կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-26 16:35
Քաղաքական

Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ, կարծես, սայլը տեղից շարժվում է. վրացագետ

Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ, կարծես, սայլը տեղից շարժվում է. վրացագետ

Վրացագետ Ալիկ Էրոյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ 2008թ-ի վրաց-ռուսական կարճատև ընդհարումը երկար տարիներ է՝ խնդրի առջև է կանգնեցրել հատկապես Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակը բեռնափոխադրմամբ զբաղվող անձանց ու կազմակերպություններին:

Հայտնի է, նաև որ բեռների մեծ մասն անցնում է Դարիալի կիրճով և Լարսի անցակետով: Աշխարհագրական անբարենպաստ դիրքի պատճառով նշված հատվածում հաճախակի տեղի ունեցող հատկապես անակնկալ բնական աղետները՝ ջրհեղեղներ, փլուզումներ և այլն, մեծ վնասներ են հասցնում թե՛ սովորական այցելուներին, և թե՛ բեռնափոխադրող սուբյեկտներին, որոնք երբեմն ստիպված են լինում օրերով սպասել ճանապարհի վերականգնմանը: Նշվածի բազմաթիվ փաստեր կան, բացառություն չեն նաև վերջին տարիները:

Մյուս կողմից, Հայաստանի պարագայում, գնալով արտահանման ծավալներն աճում են, իսկ ցամաքային բեռնափոխադրումների մատչելիության պայմաններում այդ տեմպը կարելի է զարգացնել, հասնել ավելի դրական արդյունքերի: Սակայն նշվածի համար անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային ուղիներ, իսկ դրան հասնելու համար՝ անընդհատ ՛՛բզել՛՛ վրացական և ռուսական կողմերին: Խնդիրն այն չէ, որ վրացական կողմը դեմ է այլընտրանքին: Իհարկե իրենք ևս շահագրգռված են, որպեսզի իրենք և իրենց ապրանքները անարգել մուտք գործեն ռուսական տարածք, պարզապես բոլորին հայտնի քաղաքական խնդիրները մշտապես հետ են մղում այլընտրանքային ճանապարհի բացման հնարավորությունը:

Բայց ոնց-որ սայլը տեղից ուզում են շարժել, հայկական կողմը պատրաստվում է համապատասխան քննարկումներ ծավալել վրացական և ռուսական կողմերի հետ, այս անգամ խոստանում են ավելի վճռական լինել: Իսկ որպես Լարսին այլընտրանք, կամ այդ ուղղությունը բեռնաթափելու տարբերակ կարելի է դիտել Աբխազական երկաթուղու վերագործարկումը, հարավօսական ուղղության վերաբացումը, ապա նաև՝ ավարա-կախեթական ճանապարհը, որի ուղղությամբ, ի դեպ, ռուսական կողմն իր հատվածում որոշակի աշխատանքներ արդեն իսկ իրականացրել է:

Վերջինի դեպքում, իհարկե, Վրաստանում անհանգստություն կա, որ այդ ճանապարհի վերաբացումն առավել ձեռնտու է ռուսներին՝ որպես ռազմավարական հենակետային ուղղություն, թեև վերջին տարիներին, որոշակիորեն թուլացել է այդ մտավախությունը, նույնիսկ Վրաստանի անվտանգության խորհդի քարտուղար Իմերլիշվիլին կարծիք է հայտնել, որ ավարա-կախեթական ճանապարհը միակ վտանգավոր ուղղույթունը չէ, և եթե Մոսկվան փորձի հարձակում գործի Վրաստանի ուղղությամբ, ապա կարող է անել դա մյուս ուղղություններից ևս:

Այնպես որ, անհրաժեշտ է երկխոսել հատկապես վրացական կողմի հետ, թերևս հանդիսանալ նախաձեռնող նաև միջնորդ կողմ, որպեսզի, ի վերջո, այդքան չարչրկված Լարսի հարցը դառնա երկրորդական, և հայկական և ռուսական շուկաներն ավելի անխափան կապված լինեն միմյանց հետ: Հավելենք նաև, որ 2016թ.-ի տվյալներով Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելացել են, իսկ Ռուսաստանն արդեն իսկ հանդիսանում է Վրաստանի ամենախոշոր առևտրային երեք գործընկերներից մեկը:

Նշվածը խոսում է այն մասին, որ ռուս-վրացական լարված քաղաքական հարաբերությունները, գնալով թուլացնում են իրենց բացասական ազդեցությունն այդ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վրա: Ուստի գործել է պետք»: