Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը, անդրադառնալով կանաչած Սևանի խնդրին, լրագրողների հետ հանդիպման ժամանակասաց, որ, առաջին հերթին, պետք է հասկանալ, թե ինչ քանակությամբ են Սևան լցվում ֆոսֆոր պարունակող օրգանական նյութերը:
Կոնկրետ օրինակ բերելով` նա նշեց` եթե վերցնենք մեկ օբյեկտ, որ այցելուների պակաս չի ունենում, ապա տխուր պատկեր կստացվի: «Եթե տասը տարի առաջ ձկնորսը հանում էր սիգ ձուկը, այն մաքրում ու լցնում Սևանը, ճայերը միանգամից ուտում էին թափոնը, հիմա հարյուրավոր տոննա սիգի թափոնը միանգամից լիճն են լցնում, և պարզ է` ճայերն այդքան թափոն ուտել չեն կարող: Ո՞ւր են գերատեսչությունն ու «Սևան» ազգային պարկը: Նրանք չգիտե՞ն, որ Սևանում արգելված է սիգի որսը, չգիտե՞ն, թե ամեն մի օբյեկտ ինչքան ձուկ է որսում: Ուզո՞ւմ ես գաթա գնել Սևանում, ու ոչ թե սովորական խորիզով գաթա են վաճառում, այլ արգելված սնկից պատրաստված գաթա: Ես հասկանում եմ, որ այդ օբյեկտները փակելը դժվար է, բայց մյուս կողմից արձանագրենք, որ մի քանի հարյուր անգամ ավելացել են Սևան մտնող կոյուղաջրերը»,- ասաց բնապահպանը` ընդգծելով, որ կառավարությունը հարցը լուծելու համար պետք է պատրաստ լինի, կոնկրետ միջոցառումներից բացի, քաղաքական կամք ցուցաբերել:
Զարաֆյանը նաև հռետորական հարց բարձրացրեց` մեր պետությունը վերջապես պե՞տք է հասկանա, թե ինչ է իրեն պետք` բիզնեսի զարգացո՞ւմ, Սևանի օգտագործո՞ւմ, վերականգնողական գոտու ստեղծո՞ւմ, թե՞ Սևանի` որպես էկոհամակարգի փրկություն: Նա նաև շեշտեց Սևանի` 38 մլրդ խոր. մետր խմելու ջրի մասին` հիշեցնելով, որ ամեն լիճ չէ, որ խմելու ջրի որակ ունի:
Բանախոսն անընդունելի համարեց արդարացումը, թե փոքր Սևանի ճահճացման պատճառը ջերմաստիճանի բարձր լինելն է, ի՞նչ է, գլոբալ տաքացման միջազգային փաստաթղթերը ստորագրելիս չգիտեի՞ն, որ ջերմաստիճանը բարձրանալու է, ու հնարավոր է, որ այսպիսի խնդիրների առաջ կանգնեն: «Այսինքն` իմանալով հանդերձ, պատրաստ չեք եղել, իսկ լուծումները շատ կարող են լինել, բայց դրանց ցանկը չկա, կա ուղղակի լավ ցանկություն` եկեք մաքրենք և այլն: Իսկ որպեսզի մարդկանց ասեն` վտանգավո՞ր է Սևանում լողալը, թե՞ ոչ, պետք է գնահատեն ռիսկայնությունը, բայց կառավարությունից, երբ հարցն այս աստիճան հրատապ էր դրված, ոչ մի գնահատում չստացանք: Սկզբից հանգստացնող հայտարարություն եղավ, հետո անհանգստացնող հայտարարություն, հետո` ուղիղ, հստակ հայտարարություն, որ, իրոք, ունենք մի շարք խնդիրներ: Հրատապ միջոցառումների առաջարկություններ մինչ այժմ չեն եղել: Եթե այժմ ասում են, թե ճահճացումն այդքան էլ վտանգավոր չէ, հարց եմ ուզում տալ` իսկ ո՞վ է սահմանել վտանգավորության աստիճանը: Նախարարությունն, ի դեպ, անցած տարի լճի գնահատման գործընթացի մեջ հրաժարվեց ընդգրկել գիտնականներին` պատճառաբանելով, թե իրենք ունեն այդպիսի փորձագետներ: Բա եթե ունեն` ինչո՞ւ չեն հրավիրում փորձագետներին ու միջոցառումներ ձեռնարկում: Կառավարությունը պետք է լուրջ վերաբերվի խնդրին, հասկանա, որ խնդիրը կա, որ Սևանը վատ վիճակում է: Վարչապետի ու ամբողջ կառավարության լողալը չի ստիպի մարդկանց, որ գնան ու լողան. ով վախենում է, չի գնա, չի լողա»,- ասաց բնապահպանը:
Իրինա Զարաֆյանի համար ընդունելի չէ նախարարության` մոտ երկու ամիս առաջ տարածած հայտարարությունը, թե ազոտի ու ֆոսֆորի համար ստանդարտ չունեն: «Է, չունեք, ընդունեք, ի՞նչ է, փորձագետներ չունե՞նք: Ընդունե՛ք այդ ցուցանիշները: Այսինքն` անհնա՞ր է որոշել, թե քանի անգամ է բարձր ֆոսֆորը: Դա անընդունելի հայտարարություն էր: Մյուս կողմից էլ` Սևանում կրճատվել են ձկնապաշարներն, ու ձկները չեն ուտում օրգանական նյութերը, ինչը նույնպես մաքրման ձև է: Լճի ինքնամաքրման հանգամանք, իհարկե, կա բայց այս վիճակում հնարավոր չէ խնդիրը թողնել միայն Սևանի հույսին: Եթե այսպես շարունակվի, հնարավոր է, որ սեպտեմբերի սկզբին ականատես լինենք Սևանի ծաղկման երկրորդ փուլին: Մենք տեսնում ենք իբր մաքուր Սևանը, բայց դա զարգացող ու վտանգավոր նյութեր արտանետող ջրիմուռների ցիկլի մասն է»,- ամփոփեց բնապահպանը: