կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-25 12:48
Քաղաքական

Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի վերաբերյալ բանակցությունների նոր փուլ է մոտենում. Զոհրաբ Մնացականյան

Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի վերաբերյալ բանակցությունների նոր փուլ է մոտենում. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։ Հարցին, թե հունվար-փետրվար ամիսներին խոսվում էր Վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի մասին, արդյոք սա օրակարգո՞ւմ է Հայաստանի և Վրաստանի,  նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում, արտգործնախարար պատասխանել է, որ այլընտրանքային այդ ճանապարհն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին և Վրաստանին, և այդ առումով բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվում են:

«Բնականաբար, մենք շատ ուշադիր հետևում ենք և խոսում ենք դրա մասին մեր երկու գործընկերների` և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ: Բայց բանակցող կողմերը Ռուսաստանն ու Վրաստանն են: Մենք բնականաբար դրա մասին խոսել ենք նաև այսօր և շարունակում ենք հետևել` հույս ունենալով, որ իրապես կլինի իրավիճակ, երբ հարցի հանգուցալուծումն ավելի տեսանելի, շոշափելի կդառնա»,– ասել է նա: 

Ի պատասխան հարցի, թե դա մոտ ապագայի՞ խնդիր է, Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Ես կարող եմ հույս հայտնել, որ դա կարող է լինել, որովհետև բանակցությունների նոր փուլ է մոտենում: Ինչպես դա կընթանա և ինչ առաջխաղացում կարող է լինել... իհարկե հարցին հետևելով և խորհրդակցելով, խոսելով մեր գործընկերների հետ` կարող եմ ուղղակի հույս հայտնել, որ կլինի նման իրավիճակ, բայց դրանից ավել չեմ կարող ասել»,– ասել է նա: 

«Ինչ վերաբերում է Ձեր մյուս հարցին, թե ինչ օրակարգով ենք աշխատում` չափազանց լայն օրակարգ է: Նկատի առեք, որ ունենք բավական կայուն կանոնավոր երկխոսություն մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Այս մեկ տարվա ընթացքում արդեն տեղի են ունեցել երկու խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև, մենք` իմ գործընկերոջ հետ բավական ակտիվ ենք շփվում և հաճախ առիթներ ենք ունենում միասին աշխատելու և որևէ սահմանափակում չունենք որևէ պահի և ցանկացած ձևով շփվելու առումով: 

Այս պաշտոնական այցի շրջանակներում մենք նորից անդրադարձանք այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են մեր երկու երկրների անվտանգային համակարգերին և այն մարտահրավերներին, որ առնչվում են մեր անվտանգային համակարգերին: Նաև ընդգծեցինք այն, ինչ շատ բնական համատեղ շահագրգռվածություն է՝ զարգացնելու հարաբերությունները այն ուղղությամբ, որոնք ներդրում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Այդ առումով մեր երկու երկրները ունեն շատ ընդգծված հետաքրքրություն  և շահագրգռվածություն: 

Մենք շատ բավարարված ենք այդ բավական ակտիվ  դինամիկայով, որ գոյություն ունի մեր երկկողմ հարաբերություններում այս տարվա ընթացքում: Գիտեք` որքան հանդիպումներ են եղել բոլոր մակարդակներով, վարչապետների մակարդակով հարաբերությունները բավական ակտիվ են, նախագահների մակարդակով այդ ակտիվ հարաբերությունները և շփումը կան, կա խորհրդարանական հարթակը, որտեղ նույնպես բավական ակտիվ աշխատանք է տարվում»,– ասել է Զոհրաբ Մնացականյանը: 


ՀՀ արտգործնախարարը նաև նշել է, որ փորձում են էլ ավելի քաջալերել բիզնես շրջանակների, քաղաքացիական հասարակությունների շփումները, համատեղ աշխատանքը բոլոր մակարդակներով: 

«Սա նույնպես բնականաբար այն հարցերից է, որին մենք անդրադարձել ենք և՛ Վրաստանի նախարարի, և՛ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Եվ  մեզ համար աշխատելու շատ մեծ հիմք են Երևանում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որոնց ծավալը բավական մեծ է: Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի՝ ենթակառուցվածքներից մինչև տնտեսության, կրթության, գիտության, զբոսաշրջության և այլ ոլորտներին: Բավական ծավալուն են հարաբերությունները և ծավալուն է օրակարգը, որը ձևավորվել է մեր կառավարությունների միջև և արտահայտվել է միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում: Դրա հարցերը, և որոշ հարցերին անդրադառնալը, որոնք բխում էին միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներից, նույնպես այսօր մեր օրակարգային հարցերն էին և արտահայտվել են թե՛ արտգործնախարարի, թե՛ Վրաստանի վարչապետի հետ հանդիպումներ ժամանակ»,– ասել է նա:

Զոհրաբ Մնացականյանը նաև նշել է, որ իսկապես  շատ զգացված է Վրաստանում բավական ջերմ ընդունելության արժանանալու համար։ «Շատ բարեկամական մթնոլորտում աշխատում ենք միասին, և նաև շատ տպավորիչ էր այն, որքան անմիջապես Վրաստանի վարչապետը իր ներդրումն է ունենում այն աշխատանքին, որ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը»,– ասել է նա: