տեղի ունեցել, խորհրդարաններ կան, որ չեն ձևավորվել: Այսպիսի ընթացիկ հարցեր կան, որոնցով պետք է զբաղվել: ԵՄ-ի հետ մեր համագործակցության մեջ առանցքային դեր ունի վիզաների ազատականացման պարտավորվածությունը, այն մեր ընտրական պարտավորվածությունն է, հետևաբար՝ մեր դրած ժամկետում պետք է կարողանանք այդ հարցը լուծել»: