Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը.
«Հարգելի գործընկերներ,
Երկրորդ անգամ է, որ Հայաստանը մասնակցում է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի կողմից հյուրընկալվող Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին: Այս համաժողովը լավ հնարավորություն է ընձեռում միասնաբար վերհանելու կրոնի կամ հավատքի ազատության պաշտպանության և խթանման ուղղությամբ արդյունավետ ուղիները և գործընկերությունները։
Լինելով մարդու իրավունքների համընդհանուր մոտեցման աջակից՝ Հայաստանը խրախուսում է հասարակության ընդհանուր ժողովրդավարացման շրջանակներում մարդու իրավունքների միջազգային գործիքներին անդամակցումը և կրոնական ազատության ապահովման նպատակով ամուր հանձնառությունների ստանձնումը:
Անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա ոչ բռնի հեղափոխությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց հանդուրժողականության, խտրականության բացակայության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի ուժը և նրանց արժեքը մեր հասարակության մեջ:
Գործընկերներ,
Կրոնը ինքնության արտահայտման և պաշտպանության ինստիտուտ է: Մեր պատմությունը դրա խոսուն վկայությունն է: Բոլոր կրոնների հանդեպ հանդուրժողականությունը և հարգանքը, քրիստոնեական ժառանգությունը, միասին ապրելու և այլ հավատքների հետ գոյակցելու երկատատև պատմությունը մեր ազգային փորձի մասն են:
Կրոնի և հավատքի ազատությունը բացարձակ մարդկային իրավունք է, որը որևէ հանգամանքի պարագայում՝ ներառյալ հակամարտային իրավիճակներում, չի կարող վերացվել կամ սահմանափակվել:
Կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը կարևոր դեր է խաղացել մարդու իրավունքների ժամանակակից համակարգի ստեղծման գործում, որը հստակ ամրագրեց, որ մարդու իրավունքների կոպիտ ու զանգվածային խախտումները չեն կարող համարվել ներքին գործ, այլ դրանք պետք է լինեն միջազգային հանրության բոլոր անդամների օրինական մտահոգության առարկա:
Կրոնական խմբերի պաշտպանությունը հստակ սահմանված է հանցագործությունների կանխման միջազգային գործիքակազմով, ինչպիսիք են՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան:
Կրոնական խմբերի դեմ զանգվածային վայրագությունների կանխարգելումը բացարձակ առաջնահերթություն է Հայաստանի համար: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում լինել հալածված կրոնական խումբ ճնշումներ գործադրող համակարգում: Մեր պարտականությունն է աջակցել բոլոր նրանց, ովքեր հալածանքի են ենթարկվում, այդ թվում՝ կրոնի և հավատի հիման վրա:
Հայաստանն ապաստան է դարձել կրոնական մի շարք խոցելի փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների և ասորիների համար։ Այսօր եզդիները Հայաստանի զորեղ փոքրամասնությունն են, և մենք շատ հպարտ ենք, որ այս հինավուրց ժողովուրդն իր հայաստանյան հայրենիքում կբացի ամենամեծ տաճարը։ Աշխարհի հնագույն Քրիստոնեական եկեղեցիների և Երևանի հիասքանչ Կապույտ Մզկիթի հետ մեկտեղ այն կխորհրդանշի հավատքի և հանդուրժողականության գեղեցկությունը։
Ցավոք, Մերձավոր Արևելքում մենք ականատես ենք լինում զանգվածային վայրագությունների, ներառյալ՝ եզդիների և քրիստոնյաների հանդեպ իրականացվող ցեղասպան գործողությունների կրկնությանը: Այս հալածանքները տեղի են ունենում կրոնի անունից, քանզի կրոնը հաճախ չարաշահվում է նրանց կողմից, ովքեր բռնություն են իրականացնում կամ արդարացնում այն։
Կրոնական տարբերությունների վկայակոչմամբ՝ զոհերի և հանցագործությունն իրականացնողների միջև հավասարության նշան դնելու փորձերը սին են մի պարզ պատճառով․ ի տարբերություն զոհերի, հանցագործություն իրականացնողները չեն ներկայացնում որևէ կրոն, և կրոնական համերաշխության կոչերով կամ կրոնի հետևում թաքնվելով՝ ծանր հանցագործությունները, այդ թվում` ցեղասպանությունն արդարեցնելու փորձերը վիրավորանք են ցանկացած կրոնի հանդեպ։
Հալածանքների ենթարկված համայնքների վերականգնումը, հավատքի վայրերի, կրթական և այլ գույքի վերադարձը և վերականգնումը կրոնի ազատության պաշտպանության առանցքային բաղադրիչներն են։
Այսօր մենք ապաստան ենք տվել ավելի քան 20 հազար փախստականների Մերձավոր Արևելքից և տեղում վերջիններիս ցուցաբերել օգնություն:
Հայաստանը պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի վերստին հառնի Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պատմական ներկայությունը նրանց կյանքի, համայնքների և եկեղեցիների վերականգնման միջոցով: Հայ ժողովուրդը պատմականորեն նշանակալի ներդրում է ունեցել Մերձավոր Արևելքում երկրների և հասարակությունների բազմազանությանը, ներդաշնակությանը և զարգացմանը: Այս համաժողովը գերազանց հարթակ է ընձեռում այս ուղղությամբ գործընկերություններ նախաձեռնելու համար:
Գործընկերներ,
Մենք ողջունում ենք այս համաժողովը և հույս հայտնում, որ այն կդառնա ամենամյա միջոցառում: Մենք համոզված ենք, որ այն կընդլայնի միջազգային կոնսենսուսի ամրապնդման և կրոնական ազատության պաշտպանության հարցերով զբաղվող ցանցերի ստեղծման հնարավորությունները:
Կրոնական ազատությունը կարևոր է ցանկացած կրոնի ներուժի բացահայտման տեսակետից՝ որպես խաղաղության, ներդաշնակության, պատկանելության զգացումի և մարդկության ապագայի հանդեպ լավատեսության ուժի:
Շնորհակալություն»: