կարևոր
14761 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-04 14:26
Տնտեսական

Երբ Հայաստանում անվտանգային խնդիրը սրվում է՝ դրամի փոխարժեքը կտրուկ բարձրանում է․ Սուրեն Պարսյան

Երբ Հայաստանում անվտանգային խնդիրը սրվում է՝ դրամի փոխարժեքը կտրուկ բարձրանում է․ Սուրեն Պարսյան

Հայաստանի արժույթի շուկայում վերջին մեկ շաբաթում արձանագրվեց դրամի կտրուկ արժեզրկում՝ մեկ դոլարի դիմաց 395 դրամից փոխարժեքը հասավ 425 դրամի: Նման ծավալի արժեզրկման պատճառները և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությունները գնահատելու համար Panorama.am-ը դիմեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանին:

Panorama.am-Դրամի արժեզրկման ի՞նչ պատճառներ են այսօր առկա:

Ս. Պարսյան-Դոլար-դրամ փոխարժեքի վրա ազդում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնները: Արտաքին գործոնի ազդեցությունն պայմանավորված է համաշխարհային շուկայում դոլարի նկատմամբ պահանջարկի աճով: Ներքին գործոններից են բացասական սպասումները, արտահանումները, տրասֆերտները, ներդրումները և այլն: Այս պահին հիմնական գործոնը, որն ազդում է դրամի արժեզրկման վրա, բացասական սպասումներն են՝ քաղաքական, անվտանգային խնդիրները: Մարդկանց՝ հիմնականում բիզնեսի համար նման իրավիճակում նախընտրելի է իրենց գումարները պահել արտարժույթով, որպեսզի կարողանան տեղափոխել այլ երկրներ, սա է հիմնական գործոնը:

Panorama.am-Վերջին շաբաթվա փոխարժեքի տենդենցները Արցախում ստեղծված իրավիճակո՞վ էին պայմանավորված:

Ս. Պարսյան-Նշեմ, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկն մոտ 10 անգամ ավելացել է, որը իր ազդեցությունը չէր կարող չունենալ դոլար-դրամ փոխարժեքի վրա: Նման իրավիճակ ենք ունեցել նաև 2020 թ. նոյեմբերի 9-ից, 2022 թ. սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո: Այսինքը, երբ Հայաստանում անվտանգային խնդիրը սրվում է՝ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կտրուկ բարձրանում է:

Անորոշությունը դեռ շարունակվում է: Նաև խոշոր սեփականատերերը, ներդրողներն այս պահին դեռևս վերջնական որոշում չեն կայացրել, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ նկատվում է երկրից որոշակի կապիտալի արտահոսք, նաև կրճատվել է դեպի Հայաստան գումարների հոսքը: Ունենք պահանջարկի աճ և գումարների հոսքի նվազում դեպի Հայաստան:

Panorama.am-Ի՞նչն է գումարների ներհոսքի նվազման պատճառը:

Ս. Պարսյան-Հայաստանի վերջին տարիների տնտեսական աճը հիմնականում ապահովում էին ռուսները՝ իրենց հետ բերելով մեծ քանակությամբ գումար, ակնհայտ է, որ հիմա նոր հոսք չի սպասվում, ռուսները, վստահաբար, Հայաստան չեն կարող գալ, քանի որ այստեղ վարձով տների մասով պայմաններ չկան: Ավելին՝ այստեղ եղած ռուսներն էլ կարող է անվտանգային գործոնով պայմանավորված դուրս գալ Հայաստանից, այսինքը՝ մենք կարող ենք ունենալ Ռուսաստանից եկող տրասֆերտների հոսքի կրճատում և նաև արտահոսք այն ռուսաստանցիների, որոնք Հայաստանից ձեռնարկատիրական գործունեություն էին ծավալում, նաև այս մասով կարող ենք խնդիր ունենալ:

Panorama.am-ՀՀ գործադիր մարմնի անելիքն այս իրավիճակում ո՞րն է:

Ս. Պարսյան-Հայաստանում բացասական սպասումները բավականին մեծ են և մեծ ռիսկեր կան, որով պայմանավորված հնարավոր է, որ դրամը շարունակի արժեզրկվել՝ եթե կառավարությունը և ԿԲ-ն չմիջամտեն: Օրինակ, կառավարությունն բռնի տեղահանվածներին աջակցելու ծրագրերի համար արդեն 40 մլրդ դրամ փող է նախատեսել, այդ գումարները և այլ լրացուցիչ գումարները որոնք ծախսվելու են, միանշանակ իրենց ազդեցությունն են թողնելու մեր արժույթի շուկայի վրա, մեծ քանակությամբ դրամ է ներարկվելու մեր տնտեսության մեջ: Եթե մենք ուզում ենք վերահսկենք այս փոխարրժեքը, ապա կենտրոնական բանկը կարող է նաև դոլարային ներարկումներ անել տնտեսության մեջ և այն զսպի դրամի էլ ավելի բարձր արժեզրկումը, քանի որ դրամի բարձր փոխարժեքն դոլարի նկատմամբ հանգեցնելու է ներկրվող ապրանքների գների թանկացմանը: Այս մասով մենք կարող ենք խնդիր ունենալ և Կենտրոնական բանկը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ կմիջամտի, կզսպի, որպեսզի կտրուկ թանկացումներ չլինեն: