կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-28 23:19
Արցախ

1994. Ծաղկած խրամատներ

1994. Ծաղկած խրամատներ

«Շտապ օգնության» մեքենան կանգ առավ գյուղամիջում:

Մայրը երեխային ասաց. «Մի տես էն ի՞նչ մեքենա է»:

Երեխան վազեց եւ հետ եկավ, սարսափած նայեց մոր աչքերին

ու ասաց. «Մա՛մ, ես լսեցի, մեքենայի մեջ պապային են բերել…սպանված»:

1994թ. Արցախ

Շարունակում եմ ընթերցողին ներկայացնել ազատամարտիկի հուշագրությունը, եւ եթե դու, ընթերցող, տեսել ես պատերազմը, ուրեմն՝ դու էլ ես սրտով զգում ու շոշափում այս պատմության զարկերակը…

Պատերազմի անցած տեղերում ամայություն է մնացել: Այդ տեղերը մարդկանց սրտերում են, ոչ թե հողի վրա: Կիսատ մնացած մանկության, սիրո, երջանկության, երիտասարդության, անավարտ երազանքների դժգույն կերպարանքներ են թափառում այդ վայրերով, բայց մարդը չի հաշտվում, նա շարունակում է պայքարել պատերազմի թողած դատարկության դեմ, շարունակում է ապրել՝ հավատալով, որ իր հոգու խրամատներում անպայման մի օր ծաղկելու են մանուշակները…

/խմբագրի կողմից/

Մաս երկրորդ

Մահվան հետ կատակելու ժամանակը

Մեր՝ իմ, Դավիթի, Արտիկի, Վալերիկի, Արտուրիկի ընկերությունն ամրացավ կռիվներում: Մենք գիտեինք՝ իրար թիկունք ենք: Դե, բացի այդ էլ, բոլորս էինք իրար թիկունք, որովհետեւ քիչ էինք ու հասկանում էինք՝ եթե իրար թիկունք չլինենք, պատերազմը մեզ մեկ-մեկ կպոկի, դեն կշպրտի՝ առանց ափսոսանքի:

Փետրվարի 11-ին արդեն գնդում էինք: Մեզ միացան նաեւ գնդի տարբեր գումարտակներից եկած զինվորներ: Գնդի հրամանատար Նելսոնը խոսեց մեզ հետ, բացատրեց մեր գործունեությունը, ոգեւորեց կարգին, անպայման շեշտեց, որ «Լօխ լյավ ա» լինելու եւ ծանոթացրեց վաշտի հրամանատար Գարիկի հետ: Ցրվեցինք: Դեռ շատ բան խորթ էր, փորձում էինք տեղներս գտնել: Պիտի տեղավորվեինք, բայց դեռ ոչինչ չկար տեղավորվելու համար, երկաթե մահճակալներ պիտի բերեին, սակայն ուշանում էր: Պատահական մտա առաջին «վագոնչիկ» եւ այնտեղ հանդիպեցի հեռավոր բարեկամիս: Վերջինս ասաց, որ կարող ենք այդ «վագոնչիկում»* տեղավորվել: «Արքայական տեղ է, համ էլ, որ շատ լինենք, տաք կլինի»,- ծիծաղեց: Դուրս եկա, տղաներին ասացի, որ լավ տեղ ունենք գիշերելու համար: Մեզ միացան նաեւ Գիշի գյուղից մի քանի հոգի: Հաջորդ օրը հրամանատարը հաստատեց, որ դա արդեն մեր մշտական քնելու տեղն է լինելու: Մենք արդեն հասցրել էինք հարմարվել «արքայական տեղին», եւ այն արդեն ամենատաք տեղն էր թվում փետրվարյան ցրտին:

Վագոնչիկում մի ազատ մահճակալ էր դրված, որտեղ ոչ մեկը իրավունք չուներ պառկելու, դա գիշեցի Արայիկի տեղն էր, նա նոր էր զոհվել, եւ ամեն անգամ, երբ զրուցում էինք, թվում էր՝ նա իր տեղում նստած է, ներկա է… Ոչ ոք իրավունք չուներ կասկածելու նրա ներկայությանը:

Մենք արդեն հարմարվում էինք իրար, ու մեկ-մեկ թվում էր՝ բոլորս նույն մորից ենք, նույն տնից ենք էստեղ եկել: Հստակ օրակարգ կար. առավոտ շուտ լվացվում էինք, եղած-չեղածով նախաճաշում, մաքրություն անում, փայտ հավաքում, սպասում տագնապի հրամանի եւ այլն: Մեզ նաեւ նոր զինվորական համազգեստներ էին տվել /ինձ թվում է՝ դա աշխարհի միակ հագուստն է, որ բոլորին սազում է/… Բայց ես կարոտում էի դիրքի կյանքը, դիրքում ո՜վ էր շոր-մոր հանում, պառկում-քնում, մահճակալն էլ երանություն էր, իսկ այստեղ ուրիշ էր՝ գիշերը հանվում էինք, պառկում մարդավարի, թեկուզ հաճախ էր տագնապի ազդանշան լինում: Ես զգացի՝ տղերքն էլ են կարոտում դիրքը, երևի հարմարվել էինք հողի հոտին, ձմռան քամուն, սառչելուն… Այստեղի տարբերությունը նաեւ այն էր, որ հասցնում էինք իրար հետ զրուցել, կատակներն էլ անպակաս էին:

10 օր էր արդեն` գյուղ չէինք գնացել, ու ամեն մեկը ենթադրություններ էր անում:

– Պատկերացնու՞մ ես` էս նոր համազգեստով ու նոր ավտոմատներով , որ գյուղ մտնենք: Երևի աղջիկները կսիրահարվեն չէ՞, ախր էսպես սիրուն դեռ չենք եղել կյանքներումս: Թազա շորը լավ բան է էլի՜…Համ էլ, մի քիչ գողական կպահենք մեզ,- կատակեց Արտուրիկը:

– Որ մի մեքենա էլ լինի, մի բարձրախոս էլ, իսկը գտած բան կլինի, լրիվ ուրիշ «էֆեկտ» կլինի, – հռհռաց Վալերիկը:

Բոլորս հռհռացինք:

– Հռհռացեք, քանի դեռ ապրում եք, – փիլիսոփայեց մեկ ուրիշը:

Հրամանատարության թույլտվությամբ հաջողվեց երկու օրով գյուղ գնալ, լողանալ վառարանի վրա տաքացրած անմահական ջրով: Հետո իջա գյուղամեջ: Ուզում էի ծայրից ծայր քայլել գյուղով, վազել, վազելիս մանկանալ, նորից խաղալ թաղի տղերքի հետ: Հիշեցի դպրոցական տարիներս, թե ինչպես էր մայրս ամեն անգամ ծնողական ժողովներից դժգոհ վերադառնում, որովհետեւ գնահատականներով չէի փայլում: Հիշեցի, որ երբեւէ մորս ծննդյան օրվան նվեր գնած չկամ, ու սիրտս ճմլվեց, ուզեցի բարձրաձայն ներողություն խնդրել, բայց փոխարենը բերանիցս դուրս թռավ. «Մա՛մ, խոստանում եմ, որ ողջ-առողջ տուն կգամ»: Քամին սուրաց ականջներիս տակ, ու ինձ թվաց մորս ձայնը լսեցի. «Դա ինձ համար ամենամեծ նվերը կլինի…»:

Գիժ մանկությունս մնացել էր գյուղի անտառներում, սարերում, իսկ երիտասարդությունս մարտադաշտ էր վազում, թուրքի հախից գալ էր ուզում, երիտասարդությունս ժամանակ չուներ, շտապում էր, պատերազմ էր …

Գնդից մեքենա ուղարկեցին մեր հետեւից, պետք էր վերադառնալ: Անձրևում էր: Օրը մռայլ էր, որոշեցինք երգել, տաքանալ, անձրևն ու ցեխը արհամարհել: Մեկ էլ, Դավիթն ինձ թե.

– Պատկերացնու՞մ ես, դու էս կռվում զոհվես, բայց չկարողանանք վրադ լաց լինել, գանք ու սկսենք երգել, երգել հա՜ երգել:

– Ի՞նչ երգ եք երգելու, – կատակեցի ի պատասխան:

– Դե ասա, որ իմանանք, քո ուզած երգերը երգենք:

Ծիծաղ: Այս հիմար կատակներն արդեն մշտապես խառնվել էին մեր զրույցներին, դարձել էին սովորական, որոշել էինք մահվան սպառնալիքին կատակով նայել:

– Իսկ եթե ես զոհվեմ, ի՞նչ կանես, – նորից հիմար հարցով ինձ նայեց Դավիթը:

– Ես, Արտիկը, Վալերիկը ամեն օր կգանք ձեր տուն, հորդ հետ սեղան կնստենք, ամեն օր կենացդ կխմենք, կստիպենք, որ հայրդ էլ խմի: Կպարենք ու կստիպենք, որ հայրդ էլ պարի, որովհետեւ դու հաստատ չես ուզի, որ մենք տխրենք, չէ՞:

– Ա դե բո՜լ եղավ, ինչքան տակից-գլխից դուրս տվեցիք, – մեջ մտավ Վալերիկը,- էդ որ էդպես հավեսով մեռնում եք, գոնե մի նորմալ նկար ունե՞ք գերեզմանի քարի համար:

– Չէ, ես պիտի նկարվեմ, – քրքջում է Դավիթը, – բայց ամենասիրուն նկարս կդնեք, որ աղջիկների համար սիրուն մնամ, համ էլ՝ լացեն ինձ համար:

– Բայց չե՞ք ջոկում, տղե՛րք, էս պատերազմը մեզ լրիվ լկստված է սարքել, ինչ գլուխներս փչում է, խոսում ենք,- ասաց Վալերիկը:

Պետք է բաժանվեինք գյուղից: Հրաժեշտի լռություն իջավ մեր սրտերին: Հետո Դավիթը մի հետադարձ հայացք ձգեց դեպի գյուղը եւ ասաց.

– Մնաս բարո՜վ, գյո՛ւղ, բայց մենք դեռ կգանք, իմ տատիկ Աշխենի արևը վկա:

Լուռ ժպտացինք, բայց հոգու խորքում բոլորս գիտակցում էինք, որ կարող է եւ ճիշտ հակառակը լինել:

– Ուրեմն, ես Ձեզ մի բան եմ պարտադրում, տղե՛րք,- խոսեցի ես,- եթե հանկարծ ես զոհվեցի, ինձ հողին հանձնելու պահին »Լիզբոնի 5 տղաների երգը« կերգեք, էլ ուրիշ բան պետք չէ:

– Դու միայն զոհվիր, տես ո՜նց ենք է երգելու, ձեններս գլուխներս գցա՜ծ, – ասաց Արտիկը:

Անձրեւը ողողում էր մեզ, ոտքներիս տակ ցեխը տխուր հառաչում էր…

Ոտքով պետք է հասնեինք Հացի, այնտեղի տղերքի հետ սպասեինք մեզ տեղափոխող մեքենային:

Սկսեցի ֆիդայական երգեր երգել, տղերքն էլ ձայնակցում էին մեկ-մեկ, որ տողը որ հիշում էին:

Տղերքը հոգնել էին քայլելուց, բայց չէին բողոքում: Արտուրիկը հանկարծ հիշեց Ավոյի /Մոնթե Մելքոնյան/ խոսքերը:

«Երբ 1992-ին մեր գյուղացիները որևէ մեքենա կամ ռազմական տեխնիկա էին ուզում Ավոյից, որով կարողանային հերթափոխի համար գյուղից հասնել Ավդալ-Գյուլաբլուի դիրքերը, Ավոն ծիծաղեց ու ասաց. «Լա՛վ է, լա՛վ է, երևում է` ձեր ոտքերը ձիու ուժ ունեն, մի բողոքեք»: Մենք էլ ծիծաղեցինք, թեեւ համաձայն չէինք>>,- հիշեց Արտուրիկը:

Դավիթն էլ այդ պահին դարձավ ինձ. «Հիշում եմ` քո հորեղբայրը Գյուլաբլուից մի էշ էր բերել, թեկուզ ունեիք: Երբ գյուղացիք հարցրին, թե ինչու է բերել, ասաց`ոտքերը հավանել եմ»:

Քրքջացինք: Այսպես, զրուցելով, հիշողություններ փորփրելով, երգելով հասանք Հացի, Անահիտ աղբյուրի մոտ զինվորներին տեղափոխող մեքենան դռդռալով հասավ մեզ: Մեքենայում հավաքվել էին նաեւ կողքի գյուղերի տղաները: Ճանապարհվեցինք դեպի Նոր շեն, հետո` Աշան, որտեղ մեզ միացան մեր երկու ԲՄՊ-իստները**: Արդեն տեղ չկար մեքենայի մեջ, մի կերպ կողք կողքի կանգնել էինք:

Ամպամած էր երկինքը եւ մեր սրտերում էլ տարբեր տեսակի ամպեր էին կուտակվում` վրեժի, ցասումի, ապրելու, երազելու, կարոտի, հավատի…Դրանք շատ էին: Այդ ամենին ի պատասխան մենք ժպտում էինք իրար, որ մի քիչ արեւ տանք միմյանց:

Գիշերվա 11-ին հասանք գունդ: «Վագոնչիկում» մեր տղաները` Վահանը, Համոն, ուրախ դիմավորեցին մեզ, տեսան, որ թրջված ենք, վառարանը իսկույն վառեցին, եւ մենք չորացրինք մեր շորերը:

Առավոտյան պիտի բացվեր 1994-ի ապրիլը, որը դեռ երկար էր մնալու իմ հիշողության մեջ: Վաշտի բոլոր տղաները հավաքվել էին, բոլորը գիտեին, սպասում էին, որ առաջիկայում ահեղ մարտեր են սպասվում, բայց թե որ գյուղը երբ պիտի ազատագրվի, դա չգիտեինք: Ասում էին, որ Յուսուփջանլու գյուղը պիտի ազատագրվի ամսի 10-ին: Նաեւ լուրեր էին պտտվում, որ մեզ պետք է Մարտակերտ ուղարկեն եւ այլ զրույցներ: Աշխատում էինք շատ զրուցել, շփվել միմյանց հետ, շատ բան իմանալ իրար մասին, մարդ ես էլի, որ հետո զոհված ընկերոջդ զավակին նրա հոր մասին պատմելու բան ունենաս….

Առավոտ կանուխ մեր ավագը շտապ արթնացրեց բոլորիս, սկսեցինք շուտափույթ կերպով պատրաստվել, զինվեցինք մեր զենքերով, մեզ կազմ ու պատրաստ սպասում էին տանկերն ու զրահամեքենաները: Ընկերներով տեղավորվեցինք նույն զրահամեքենայի վրա: Զրահամեքենաները դուրս եկան գնդից եւ ճանապարհ բռնեցին դեպի Մարզիլի գյուղ, որտեղ գտնվում էր «Մուշ» գումարտակը:

Պատրաստվում էինք Յուսուփջանլուի ազատագրմանը: Հրամանատարի տեղակալ Մավոն հայտնեց, որ մարտի ժամանակ բոլորս պետք է նույն գույնի հագուստ կրենք: Ես իմ շորերը փոխեցի մեր ԲՄՊ-ի Արմենի հետ, որպեսզի կարողանամ նույն գույնի շոր ունենալ եւ մասնակցել այդ մարտական գործողությանը:

– Ինչո՞ւ փոխեցիր շորդ, կարող էիր գլուխ պահել,- ասաց տղերքից մեկը:

– Չէի կարող …

Շարունակելի

Օրագիրը խմբագրեց`Հերմինե Ավագյանը

*-Վագոնչիկ- գնացք /պատերազմի ժամանակ շատ հին, ոչ պիտանի գնացքները օգտագործում էին որպես գիշերակացի տեղ/

**-ԲՄՊ-Հետեւակի մարտական մեքենա

Հ.Գ.Հոդվածին կից նկարը հեղինակը նույն ազատամարտիկի որդին է։ Մի օր հորը ստիպեց, որ հուշեր պատմի պատերազմից, իսկ հաջորդ օրը դպրոցից տուն եկավ այս նկարով ու ասաց. «Պապ, քեզ համար եմ նկարել…»