Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ընտանեկան բռնությունը, որպես առանձին հանցագործություն, քրեականացված չէ, սակայն կա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված համապատասխան օրինագիծ, որը, սակայն, մերժվել է ՀՀ կառավարության կողմից 2013 թ. հունվարին։
Yerkir.am-ի հետ զրույցում «Կանանց իրավունքների կենտրոն»-ի տնօրեն Սուսաննա Վարդանյանն ասաց, որ նոյեմբեր ամսին ունեցել են ընտանեկան բռնության մասին 83 ահազանգ, ընդ որում` այս տարի, նախորդ տարվա համեմատ, դիմողների թիվը շատացել է։
Ըստ մեր զրուցակցի` ընտանեկան բռնության դեպքերի մասին հաճախ չեն բարձրաձայնում։ Պատճառները բազմազան են։ ՀԿ-ի տնօրենը նշեց դրանցից մի քանիսը: «Ելնելով մեր փորձից` կարող եմ ասել, որ երբ մենք իրազեկում ենք, որ` ընտանեկան բռնության ժամանակ կարող եք դիմել մեզ, կանայք չեն դիմում` հաճախ չհասկանալով, թե ընտանեկան բռնությունն ինչ է։ Այսինքն` այն, ինչ կատարվում է նրանց ընտանիքում, նրանք որպես բռնություն չեն ընկալում, որպեսզի դիմեն համապատասխան տեղեր։ Երկրորդ` նման կառույցները քիչ են Հայաստանում, և միշտ չէ, որ կարողանում ենք հասնել հեռավոր գյուղում նստած կնոջը, որ իրազեկենք նրան»,- ասաց Սուսաննա Վարդանյանը։
Նա նաև հավելեց, որ շատ դեպքերում կանայք ամաչում են հասարակությունից և չեն ցանկանում բողոքել իրենց երեխայի հորից։
«Մեր կազմակերպությանը դիմողների գաղտնիությունը ապահովվում է։ Դիմողն իր իրական անունը չնշելու իրավունք ունի։ Ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաների համար հատկացվում են ժամանակավոր ապաստարաններ, որոնք գործում են միայն Երևանում»,- ասաց ՀԿ-ի տնօրենը` կանանց հորդորելով հույսեր չփայփայել, որ բռնություն իրականացնողը մի օր կփոխվի։
«Բոլորին զգուշացնեմ, որ այդ բնավորությունը երբեք չի փոխվում, այսինքն` եթե մեկ անգամ բռնություն է եղել, և կինը միջոցներ չի ձեռնարկել` դա կանխելու համար, սովորաբար, հետո կրկնվում է: Կինը պետք է հենց առաջին բռնության դեպքից հետո քայլեր ձեռնարկի, որովհետև այդ դեպքերը երեխաների վրա նույնպես վատ ազդեցություն են թողնում»,- եզրափակեց Սուսաննա Վարդանյանը։