Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հերթական ռազմատենչ հայտարարություններն է արել: «Մենք ավելի խիստ միջոցներ ենք ձեռարկելու հակառակորդի նկատմամբ՝ հասցնելով ավելի կործանիչ հարվածներ»,- ասել է նա:
Առաջին անգամը չէ, որ Հասանովը հանդես է գալիս նման հոխորտանքներով: Սակայն այս հայտարարությունը բացահայտում է երկու իրողություն: Նախ` այն, որ Ադրբեջանը ոչ միայն չի թուլացնելու շփման գծի լարվածությունը, այլև աստիճանաբար ուժեղացնելու է: Երկրորդ՝ սա բացահայտում է լարվածության մեծացման կարճաժամկետ մարտավարական նպատակներից մեկը՝ վիժեցնել կամ իմաստազրկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` այս ամսվա ընթացքում պլանավորված հանդիպումը: Եթե դեռ հանդիպումը չկայացած՝ Բաքուն հայտարարում է հայկական դիրքերի նկատմամբ հարվածներն ուժեղացնելու, հրադադարն էլ ավելի ինտենսիվ խախտելու մասին, անտրամաբանական է նրա հետ կարգավորման հետ կապված որևէ հարց քննարկելը:
Ընդհանրապես, աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում այդ հանդիպումն օբյեկտիվորեն է դառնում անիմաստ: Որքան խորանում է ռուս-թուրքական առճակատումը, այնքան ակնհայտ է դառնում Թուրքիայի կողմից Հարավային Կովկասն այդ առճակատման թատերաբեմ դարձնելու իրողությունը: Դեկտեմբերի 4-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղուն Բաքվում հայտարարեց, թե ամեն ինչ անելու են Ադրբեջանի «օկուպացված» տարածքները վերադարձնելու համար, ինչից անմիջապես հետո Ադրբեջանը սկսեց ԼՂ-ում հայկական դիրքերի ինտենսիվ արկակոծումն ու գնդակոծումը, որի տեմպը չի թուլացնում արդեն երկու շաբաթ շարունակ: Երեկ 10-օրյա վաղեմության այդ հայտարարությանը արձագանքել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: «ԵԱՀԿ-ում այդ դիրքորոշմանը չեն սատարում: Խիստ ըմբռնում կա, որ երեք համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, հիմնական ծանրաբեռնվածությունն են կրում` որպես Մինսկի խմբի անդամներ, որում, ի դեպ, ներառված է նաեւ Թուրքիան: Սակայն առաջատար դիրքը երեք համանախագահներինն է: Այդ պատճառով ԼՂ հակամարտության կողմերից մեկին պաշտպանելը բացարձակապես ապակառուցողական է եւ չի կարող որեւէ շարունակություն ունենալ»,- «Ռոսիա 24»-ի եթերում ասել նա:
Խոսուն է այն հանգամանքը, որ թեև պաշտոնական Անկարան առաջին անգամը չէ հանդես գալիս Ադրբեջանի միակողմանի պաշտպանությամբ` էլ չասած ռազմական օժանդակություն ցուցաբերելու մասին, Մոսկվան միայն հիմա է որոշել դրան ուշադրություն դարձնել: Այս փաստը նշանակում է, որ Ռուսաստանը ոչ միայն մտահոգվել է ԼՂ-ում մինի պատերազմ սանձազերծելու` Ադրբեջանի ներկայիս միտումներով, այլև դրա տևականությունն սկսել է պայմանավորել ղարաբաղյան պատերազմը վերակենդանացնելու և դրանում այսպես, թե այնպես Ռուսաստանին ներքաշելու` Թուրքիայի թաքնված նպատակներով: Ահա թե ինչու է Կրեմլի քաղաքականության տեսաբան, քաղաքագետ Դմիտրի Շևչենկոն ադրբեջանական minval. az-ին տված հարցազրույցում շտապում զգուշացնել Բաքվին, որ եթե նա պատերազմ սկսի ԼՂ-ում, Ռուսաստանը կաջակցի Հայաստանին, որն էլ իր հերթին աջակցելու է ղարաբաղյան ռազմական ուժերին: Քաղաքագետը սպառնացել է ընդհուպ նրանով, որ պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը կարող է կորցնել Ռուսաստանում կուտակած հսկայական կապիտալը:
Ռուսաստանի այս նախազգուշացումները կապված են ոչ թե Հայաստանի նկատմամբ ունեցած դաշնակցային պարտավորություններով, այլ նրանով, որ Ադրբեջանի նման հնարավոր քայլը Մոսկվան դիտարկում է որպես իր տարածաշրջանային շահերի դեմ ուղղված ագրեսիա կամ թիկունքից երկրորդ հարվածը` Ադրբեջանից: Մանավանդ` եթե նկատի առնենք, որ Բաքուն ոչ միայն դեպի Ղազախստան և միջինասիական երկրներ ՌԴ-ն շրջանցող այլընտրանքային ճանապարհ է բացել թուրքական բեռների համար, այլ արդեն իսկ հավակնում է դառնալ նոր գործարկված Մետաքսի նոր ճանապարհի առանցքային տրանզիտային երկիրը և մրցակցել ռուսական տնարսսիբիրյան մայրուղու հետ:
Այս ամենով հանդերձ, սակայն, Մոսկվան չի ցանկանում փչացնել հարաբերությունները Բաքվի հետ: Հենց դա է, թերևս, պատճառը, որ Կրեմլում աչք են փակում Ադրբեջանի կողմից ԼՂ ուղղությամբ լարվածությունը մեծացնելու նկատմամբ՝ թերևս առաջնորդվելով այն մտայնությամբ, թե ավելի լավ է Ադրբեջանին թույլ տալ իր «տարածքային ամբողջականության խախտման» մասին բողոքել պատերազմ սկսելու սպառնալիքներով, քան սկսել այդ պատերազմը, որում ստիպած են լինելու ներքաշվել Հայաստանի միջոցով: Ադրբեջանում շատ լավ հասկանում են, թե ինչ փակուղային վիճակում են հայտնվել այդ առումով:
Պատահական չէ, որ որքան էլ Ադրբեջանի ԶՈւ-ն ԼՂ-ում ինտենսիվացնում է հայկական դիրքերի արկակոծումն ու գնդակոծումը, նախկինի նման չի համարձակվում սրել իրավիճակը նաև Հայաստանի հետ սահմանի երկայնքով: Պատճառը, թերևս, այն է, որ Բաքվում վստահ չեն, թե այդ դեպքում Հայաստանն ինքը չի փորձի օգտվել ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած ճգնաժամից: Այսինքն` առայժմ զուտ տեսականորեն չի բացառվում, որ, օգտագործելով իր սահմանների նկատմամբ Ադրբեջանի այդ հնարավոր ոտնձգությունները, Հայաստանը կարող է նույնիսկ անցնել հակահարձակման: Եվ պահանջելով Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի աջակցությունը՝ Հայաստանն ինքը կարող է լեգիտիմ հիմքեր ստեղծել առկա ստատուս քվոյի պայմաններում հակամարտության գոտում ռուսական ռազմական կոնտինգենտ տեղակայելու համար: Այդ դեպքում Բաքուն անորոշ ժամանակով կարող է մոռանալ տարածքներ վերադարձնելու մասին: Այս զգուշավորությունը, Ռուսաստանից, ինչպես նաև արդեն Իրանից զգացվող սպառնալիքները Բաքվին ստիպում են սեփական անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցների դիմել՝ առաջին հերթին կառչելով Թուրքիայից:
Բաքուն այսօր հայտարել է, որ Ադրբեջանը քննարկում է Սաուդյան Արաբիայի կողմից ստեղծվող` միջազգային ահաբեկչության դեմ իսլամական երկրների նոր կոալիցիային միանալու մասին: Այս կոալիցիայի մեջ են մտնում 34 երկիր, այդ թվում` նաև Թուրքիան և Քաթարը: Վերջիններս Սաուդյան Արաբիայի հետ միասին իրականում միջազգային ահաբեկչության ներկայիս ամենամեծ սպառնալիքի աղբյուրի՝ «Իսլամական պետություն» խմբավորման հովանավորներն են` ինքնին կասկածելի դարձնելով նման կոալիցիա ստեղծելու իրական նպատակները: Որ Բաքվի այս հայտը հիմնականում Ռուսաստանից և Իրանից պաշտպանվելու գործոնով է պայմանավորված, վկայում է այն հանգամանքը, որ, շիա դավանանքի կրող լինելով հանդերձ, Ադրբեջանը ձգտում է միանալ բնույթով սուննի, իսկ որոշ դեպքերում նաև սալաֆիզմի և վահաբիզմի համար զարգացման պարարտ հող ապահոված իսլամական երկրներից կազմված կոալիցիայի, որտեղ Թուրքիան, բնականաբար, դոմինանտ է լինելու: Արդյունքում` ստեղծվում է մի իրավիճակ, երբ Հարավային Կովկասը դանդաղ, բայց հաստատուն քայլերով մղվում է դեպի գլոբալ անկայունության գոտի՝ վերածվելով աշխարհաքաղաքական բևեռների նոր առճակատման թատերաբեմի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Գևորգ Դարբինյան