Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լարսին այլընտրանք գտնելու հարցի շուրջ բանակցություններ, քննարկումներ տարվում են: Այս մասին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը` պատասխանելով հարցին, թե նախորդ իշխանությունը հայտարարում էր, որ Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ քննարկումներ են գնում, արդյո՞ք այսօր այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են:
Արշակյանը նշեց, որ քննարկումներ, այո, ընթանում են, սակայն արդյունքների մասին որևէ ինֆորմացիա այս պահին չի կարող հրապարակել: «Հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք ունենք, այս պահին չեմ ցանկանա որևէ մեկնաբանություն անել, որպեսզի բանակցային գործընթացին վնաս չհասցնեմ: Բացի այդ` դրանք եռակողմ բանակցություններ են, և որպես երրորդ կողմ` չեմ ուզում այս պահին մեկնաբանություններ անել»,- ասաց նա:
Արշակյանը նշեց, որ խոսքը Փոթի-Նովոռոսիյսկ ճանապարհի մասին չէ, քանի որ այնտեղ մենք լաստանավային ճանապարհ ունենք, և չի կարծում, որ այնտեղ խնդիր կա: «Այդտեղ մի պահ մեկնաբանությունների առիթ էր դարձել «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի և մեր տնտեսվարողների միջև եղած տնտեսական բանավեճը գնի և ծավալների ապահովման հետ կապված: Լաստանավային ճանապարհը ըստ անհրաժեշտության է գործում, և այդտեղ մենք դադարեցում չունենք»,- հայտնեց նա:
Արշակյանը տեղեկացրեց նաև, որ ՌԴ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ բանակցություն է եղել այն մասով, որ Ռուսաստանն իր սահմանային անցակետերի արդիականացման մասով ծրագիր ունի, և Լարսը նույնպես պետք է ներգրավված լինի այդ ծրագրում` որպես կրիտիկական անցակետ և ՀՀ-ի համար կարևորագույն կետ: «Գլոբալ արդիականացում է տեղի ունենում, որը կմեկնարկի այս տարի: Այդ արդիականացումները ենթակառուցվածքներին նույնպես վերաբերելու են, այսինքն` ժայռերի քանդում, լայնացում պետք է լինի, և մենք բանակցություններ ենք վարում նաև, որպեսզի այդ սեզոնին բեռնափոխադրումների ընդհատումներ չլինեն»,- ասաց Արշակյանը: