Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին ամիսներին Իրանը հաճախակի է բարձրաձայնում երկրի դեմ ամերիկյան տարբեր կիբերհարձակումների ակտիվացման մասին։
Գրեթե կասկածից վեր է, որ Վաշինգտոն-Թեհրան շահերի բևեռացման այս փուլում կողմերը գործի են դնելու հավելյալ և տարաբնույթ լծակներ, առաջին հերթին՝ հետախուզական, դիվերսիոն ու կիբերհարձակումներ, որպեսզի հօգուտ իրենց փոխեն դեպքերի ընթացքը։ Եվ այստեղ որևէ անակնկալ կամ զարմանք առաջացնող դրսևորում չէր կարող լինել։
Առավել ուշագրավ էր այն, որ Իրանն իր հետախուզական-հակահետախուզական և այլ բնույթի գործողությունների օպերատիվության ու արդյունավետության շնորհիվ կարողանում է չեզոքացնել եղած սպառնալիքները։ Ասվածի լավագույն վկայությունն էր, երբ հունիսի 20-ին Թեհրանը հայտնեց Իրանի տարածքում Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսի կողմից ամերիկյան նավատորմի MQ-4C Triton տեսակի ռազմավարական, հետախուզական նշանակության ԱԹՍ-ի խոցման մասին։ Հատկանշականն այն է, որ ԱԹՍ-ն, որն իրականացնում էր հետախուզական կարևոր առաքելություն, պետք է որ զինված լիներ հակառադարային, քողարկման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիական միջոցներով, որն այլ կերպ հայտնի է որպես stealth aircraft։ Ասենք ավելին` MQ-4C Triton տեսակի ամերիկյան ԱԹՍ-ի 1 միավորն արժե 120 մլն դոլար։
Ստացվում է, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունների ճգնաժամային այս փուլում, երբ կողմերն արդեն անցել են ուղիղ հարվածներ հասցնելու հռետորաբանության, և այնպիսի թեժ կետում, ինչպիսին Հորմուզի նեղուցն է, թանկարժեք ԱԹՍ-ի կիրառումը պետք է որ ունենար ռազմավարական կարևորություն ներկայացնող հետախուզական առաքելություն։ Սակայն ստացվում է այնպես, որ ամերիկյան սարքը խոցվում է իրանական արտադրության Խորդադ-3 (Khordad) տեսակի զենիթահրթիռային համալիրով։ Հիշեցնեմ, որ այդ համալիրները կարողանում են միաժամանակ որսալ մինչև 4 թիրախ՝ 27 կմ բարձրության վրա:
Ամենևին նպատակ չունենալով թերագնահատել Իրանի՝ հրթիռաշինության կամ, առհասարակ, ռազմարդյունաբերության բնագավառում ձեռք բերած նվաճումները, միևնույն ժամանակ, դժվար էր պատկերացնել նման միջադեպ։ Այդ հարցում, առաջին հայացքից, թերևս տեղին էր գերագնահատել համաշխարհային առաջատար Վաշինգտոնի ռազմական պոտենցիալը։ Հակառակ դեպքում մնում է միայն ենթադրել, որ գուցե նախագահ Դոնալդ Թրամփին տրամադրվել են սխալ տեղեկություններ, որոնցում թերագնահատվել են Թեհրանի ռազմատեխնիկական կարողությունները։
Թերևս աբսուրդի ժանրից է շրջանառվող այն վարկածը, որը Վաշինգտոնն ի սկզբանե ցանկանում էր հրահրել Թեհրանին, որպեսզի նա խայծը կուլ տա, նյարդերը տեղի տան և խոցի ամերիկյան արտադրության սարքը։ Ըստ վարկածի` իբր դա կամրագրեր Իրանին ուղիղ ռազմական հարվածներ հասցնելու` ԱՄՆ-ի միջազգային իրավունքը։ Սակայն տեսնում ենք, որ ամերիկյան ԱԹՍ-ի խոցումից անմիջապես հետո Թրամփի շատ կտրուկ ու ագրեսիվ հռետորաբանությունը մեղմվեց հաջորդ հայտարարություններով։ ԱՄՆ նախագահն արդեն խոսում էր, որ այդ գործողության հետևում գուցե կանգնած չէ Իրանը՝ որպես պետություն, և որ գուցե չի եղել նման մտադրություն, դա հավանաբար, ըստ նախագահ Թրամփի, որևէ իրանցի սպայի սխալ որոշման արդյունք է։ Սա խոսում է այն մասին, որ նշված վարկածը, որ շրջանառվում էր որոշ փորձագիտական շրջանակներում, իսկապես ավելին քան անհավանական է։
Անցնենք առաջ. հունիսի կեսերին Թեհրանը հայտարարեց, որ բացահայտել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կիբերլրտեսական նոր ցանց և ձերբակալել որոշ գործակալների։ Հստակեցվում էր, որ ԱՄՆ ԿՀՎ-ն կիբերլրտեսություն ու կիբերհարձակումներ է իրականացրել այլ երկրներում նույնպես։
Հուլիսի երկրորդ կեսին Թեհրանը հանդես եկավ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության 17 գործակալի բացահայտման ու ձերբակալության մասին հայտարարությամբ։ Իրանական աղբյուրների համաձայն` լրտեսների մի մասը դատապարտվել է մահապատժի։ Այլ աղբյուրների հաղորդմամբ` նրանցից ոմանք արդեն ենթարկվել են մահապատժի։ Իրանի հետախուզական տվյալներով` գործակալները վերապատրաստվել են ԱՄՆ ԿՀՎ-ում, տեղեկություններ էին հավաքագրում Իրանի ռազմավարական ու կենսական նշանակության օբյեկտների, այդ թվում՝ միջուկային ու ռազմական ձեռնարկությունների վերաբերյալ։ Արևմտյան վերլուծական շրջանակներում Իրանի այս հայտարարությունը որակեցին որպես քարոզչական հնարք՝ ուղղված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին։
Սակայն այս ամենում առանձնացնենք երկու անչափ կարևոր հանգամանք։ Առաջին` մեր սահմանակից երկրի շուրջ ծավալվում են իրադարձություններ, բայց առ այսօր շարունակում է անհասկանալի մնալ ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքավորումը։ Հարց է առաջանում՝ նպատակահարմար չէ՞ր այդ կապակցությամբ որևէ դիրքորոշում հայտնել։ Վերջին հաշվով, նույնիսկ կարելի էր կողմերի միջև ակտիվացած այդ հետախուզական պայքարի անիվը պտտեցնել դեպի հարևան Ադրբեջան, որն արդեն առաջին տարին չէ, որ տրամադրել է իր տարածքը Իրանի դեմ Իսրայելի կողմից հետախուզական գործունեություն ծավալելու համար։ Այդ մասին, ի դեպ, քանիցս մտահոգություններ հայտնել են Թեհրանում և անթաքույց կերպով։ Եվ եկեք չհամեմատվենք Ադրբեջանի հետ այն առումով, որ` եթե այդտեղից հայտարարություններ չեն հնչել, ինչո՞ւ մենք աչքի ընկնենք։
Եթե հիմնվենք այն սցենարի վրա, ըստ որի` Իրանի միջուկային ծրագրի, միջուկային օբյեկտների վերաբերյալ նախագահ Թրամփին գաղտնի հետախուզական տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև դրանց պարունակության հարցում անգնահատելի է իսրայելական գործոնի դերը, ապա հայկական կողմն իսկապես այստեղ անելիքներ ունի։
Հիշեցման կարգով ասեմ, որ 2018 թվականի ապրիլին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հրապարակեց Իրանի գաղտնի` «Ամադ» անվանումը կրող միջուկային նախագծի մանրամասները, որոնք հայտնի էին դարձել հենց Իրանի տարածքում, եթե չեմ սխալվում՝ բուն Թեհրանում` Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության համապատասխան գործողության արդյունքում։ Այդ ժամանակ խոսակցություններ էին պտտվում, որ այդ գաղտնի փաստաթղթերն Իսրայել են տեղափոխվել տարբեր ճանապարհներով, այդ թվում` Ադրբեջանի տարածքով։
Կրկին հիշեցման կարգով՝ Թել Ավիվը չի էլ թաքցնում, որ գաղտնի տվյալներ է տրամադրում Թրամփի վարչակազմին. այդ գործողության հանրայնացման ժամանակ Նեթանյահուն չզլացավ նաև նշել, որ Իրանի գաղտնի միջուկային ծրագրի վերաբերյալ Սպիտակ տանը փոխանցված նյութերը ամրապնդեցին Թրամփի որոշումը՝ դուրս գալ 2015 թվականին ստորագրված`Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանագրից (Joint Comprehensive Plan of Action):
Եվ այստեղ գալիս է բարձրացված հարցի երկրորդ կողմը` իսկ ի՞նչ կլինի, եթե հակամարտող կողմերը Հայաստանը նույնպես սկսեն դիտարկել կամ գուցե արդեն դիտարկում են որպես դիմակայության հերթական թատերաբեմներից մեկը։
Ամենևին նպատակ չունենալով թերագնահատել մեր հետախուզական, հակահետախուզական ծառայությունների օպերատիվության բավական բարձր մակարդակն ու հմտությունները` չմոռանանք, որ գործ ունենք համաշխարհային հիմնական խաղացողներից մեկի՝ Վաշինգտոնի, մյուս կողմից` տարածաշրջանային տերություն հանդիսացող Թեհրանի հետ։
Այս առիթով կրկին վերադառնանք հուլիսի երկրորդ կեսին Իրանի կողմից ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության 17 գործակալի բացահայտման ու ձերբակալության կոնկրետ դեպքին։ Մասնավորապես` ամսի 22-ին Իրանի հետախուզության նախարարությունը հանրայնացնում է վավերագրական, փաստագրական ֆիլմ, որում ներկայացվում են Իրանի սահմաններից դուրս ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության լրտեսների նկատմամբ իրանցի հետախույզների գործողությունները:
Իսկ ամենակարևորն այն է, որ ֆիլմում նկարահանված գործողությունների ընթացքում ցուցադրվում են կադրեր, որոնք արվել են Հայաստանում։
Աղբյուրը՝ https://razm.info/137520
Եթե հիմնվենք ֆիլմի հավաստիության վրա, Իրանը վերջին շրջանում ակտիվացրել է իր հետախուզական, հակահետախուզական գործունեությունը մերձտարածաշրջաններում, առաջին հերթին՝ Պարսից ծոցի երկրներում, Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Հարավային Կովկասի հանրապետություններում։
Աղբյուրը՝ https://razm.info/137520
Դա, ըստ երևույթին, զարմանալի և անհնար մի բան չէ, հաշվի առնելով նշյալ տարածաշրջաններում Իրանի զգալի ցանցային ազդեցությունը։ Եթե առաջնորդվենք այս ֆիլմում ներկայացված տեղեկություններով ու դրանց տրամաբանությամբ, ապա ոչ պակաս տրամաբանական հարց է առաջ գալիս՝ ֆիլմում ներկայացված կադրերը, որոնք արվել են Հայաստանում՝ Երևանում, ինչպե՞ս են ընկալվում Թեհրանում։ Արդյո՞ք հիմնավոր է այն տեսակետը, թե մեր հարևան երկրի իշխանությունները Հայաստանը կարող են մի պահ դիտարկել որպես ոչ յուրային երկիր։ Թե՞ դա Թեհրանի հերթական տեղեկատվական-հոգեբանական մանիպուլյացիոն գործողությունն է, այս անգամ` ուղղված Հայաստանի դեմ։
Սրանով չի սահմանափակվում մեր մտահոգությունը. կրկին հիմնվելով ֆիլմի ներկայացրած տվյալների վրա) արդյո՞ք կարող ենք բացառել այն վարկածը, ըստ որի` ամերիկյան կողմը մտահոգված է Իրանի սահմանակից երկրներում, այդ թվում` Հայաստանում ամերիկյան կողմի դեմ Թեհրանի հետախուզական գործունեության ակտիվացմամբ։ Սակայն այս ամենում ի հայտ է գալիս շատ ավելի խոր մի մտահոգություն, որ մեր երկիր է տեղափոխվում հակամարտող կողմերի հետախուզական պայքարը՝ դարձնելով այդ դիմակայության թատերաբեմ։ Համենայն դեպս, եթե ուռճացնում ենք ստեղծված իրավիճակը, ապա նվազագույնը չպետք է բացառել այդ սցենարը։
Խոսակցություններ են պտտվում, որ Իրանում զգուշավորությամբ են մոտենում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը։ Գուցե մտավախություն կա, որ մեր երկրում տեղի ունեցած հեղափոխական շարժումը գունավոր հեղափոխությունների տրամաբանության մեջ է: Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա Իրանում կարող են զգուշանալ, որ Հայաստանում ուժեղացել է ամերիկյան գործոնը, կամ առնվազն կա նման սցենարի զարգացման նախադրյալ։
Անդրադառնանք հուլիսի 10-ին ՀՀ էներգահամակարգում տեղի ունեցած տատանումներին ու դրանց հնարավոր պատճառների հարցին։ Հայկական կողմի առաջ քաշած հիմնական վարկածներից մեկով` հաճախականության ուժեղ տատանումները կարող էին պայմանավորված լինել Իրանի էներգահամակարգում տեղի ունեցած վթարով։ Խնդիրն այն է, որ Հայաստանի և Իրանի էներգետիկ համակարգերը սինխրոնիզացված են, հետևաբար` հաճախականության տատանումները փոխադարձ ազդեցություն են թողնում։
Հիշեցնեմ, որ հաճախականության տատանումների հետևանքով անջատվել էին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, իսկ հետո՝ նաև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր կայաններ:
Խնդրի հետ կապված փորձագիտական տարբեր հարթակներում քննարկումներ էին ընթանում, փորձում բերել միջադեպի հետ կապված նաև այլ հնարավոր սցենարներ։ Առաջ քաշված հիմնական սցենարներից մեկով` Հայաստանի էներգետիկ համակարգում հաճախականության տատանումները դիտվում էին որպես Իրանի կողմից դիվերսիայի հետևանք։
Եթե կրկին առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ԱՄՆ-Իրան ճգնաժամում, ըստ Թեհրանի, Հայաստանը սկսում է դիտարկվել որպես ոչ յուրային երկիր, որտեղ ակտիվացել է ԱՄՆ ԿՀՎ-ի գործունեությունն ընդդեմ Իրանի, ուստի այդ քայլով Թեհրանը նախազգուշացնում է Երևանին հնարավոր վտանգների ու դրանց զսպման անհրաժեշտության մասին։
Հիշեցնեմ նաև, որ նախորդ տարվա հուլիսի 3-ին խոշոր վթար էր տեղի ունեցել նաև Ադրբեջանի Մինգեչաուրի ՋԷԿ-ում, ինչի հետևանքով Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել էր։ Այդ ժամանակ նույնպես փորձագետները վթարը կապում էին հնարավոր դիվերսիայի հետ։ Պատահականությո՞ւն էր, արդյոք, այն, որ Մինգեչաուրի ՋԷԿ-ում միջադեպը գրեթե համընկել էր ընդամենը օր առաջ՝ հուլիսի 2-ին Ադրբեջանի կողմից նախաձեռնված` զորքերի տարբեր տեսակների մասնակցությամբ լայնածավալ զորավարժությունների հետ։ Այդ շրջանում նույնպես շրջանառության մեջ էր դրվել իրանական հետքը։ Խոսվում էր այն մասին, որ կրկին ԱՄՆ-Իրան դիմակայության զարգացման այդ փուլում Թեհրանը տրամաբանորեն խուսափում էր իր սահմանակից հատվածներում ու երկրներում, ժողովրդական լեզվով ասած` սեփական քթի տակ, գործ ունենալ լարվածության նոր օջախի հետ։ Գուցե այդ քայլով Թեհրանը նախազգուշացնում էր Ալիևին՝ զերծ մնալ իրավիճակի հնարավոր ապակայունացման փորձերից։ Եվ այստեղ հարց է առաջանում` արդյո՞ք որևէ կապ կա Մինգեչաուրի ՋԷԿ-ի ու Հայաստանի էներգահամակարգում տեղի ունեցած վթարների տրամաբանությունում։ Գրեթե չի խոսվում, որ գուցե երկու դեպքում էլ աշխատել է նույն ձեռագիրը։
Հետգրության փոխարեն` չար լեզուներն ասում են, որ վերջին շրջանում մեծացել է Հայաստանի նկատմամբ մերձավորարևելյան մեկ այլ պետության՝ Իսրայելի ուշադրությունը։ Սակայն հանուն օբյեկտիվության արձանագրենք, որ այդ հետաքրքրությունն ակտիվացել էր մինչ հեղափոխությունը։
Գ.Մ.