կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-30 19:02
Առանց Կատեգորիա

Ինչու է արթնացվում միասնական թեկնածուի ուրվականը

Ինչու է արթնացվում միասնական թեկնածուի ուրվականը

Նախագահ Սերժ Սարգսյանի իրականացրած` մեղմ ասած, էքսցենտրիկ նախընտրական քարոզարշավը, որով գործող նախագահը, կարծես, հասարակության վստահությունը շահելու փոխարեն այդ հասարակությանն իրենից էլ ավելի է վանում, միանշանակ թելադրվում է մրցակցության բացակայության ֆոնին «հինգ պակաս» նախագահ լինելու նրա ինքնավստահությունից: Նախագահին բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ են մարդիկ մտածում իր և իր հայտարարությունների մասին, և թե ինչպես կարող են դրանք ազդել ընտրողների կողմնորոշումների վրա: Նման շռայլություն իրեն կարող է թույլ տալ միայն այն թեկնածուն, որն իրեն բացարձակապես հաշվետու չի համարում հանրության առջև, և որի համար ընտրողի քվեն իրականում գրոշի արժեք չունի:

 

Իշխանության` ինքնասիրահարվածության աստիճանի այս ինքնաբավությունն ու ինքնագոհությունը բխում է այն համոզմունքից, որ ընտրություններն անցնելու են մեկ փուլով և Սերժ Սարգսյանի ուղղակի ջախջախիչ, գերվստահ հաղթանակով: Դրան են ուղղված այս ընթացքում Ահարոն Ադիբեկյանի, «Հայաստանի եվրոպացի ընկերների», «Գելափ»-ի իրականացրած սոցիոլոգիական հարցումները, որոնց համաձայն` գործող նախագահն արդեն իսկ ունի այնքան վարկանիշ, որքան չունեն մնացած 7 թեկնածուները միասին:

 

Այս հաշվարկն արվել է, սակայն, հաշվի առնելով երկու հիմնական հանգամանք: Նախ` Սերժ Սարգսյանի և նրա մրցակից յուրաքանչյուր թեկնածուի ունեցած անհավասար ռեսուրսների համեմատությունը, և գործող նախագահի վերընտրությունը կանխելու նրանց կարողության բացակայությունը, և երկրորդ, որ գրեթե բացառվում է այլընտրանքային դաշտում իրական միասնական այլընտրանքային թեկածուի ի հայտ գալը:

 

Երկու օր առաջ նախագահի երեք թեկնածուներ` Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը, հանդես եկան իշխանություններին և հանրությանն ուղղված համատեղ հայտարարությամբ, որտեղ նաև խոսվում էր միասնաբար ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու հնարավորության մասին: Դա, կարծես, հույսեր է արթնացրել, որ այս ուժերի միջև համաձայնեցված հետագա քայլերը կարող են հանգեցնել նաև միասնական թեկնածուով հանդես գալու որոշման կայացման: Նման զարգացումն, իհարկե, հնարավոր է` հաշվի առնելով նաև դրա հասարակական պահանջարկը: Եթե թեկնածուներին հաջողվի նման համաձայնության գալ, ինչը կարող է տեղի ունենալ միայն հաղթանակի դեպքում իշխանության մեջ նրանց հստակ դերաբաշխման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու պարագայում, ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերը` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, ստիպված կլինեն հստաեցնել իրենց դիրքորոշումը, գուցե նաև վերանայել «պասիվ բոյկոտի»` իրենց որդեգրած մարտավարությունը: Սա կարող է Հայաստանում բացարձակապես նոր քաղաքական իրավիճակ ստեղծել`նախ բարձրացնելով մրցակցության մակարդակը, երկրորդ` հանգեցնելով քաղաքական դաշտի որոշակի պարզեցման:

 

Սակայն նման քայլի գնալու, ինչպես նաև հատկապես ՀՅԴ-ին ու ՀԱԿ-ին դեպի այլընտրանքային այս բևեռը ձգելու համար երեք թեկնածուներին անհրաժեշտ է լինելու կատարել երկու կոնկրետ քայլ: Առաջին` համոզել, որ դա իշխանության` արհեստականորեն մրցակցություն ապահովելու պրոյեկտը չէ, և երկրորդ` առաջադրել հետագա գործողությունների պլան` ընտրությունների արդյունքները հակասահմանադրական հռչակելու պարագայում:

 

Իրականում իշխանությունը կարող է շահագրգռված լինել այս ֆորմատում միասնական թեկածուի ի հայտ գալով, որը բխում է իրական մրցակցության էֆեկտ ստեղծելու նրա մարտավարական շահերից: ԵԽԽՎ դիտորդական առաքելության` անցած շաբաթ արտահայտած տեսակետը, թե ընտրությունների նկատմամբ հանրային տոտալ անտարբերությունը և մրցակցության փաստացի բացակայությունն արդեն իսկ ստվեր են նետել ընտրությունների վրա, հարուցում է իշխանության լուրջ մտավախությունն առ այն, որ իշխանության վերարտադրությունը լեգիտիմացնող հիմնական գործոնը` միջազգային դիտորդների զեկույցները, կարող են ուղղակի չարտացոլել «ամենաժողովրդավարական ընտրություններն» անցկացնելու` իրենց տված խոստման ամբողջական կատարումը: Սա կարող է մի կողմից հարվածել Սերժ Սարգսյանի հաղթանակի լեգիտիմությանը, իսկ մյուս կողմից` հանգեցնել ԵՄ-ի հետ «ավելին ավելիի դիմաց սկզբունքով գործարքի չկայացմանը կամ դրա առջև լուրջ բարդությունների առաջացմանը:

 

Այս տեսանկյունից խիստ վերահսկելի «ընդդիմադիր միասնական թեկնածուի» օպերացիայի իրականացումը կարող է դառնալ իրավիճակից դուրս գալու միակ փրկօղակը: Եվ սոցիոլոգիական հարցումների միջոցով Սերժ Սարգսյանի անվան դիմաց նման վարկանիշներ նկարելն այս օպերացիայի ամենակարևոր դրվագներից մեկն է դառնում` համոզելու համար, որ այլընտրանքային թեկնածուների միջև ինչպիսի համաձայնություններ էլ ձեռք բերվեն, միևնույն է` իշխանության հաղթանակը հենց առաջին փուլում կասկած չի կարող հարուցել: Այդ դեպքում ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ում կարող է իշխանությունը ներգրավել այդ օպերացիայում, և որքանով կարող են այս երեք թեկնածուները սկզբունքային լինել` չդառնալու համար իշխանության խամաճիկը: Իսկ դա ենթադրում է ոչ միայն հայտնի տեխնոլոգիաներով Սերժ Սարգսյանի` այս պահին անխուսափելի վեընտրության պարագայում ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու հիմքերի նախապատրաստում, այլ նաև դրանից բխող հետագա գործողությունների պլանավորում և հասարակության մեջ կրիտիկական զանգվածի հասունացման պլանի մշակում, որը, սակայն, նրանք առայժմ հակված չեն անելու:

 

Երկու օր առաջ այս երեք թեկնածուների տարածած հայտարարության մեջ դրանց ուղղված որևէ ուղերձ, առաջարկ, նպատակադրում չկար: Բացի դրանից` միասնական թեկնածուի շուրջ քաղաքակա կոնսուլտացիաները, կարծես, չեն կայանում և չի ուրվագծվում թեկնածուների շահագրգռությունն այս հարցում: Մինչդեռ ընտրապայքարի մասնակիցներին թեկնածությունը հանելու համար տրված վերջնաժամկետը մոտենում է ավարտին:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ