կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-28 17:42
Հասարակություն

Եթե Սոս Սարգսյանը ողջ լիներ, դուք թատրոնը կփակեի՞ք, այո՞, թե՞ ոչ. Սոս Սարգսյանի այրի

Եթե Սոս Սարգսյանը ողջ լիներ, դուք թատրոնը կփակեի՞ք, այո՞, թե՞ ոչ. Սոս Սարգսյանի այրի

Այսօր Համազգային թատրոնի անձնակազմը, թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանի գլխավորությամբ, մամուլի ասուլիս էր հրավիրել` խոսելու թատրոնի առաջընթացի, անելիքների և վերելքի մասին: Քննարկվեց նաև մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի` աղմուկ հանած հայտարարությունը:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի անձնակազմը հայտարարություն էր տարածել մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հաղորդագրության վերաբերյալ:

Խոսելով այն մասին, թե ինչ է սպառնում թատրոնին և ինչ խնդրի առջև են կանգնած, Արման Նավասարդյանը նշեց. «Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հայտարարել է, թե իբրև մենք ուսանողական հենքի վրա ստեղծված թատրոն ենք և կուսակցական շեղումներ ունենք, մանավանդ, որ մեր գործունեությունը ծավալում ենք թատերական ինստիտուտի շենքում, այսինքն` գործառույթները նաև համապատասխանում են, ուստի առաջարկում են կա'մ լուծարվել, կա'մ միավորվել ինստիտուտի հետ`դառնալով կապող օղակ ուսանողների և պրոֆեսիոնալ թատրոնների միջև: Ստացվում է` Համազգային թատրոնը պրոֆեսիոնալ թատրոն չէ՞: Այստեղ աշխատում են դերասաններ, որոնք և' Հայաստանում, և' Հայաստանից դուրս պահանջված դերասաններ են: Այստեղ բեմադրվում են այնպիսի ներկայացումներ, որոնք տարին մեկ կամ երկու անգամ «Գրան պրի»-ներով են վերադառնում արտերկրից»:

Նա անդրադարձավ նաև ՊՈԱԿ-ների լուծարման մասին տեղեկանքը գաղտնի պահելուն: «Քիմիական նոր զե՞նք են սարքել, որ գաղտնի են պահել: Թափանցիկության խնդիր կա: Այսինքն` մենք իրավունք չունե՞նք իմանալու, թե ի՞նչ են մտածում մեր մասին: Փառք ու պատիվ նրան, ով տարածեց սա: Հիմա տեսե՛ք` կառավարության կողմից մեսիջ կա բոլոր նախարարություններին, որ ճանապարհներ գտնեն ավելորդ հաստիքների կրճատման համար: Սա նորմալ է, բայց օպտիմալացնում են այնտեղ, որտեղ ոչինչ չի արվում, անգործության են մատնված և գումար են մսխում: Իսկ օպտիմալացնել թռիչքի մեջ գտնվող, ապրող կառույց, նման է նրան, ոնց որ բժիշկը դիտավորյալ առողջ մարդու թոքը կտրի»,- նշեց Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարության առաջարկած ծրագիրը, որը կապված  է ՊՈԱԿ-ների լուծարման հետ, պահվում է գաղտնի:

Թատրոնի ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը  լրագրողներին տեղեկացրեց, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը մոտ օրերս իրենց  խորհրդարանում կհաստատի նոր օրենքը, ըստ որի`պետական թատրոնները գնումների համակարգից դուրս կբերվեն: «Այս օրենքը հենց իրենք էին ընդունել, բայց այժմ հանում են, քանի որ այն խանգարում է ստեղծագործական գործունեությանը: Նախագահի կողմից էլ մի ուրիշ առաջարկ է մտել պառլամենտ` թատրոններն ազատել շահութահարկից: Շահույթը պետությունը վերցնում է ինչի՞ համար, որպեսզի գումար տա թատրոնին, բժշկին: Պետությունից մեր ակնկալիքը օրենք հորինելն է` օրենք թատրոնի մասին, որի մեջ մտնի մեկենասության օրենքը»,- պարզաբանեց նա:

Ասուլիսին ներկա էր նաև Սոս Սարգսյանի կինը` Նելլի Սարգսյանը: Նա հուզված էր ու հազիվ էր կարողանում խոսել: «Սա անարգանք է Սոս Սարգսյանի հիշատակին: Սա նշանակում է, որ այն, ինչ արել է երկրին նվիրված այս մարդը վերջին 30 տարվա ընթացքում, ոչնչացվում ու ջնջվում է: Ես չեմ կարող մոռանալ. նրա շուրջը հավաքվում էին, երբ դերասանները Շենգավիթից և Նորքից ոտքով գալիս էին թատրոն`ներկայացման փորձերի, ցուրտ դահլիճում... Այն տարիներին, երբ երկիրը պատերազմում էր, նա դերասաններին անտառների միջով տարել էր դիրքեր, որ կռվող տղաները մշակութային արժեքներին առնչվեին ու հաճույք ստանան: Նազենի Ղարիբյանը պիտի իր ձեռքը հեռու պահի այս մշակույթից: Չի եղել ոչ մի փորձագիտական խումբ: Սրա մեջ միտում կա: Մարդը պիտի իմանա և' իրավունքները, և' պարտականությունները: Ես ուզում եմ նայել այն ղեկավարի աչքերին, որը պիտի փակի թատրոնը, և հարցնեմ` եթե Սոս Սարգսյանը ողջ լիներ, դուք այդ քայլը կանեի՞ք, այո՞, թե՞ ոչ»,- վրդովված ասաց Նելլի Սարգսյանը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն էլ հավաստիացրեց, որ թատրոնը միշտ ներկան է: «Գուցե նրանք տեղեկացված չեն մեր ներկայից: Այսօր մեր շենքը կառուցվում է, մենք այս տարի ունենք 7 պրեմիերա, ունենք ամենամսյա նոր ձևաչափ` ժամանակակից դրամատուրգիայի թատերայնացված ընթերցանություն, հյուրախաղեր և փառատոներ: Այսպիսի ակտիվ վերելքի շրջանում հանցանք է նման որոշում կայացնելը»,- նշեց նա:

Հավելենք նաև, որ թատրոնի անձնակազմը փորձագիտական խմբի անդամներին, մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի գլխավորությամբ, այսօր` երեկոյան ժամը 19.00-ին, հրավիրում է Համազգային թատրոն`դիտելու «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը:

Թատրոնի տնօրենը հայտնեց նաև, որ մշակույթի փոխնախարարին հրավիրել են ներկայացումներ դիտելու, բայց նա չի եկել: «Չեն եկել, հետաքրքիր չէ նրանց: Ավելի լավ է՝ չնայեն ու նման որոշումներ կայացնեն, քան գան նայեն, բա որ հավանե՞ն ներկայացումը, այդ դեպքում ի՞նչ որոշում են ընդունելու»,- նշեց Արման Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է լրագրողների այն հարցին, թե ի՞նչ է անելու թատրոնը վատագույն սցենարի դեպքում, դերասանները կոշտ արձագանքեցին. «Վատագույն դեպք չի լինելու: Սա ոտնձգություն է հանդիսատեսի դեմ: Թատրոնի դռները ժողովրդի առջև փակելը հակաժողովրդավարական քայլ է»: