կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-13 10:47
Աշխարհ

Հնարավոր է՝ կորոնավիրուսն Ուհան են բերել ամերիկացի զինվորականները. Չինաստանի ԱԳՆ

Հնարավոր է՝ կորոնավիրուսն Ուհան են բերել ամերիկացի զինվորականները. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանի ենթադրություններով՝ նոր տեսակի կորոնավիրուսը չինական Ուհան քաղաքում է հայտնվել ամերիկացի զինվորականների պատճառով. այս մասին նա գրառում է կատարել իր թվեիրոյան էջում, հայտնում է Yerkir.am-ը:

Նա նշել է՝. «ԱՄՆ-ում ե՞րբ է հայտնվել«զրոյական» պացիենտը։ Քանի՞ մարդ է վարակված։ Ո՞ր հիվանդանոցներ են նրանց հոսպիտալացվել։ Հավանաբար, ԱՄՆ բանակն է համաճարակը բերել Ուհան։ Թափանցի՛կ եղեք։ Հրապարակե՛ք տվյալները։ ԱՄՆ-ը մեզ բացատրություն է պարտք»:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 12-ի ժամը 10.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 126.254 դեպք, որից 4.637-ը՝ մահվան, և 68.266-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 4 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել էր.

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»:

Նշենք՝ համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում: