կարևոր
6532 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-09 12:12
Աշխարհ

Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Կարմիր ծովում ցանկացած սադրիչ գործողության մասին

Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Կարմիր ծովում  ցանկացած սադրիչ գործողության մասին

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր-Սաիդ Իրվանին Անվտանգության խորհրդին ուղղված նամակում զգուշացրել է ԱՄՆ-ի ցանկացած սադրիչ կամ անպատասխանատու գործողության մասին, որը կարող է վտանգել տարածաշրջանի, այդ թվում՝ Կարմիր ծովի խաղաղությունն ու անվտանգությունը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Fars»​ գործակալությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արտակարգ նիստ է տեղի ունեցել՝ քննարկելու Կարմիր ծովում ու Ադենի ծոցում տիրող իրավիճակը։ Նիստի ընթացքում ԱՄՆ եւ Իսրայելի ներկայացուցիչները մեղադրանքներ էին հնչեցրել Իրանի հասցեին։ 

Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանն ասել էր. «Այաթոլլահի ռեժիմը միակ բանն է, որը միավորում է Մերձավոր Արեւելքի ապակայունացման բոլոր տարրերը։ Իրանը ֆինանսավորում, զինում, մարզում ու ղեկավարում է Հութիներին, Համասին, Հեզբոլլահին Լիբանանում, այլ ահաբեկչական խմբավորումներին Սիրիայում, Իրաքում եւ Պաղեստինի Իսլամական Ջիհադին»:

Ամիր-Սաիդ Իրվանին նամակում նշել է, որ Իրանը կտրականապես մերժում է այդ նիստում հնչած անհիմն պնդումները։ «Այս մեղադրանքներն անապացուցելի են եւ չհիմնավորված։ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ մեծ կարեւորություն է տվել ծովային անվտանգությանն ու նավագնացության ազատությանը եւ ընդգծում է իր աննկուն հանձնառությունը՝ հավատարիմ մնալու միջազգային պարտավորություններին ու պահպանելու խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»:

Կարմիր ծովում բոլոր երկրների նավագնացության իրավունքների ու նավերի ազատության մասին ԱՄՆ-ի հայտարարությունները, իրանցի դիվանագետը որակել է որպես Պաղեստինում շարունակվող հանցագործությունների ու ցեղասպանության մռայլ իրականությունից շեղվելու փորձ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը զգուշացնելով ԱՄՆ-ի ցանկացած սադրիչ կամ անպատասխանատու գործողության մասին, որը կարող է վտանգել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը, խնդրում է Անվտանգության խորհրդին հավատարիմ մնալ Կարմիր ծովում առկա իրավիճակի պատճառներին առնչվող իր պարտականություններին: Անվտանգության խորհուրդը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի Իսրայելի ռեժիմին ստիպելու դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել  ագրեսիվ գործողությունները եւ խստորեն հետեւել մարդու իրավունքների օրենքներով ստանձնած միջազգային պարտավորություններին: Բացի այդ, Անվտանգության խորհուրդը պետք է ստիպի Իսրայելի օկուպացիոն ռեժիմին ամբողջությամբ կատարել 2712 եւ 2720 բանաձեւերը․ բանաձեւեր, որոնք պահանջում են նվազագույն պարտավորությունները՝ հեշտացնելու եւ ապահովելու մարդասիրական օգնության արագ, անվտանգ ու անարգել առաքումը Պաղեստինի ժողովրդին ողջ Գազայի հատվածով»: