|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելու հարցում բնական է, որ միակողմանի ճանապարհ չի կարող լինել, և եթե մենք իրապես ցանկանում ենք նպաստել այդ գործընթացին, ապա ներդրումը պետք է լինի յուրաքանչյուր կողմից. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք հասկանում ենք, որ կան որոշ նոր գաղափարներ, որոնք արտահայտվել են մեր կողմից, որովհետև գոյություն ունեին 20 տարվա ձևավորված ձևաչափը և տարբեր գաղափարները։ Մենք փորձում ենք մեր նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ և վստահությամբ զարկ տալ, աջակցել նրան, որպեսզի կարողանանք իրապես արդյունավետ շարժվել առաջ այս բանակցային գործընթացում», - նշեց ՀՀ արտգործնախարարը։
Դիտարկմանը, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Մադրիդյան սկզբունքները հնացած է համարում, հարցին` դա չի՞ խոսում Հայաստանի և Արցախի դիրքորոշումների տարբերության մասին, Մնացականյանը պատասխանեց. «Մասիս Մայիլյանն արտահայտվել է որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար: Մենք Արցախի իշխանությունների հետ շարունակական աշխատում ենք: Փոխանակում ենք մեր մոտեցումները, դիրքորոշումները, որն արտահայտում է նաև իրականությունը, որովհետև սա իսկապես պրակտիկ հարց է այն առումով, որ Հայաստանի իշխանությունները և Արցախի իշխանությունները տարբեր միավորներ են։ Մենք չենք հրաժարվում մեր դերակատարությունից, երբևէ չենք հրաժարվել։ Այո, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Մենք աշխատում ենք և կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման և բանակցությունների Արցախի` մեր գործընկերների հետ: Դա շատ նորմալ երևույթ է»: