Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որո՞նք են թմրաբանության ոլորտում առկա խնդիրները, ի՞նչ են փաստում վերջին տարիներին արձանագրված ցուցանիշները, որո՞նք են թմրաբանության ոլորտի բացերը, թմրաբանական ծառայությունների որակը համապատասխանում է արդյո՞ք միջազգային չափորոշիչներին. Այս և այլ հարցերի շուրջ Doctorsnet.am-ը զրուցել է ՀՀ ԱՆ թմրաբանության գծով խորհրդատու, Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրենի ժ/պ Սուրեն Նազինյանի հետ:
-Բժիշկ Նազինյան, որո՞նք են Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի գործունեության ոլորտները:
- Նարկոլոգիական հանրապետական կենտրոնը զբաղվում է կախվածությունների բուժմամբ, իրականացնում է դիսպանսեր հսկողություն, հաշվառում: Կենտրոնում գործում են երկու ստացիոնար բաժանմունքներ, դիսպանսերային բաժանմունք, մեթադոնային փոխարինող բուժման ծառայություն, ինչպես նաև տոքսիկոքիմիական և կլինիկական լաբորատորիաներ, որտեղ իրականացվում են մարդու օրգանիզմի կենսամիջավայրում թմրամիջոցների կամ այլ հոգեներգործուն նյութերի հայտնաբերման հետազոտություններ:
Նարկոլոգիական կենտրոնում բուժումն իրականացվում է ստացիոնար և ամբուլատոր պայմաններում:
-Ինչպե՞ս է իրականացվում մեթադոնային փոխարինող բուժումը:
Մեթադոնային փոխարինող բուժումը իրականացվում է ափիոնատիպ թմրամիջոցներից կախվածություն ունեցող մարդկանց շրջանում: Մեթադոնը (գործարանային արտադրության) «ՀՀ-ում հuկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրuորների կազմը (ցանկը) հաuտատելու մաuին» №1129-Ն որոշմամբ հաստատված ՀՀ-ում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի (ցանկի) №2 ցուցակում, որը բուժական (թերապևտիկ) դեղաչափով պացիենտների մոտ չի առաջացնում կողմնակի ազդեցություններ և էյֆորիա:
Ափիոնատիպ նյութերից կախվածությունը ծանր քրոնիկ հիվանդություն է, որը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային 10-րդ վերանայված դասակարգչում։
Զարգացած երկրների առողջապահական փորձը ցույց է տալիս, որ ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդների բուժման մեթոդներից լավագույն արդյունքն ապահովվում է այն դեպքում, երբ նշանակվում է օփիոիդային ընկալիչների ագոնիստների (ինչպիսին հանդիսանում է մեթադոնը) կիրառմամբ երկարաժամկետ բուժում:
Մեթադոնային փոխարինող բուժման հիմնական նպատակներն են` հնարավորինս մեղմել կամ վերացնել ափիոնատիպ նյութերի նկատմամբ հիվանդագին հակումը և դրանց գործածումը, նվազեցնել ափիոնատիպ նյութերի առաջացրած առողջական և սոցիալական վնասները, բարելավել կախվածություն ունեցող պացիենտների առողջական վիճակը և կյանքի որակը՝ կենսագործունեությունը հասցնելով հնարավոր լավագույն մակարդակի։
Մեթադոնային փոխարինող բուժման օգնությամբ հնարավոր է լինում վերակազմակերպել կախվածություն ունեցող անձանց առօրյա կյանքը՝ հնարավորություն տալով դառնալու հասարակության լիարժեք անդամ։
-Ներկայումս որքա՞ն մարդ է հաշվառված Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում:
-2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված, կենտրոնում հաշվառված է 6951 մարդ, իսկ ալկոհոլային կախվածությամբ՝ շուրջ 6000 մարդ, այս պահին կենտրոնում ստացիոնար պայմաններում բուժում է ստանում 34 անձ։ Դիսպանսեր բաժանմունքում ամբուլատոր պայմաններում փոխարինող բուժում են ստանում 312 պացիենտներ, դետոքսիֆիկացիոն եղանակով՝ 8:
- Ի՞նչ թիվ են կազմում հաշվառման կանգնած կանայք:
-Հայաստանում թմրամիջոցների կախվածություն ունեցող կանայք բարեբախտաբար ցածր տոկոս են կազմում: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված կանանց թիվը եղել է 111 :
-Նարկոլոգիական կենտրոնի կողմից տրամադրվող ծառայություններում նշված է , որ իարականացվում է բուժում խաղային կախվածությունից ձերբազատվելու համար: Ինչպե՞ս է այն իրականացվում:
-Խաղային կախվածության բուժումը նոր զարգացող ուղղություն է: Տվյալ կախվածությունները ներառված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիվանդությունների 11-րդ վերանայման միջազգային դասակարգչի նախագծում (այն դեռևս չի ներդրվել ԱՀԿ-ի կողմից) երկու ծածկագրերով, որոնցից առաջինը համակարգչային խաղերից կախվածությունն է, իսկ երկրորդը ազարտային խաղերից կախվածությունը, երկուսն էլ համարվում են վարքային խանգարումներ: Ներկայումս ուսումնասիրում ենք միջազգային առաջադեմ փորձը, զարգացած առողջապահական համակարգեր ունեցող երկրներում կիրառվող ուղեցույցները՝ մեր կենտրոնում տվյալ ծառայությունն արդիականացնելու և միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար:
-Բժիշկ Նազինյան, զգալի թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր խնդրի դեպքում խուսափում են դիմել համապատասխան հաստատություններ, այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ հաշվառված անձանց թիվը չի արտացոլում իրական պատկերը:
-Նարկոլոգիական ծառայության կողմից անձանց հաշվառումը կատարվում է ոչ միայն բուժման համար դիմելու արդյունքում, այլ նաև իրավապահ մարմինների ուղեգրերով կամ որոշումներով կատարված տոքսիկոքիմիական փորձաքննություն անցնում, եթե օրգանիզմում հայտնաբերվում է թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութ, ապա վերցվում է հաշվառման։ Ազգաբնակչության շրջանում թմրամիջոցների գործածման տարածվացությունը գնահատելու համար, անհրաժեշտ է իրականացնել գիտականորեն հիմնավորված և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, Թմրամիջոցների և կախվածությունների մոնիթորինգի եվրոպական կենտրոնի կողմից առաջարկվող մեթոդաբանությամբ համահանրապետական հետազոտություն՝ հարցում, որը հստակ ցույց է տալիս բնակչության շրջանում տարածվածության ցուցանիշը: Նման հետազոտություն Հայաստանում իրականացվել է միայն մեկ անգամ՝ 2005 թվականին:
-Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում հարկադիր բուժում իրականացվու՞մ է:
-Իրականցվում է՝ միայն դատարանի որոշմանբ:
-Այս պահին 4 անձ՝ դատարանի որոշմամբ, հարկադիր բուժում է ստանում արտահիվանդանոցային պայմաններում:
-Ո՞ր փուլում դիմելու դեպքում է, որ լիարժեք բուժում ստանալու նախադրյալները առավել մեծ են: Ինչպե՞ս հասկանալ, որ ձևավորվել է կախվածության համախտանիշ:
-Երբ մարդը յուրաքանչյուր օր սկսում է հոգեներգործող նյութեր օգտագործել, օրինակ. ալկոհոլ մեծ քանակությամբ է սկսում օգտագործել՝ շարունակաբար ավելացնելով թե գործածվող ալկոհոլի քանակը և թե, ապա դա նշանակում է, որ հավանական է՝ ձևավորվում է կամ արդեն իսկ ձևավորվել է կախվածության համախտանիշ: Թմրամիջոցների գործածման դեպքում կախվածության համախտանիշի ձևավորումն առավել արագ է՝ ներարկային թմրանյութերի գործածման դեպքում այն կարող է օրերի, անգամ մեկ-երկու անգամ գործածման դեպքում տեղի ունենալ: Երբ կախվածության համախտանիշի ախտանշաններն ի հայտ են գալիս, հարկավոր է անհապաղ դիմել համպատասխան թմրաբանական հաստատություն: Տարբեր հոգեներգործուն նյութերի չարաշահման դեպքում ի հայտ եկող ախտանշանները տարբեր են, շուտափույթ դիմելիութունն էականորեն մեծացնում է լիարժեք և արդյունավետ բուժման հնարավորությունը: Պետք է հիշել, որ կախվածություն առաջացնող նյութերը վնասում են ոչ միայն կենտրոնական նյարդային համակարգը, այլ գրեթե բոլոր օրգան համակարգերը:
-Բուժումն ավարտելուց հետո, որքա՞ն ժամանակ է մարդը հաշվառված մնում նարկոլոգիական կենտրոնում:
-Ալկոհոլիզմից կախվածության դեպքում մարդ դիսպանսերում հաշվառված է մնում և վերցվում հսկողության տակ 2 տարի, իսկ թմրամիջոցների դեպքում՝ 5 տարի:
-Նարկոլոգիական կենտրոնում բուժումն ի՞նչ հիմունքներով է իրականացվում:
-ՀՀ քաղաքացիների համար անվճար, բայց ունենք նաև վճարովի ծառայություններ: Մեթադոնային փոխարինող բուժումը անվճար է այն մարդկանց համար, ովքեր ընդգրկված են կառավարության կողմից հաստատված ցանկում, իսկ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները վճարովի են, բացի այն դեպքերը երբ անհրաժեշտ է պացիենտին տրամադրել շտապ կամ անհետաձգելի բժշկական օգնություն:
-Նարկոլոգիական ծառայությունների մատուցման տեսակետից մարզերում ինչպիսի՞ վիճակ է տիրում:
-Մարզերում նարկոլոգիական ծառայությունների մատուցումն իրականացվում է պատշաճ մակարդակով: Նարկոլոգիական ծառայություններ իրականացվում են «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում, «Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսեր»-ում, «Կապանի նյարդահոգեբանական դիսպանսեր»-ում, «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ում, ինչպես նաև Եղվարդում գործող «Նաիրի» բժշկական կենտրոնում, իսկ Կապանում, Վանաձորում, Գյումրիում գործում է նաև մեթադոնային փոխարինող բուժման ծառայություն։
-Ոլորտային ռազմավարություն կա՞:
-Անշուշտ, այն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 30-ին: Ռազմավարությամբ սահմանված են ոլորտի զարգացման և գործունեության հիմնական ուղղությունները: Յուրաքանչյուր տարի, հիմք ընդունելով ազգային ռազմավարությունը, ՀՀ կառավարության կողմից հաստատվում է ոլորտի թմրամիջոցների և թմրամոլության դեմ պայքարի տարեկան ծրագիրը:
-Ըստ Ձեզ, որո՞նք են ոլորտի բացերը:
-Նարկոլոգիան դինամիկ զարգացող ոլորտ է, թեև մշտապես կրում է ժամանակի մարտահրավերները:
Իմ կարծիքով, ոլորտի ամենամեծ բացը միջազգային ստանդարտներին համապատասխանող կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի բացակայությունն է։ Ասեմ, ի դեպ, որ մեր կենտրոնի բժիշկներն արդեն շուրջ մեկ ամիս է՝ զբաղվում են ոլորտային կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակմամբ, ինչպես նաև հետազոտական աշխատանքներով։
Նախկին տասնամյակներում, անհրաժեշտ ֆինանսավորում չլինելու պատճառով, Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բավականին երկար տարիներ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, որն էլ հանգեցրել է շենքային պայմանների վատթարացմանը: Մենք, արդեն իսկ Առողջապահության նախարարության աջակցությամբ, ձեռնամուխ ենք եղել այս խնդրի կարգավորմանը՝ աստիճանաբար բարելավելով շենքային պայմանները, որը միտված է առավել հարմարավետ դարձնելու պացիենտների բուժման գործընթացը:
Ի դեպ, մինչև տարեվերջ ամբողջությամբ կվերանորոգվի կենտրոնի 3-րդ հարկի հատակը:
-Նարկոլոգիական կենտրոնում հաշվառված անձանց տվյալները ու՞մ և ի՞նչ ճանապարհով են հասանելի:
-Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում հաշվառված անձանց տվյալներն ամբողջությամբ գաղտնի են, դրանք տրամադրվում են 3-րդ անձին բացառապես պացիենտի գրավոր համաձայնության դեպքում: Հաշվառված անձանց տվյալների տրամադրում նախատեսված է միայն իարավապահ մարմինների համապատասխան որոշման և հարցման առկայության դեպքում :
-Ո՞ր թմրանյութերն են առավել տարածված Հայաստանում:
-Առաջին տեղում կանաբիոիդներն են, երկրորդ տեղում՝ ափիոնատիպ նյութերը:
-Կանաբիոիդների գործածությամբ պայմանավորված հաշվառված է 4394 մարդ , ափիոնատիպ նյութերի՝ 2552, իսկ կոկայինի օգտագործմամբ` 5 անձ:
-Ծխախոտային կախվածությունից հե՞շտ է ձերբազատվել:
-Եթե նայենք համեմատական կարգով, ապա՝ այո, բավականին հեշտ է: Սակայն պետք չէ մոռանալ, որ նիկոտինային կախվածությունը նույնպես լուրջ խնդիր է: Ծխախոտային կախվածությունը հանգեցնում է նրան, որ մարդ ձեռք է բերում հիվանդագին հակում նիկոտինի նկատմամբ, արդյունքում շարունակաբար վնասելով իր առողջությունը: Ծխախոտի գործածումից հրաժարումը շատ ավելի հեշտ է, քան մնացյալ կախվածությունների դեպքերում, պարզապես հարկավոր է գիտակցել և ցանկանալ: Բավարար մոտիվացիայի դեպքում ծխախոտի գործածումը դադարեցնելը բավականին հեշտ է և գերազանցապես որևէ դեղորայքային բուժման անհրաժեշտություն չի լինում։ Իհարկե լինում են նիկոտինային ծանր կախվածության դեպքեր (երբ անձն օրական գործածում է մի քանի տուփ կամ գիշերային քունն ընդհատում է, որպեսզի հերթական գլանակը ծխի), երբ հարկավոր է լինում նշանակել որոշ մեղմ հակադեպրեսանտներ կամ նիկոտինային փոխարինող դեղամիջոցներ։ Սակայն, իմ խորին համոզմամբ՝ նման դեպքերը շատ չնչին են։ Ծխախոտը հանդիսանում է ոչ վարակիչ հիվանդությունների թիվ մեկ ռիսկի գործոնը. Դրանք են՝ սիրտ-անոթային հիվանդությունները, շնչառական հիվանդությունները և քաղցկեղը։ Գաղտնիք չէ, որ այս հիվանդություններից մահացությունը բավականին բարձր է՚ Առավել առողջ հասարակություն ունենալու համար հարկավոր է կամք դրսևորել և դադարեցնել ծխախոտի օգտագործումը` չվնասելով թե′ մեզ, թե′ շրջապատող մարդկանց, ընտանիքի անդամներին, երեխաներին:
-Վերջին շրջանում հասարակական լայն շրջանակներում քննարկման առարկա դարձավ մարիխուաննայի օրինականացման հարցը: Ինչպիսի՞ վերաբերմունք ունեք այս հարցի շուրջ:
-Մարիխուաննան հանդիսանում է հոգեներգործուն նյութ՝ թմրամիջոց, որը հաստատվել է դեռևս 1961 թվականի ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայով: Մարիխուաննան ունակ է մարդու մոտ առաջացնելու կախվածության համախտանիշ, որը շատ հաճախ կարող է ուղեկցվել հոգեկան հիվանդությունների սրացմամբ: 10-րդ վերանայման Հիվանդությունների միջազգային դասակարգչով՝ կաննաբինոիդների գործածման հետևանքով առաջացող հոգեկան և վարքային խանգարումները դասակարգված են որպես հիվանդություններ։ Մարիխուաննայի կարճատև օգտագործման դեպքում մարդու մոտ կարող են առաջանալ ընկալման խանգարումներ, տեղի և ժամանակի ապակողմնորոշված վիճակ, իսկ երկարատև գործածության դեպքում՝ կախվածության համախտանիշ, երբեմն նաև ինտելեկտի և մտածողության խնդիրներ:
-Ձեր հորդորը մեր ընթերցողներին
-Զերծ մնալ թմրամիջոցների, ալկոհոլի, ծխախոտի օգտագործումից:
Խուսափել համացանցից կամ տեղեկատվական այլ աղբյուրներից հոգեներգործուն նյութերի մասին ձեռք բերվող աղավաղված, ոչ ճշգրիտ տեղեկատվություն ստանալուց: Հոգեներգործուն նյութերի գործածումը վնասակար է մարդու առողջության համար։ Սա պետք է ուղղակի միշտ հիշել։ Նաև կոչ եմ անում՝ կախվածության համախտանիշի առաջին իսկ ախտանշանների դրսևորման դեպքում դիմել համապատասխան հաստատություն: