Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամուլսարն անկախության շրջանի ամենամեծ ներդրումային նախագիծն է, որը գնահատվում է շուրջ 400 մլն դոլար, սակայն այս 400 մլն-ի մեջ ներառվում են նաև աշխատավարձի ծախսերը, ինչը դասական տնտեսագիտական առումով այդքան էլ ճիշտ չէ. լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ ընթացիկ ծախսերը հարկավոր է առանձնացնել, պետք է հասկանալ, թե այդ 400 մլն դոլարից ինչքանը ինչի վրա է ծախսվելու:
«Այս ծրագիրը հաստատվել է 2014-15 թթ., և 2016 թ. սկսվեց գործընթացը, որը պետք է ավարտվեր 2018 թ. սեպտեմբերին, և ծրագիրը պետք է գործեր: Այն նախատեսված է 10 տարի 4 ամիս շահագործման համար, և ըստ ներդրումային ծրագրի՝ Հայաստանից տարեկան պետք է արտահանվեր 260 մլն դոլարի ոսկի: Այդքանով կավելանար մեր արտահանում՝ մոտ 20 տոկոսով»,- ներկայացրեց տնտեսագետը:
Ըստ նրա՝ Ամուլսարի բնապահպանական գնահատականի առումով բավականին բարդ իրավիճակում ենք, քանի որ եղած փաստաթղթերը, որոնք ներկայացվում են հասարակությանը, մեծ վստահություն չեն ներշնչում: Պատճառն այն է, որ ծրագրի իրականացմանը կոչված լիազոր մարմինները շատ վատ ներկայացրեցին այն: Նաև բացակայում է բնապահպանության նախարարի կարծիքը, մոտեցումը: Վարչապետն էլ ամբողջը վերցրեց իր ձեռքը և ավելի խորացրեց իրավիճակը, երբ իշխանության առանձին թևերից ծրագրի կամ եզրակացության վերաբերյալ բացասական մոտեցումներ հնչեցին:
«Ջերմուկը մեր ազգային հարստությունն է: Այն մեզ եկամուտ է բերելու ոչ թե տասը տարի, այլ հազարամյակներ: Մենք պետք է պահենք Ջերմուկը: Սակայն նաև չպետք է հակադրել հանքաարդյունաբերությանը: Մեր տնտեսությունն այս պահին այլընտրանք չունի հանքաարդյունաբերությանը՝ մի կողմ դնելով Ամուլսարի խնդիրը: Չենք կարող հրաժարվել հանքարդյունաբերությունից, քանի որ այլ տնտեսական ճյուղ չկա, որով կարելի է փոխարինել: Մեր արտահանման շուրջ 25 տոկոսն ապահովում է հանքարդյունաբերությունը: Գլխավորն այն է, որ պետք է հանքարդյունաբերությունը դարձնել կառավարելի, վերահսկելի, այն պետք է լինի ազգային հարստություն: Պետությունը օգտագործման իրավունքով տալիս է մասնավորին, սակայն փաստացի նվիրում է այն, և վերջինս էլ տալիս է չնչին տոկոս»,- նշեց Սուրեն Պարսյանը:
Տնտեսագետը նաև նշեց, որ Ամուլսարի հարցում ամենակարևոր խնդիրը պետության դիրքորոշման բացակայությունն է, և չպետք է փորձել խորամանկել, տարբեր բառակույտերի տակ թաքցնել իրական մոտեցումները:
Սուրեն Պարսյանը նաև հավելեց, որ ժողովրդին իրականությունը սխալ ներկայացնելը կապված է մենեջմենթի հետ: «Ղեկավարին փորձում են փոխանցել միայն լավ, դրական տվյալները՝ առանձին դեպքերում չափազանցնելով»,- նշեց նա: