Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱՍ 3
Աղջիկը հյուսում է երկար մազերը եւ սրտատրոփ սպասում փեսայի գալուն: Մի քանի ժամից ճերմակ զգեստ կհագնի: Պատերազմ եւ հարսանիք. այդ օրերին ամեն բան համատեղելի էր: Մայրը օրհնում է աղջկան: Հարսանքավորներն ուշանում են: Մեկը հեւիհեւ ու գլխիկոր լուր է բերում. «Զոհվել է…»:
1994թ. Արցախ
Չգիտեմ դուք է՞լ եք նկատել, թե՞ չէ, բայց պատերազմի տարիներից մեզ հասած լուսանկարներում տղաներն այնքան մեծ ու հասուն են երևում, նրանց աչքերում այնքան իմաստնություն կա, այնքան կյանք կա, այնքան հավատ ու կամք, որ թվում է՝ մի ամբողջ կյանք են ապրել։ Այնինչ, նրանցից շատերը տասնութ-քսան տարեկան անգամ չկային, նրանցից ոմանք էլ դպրոցական նստարանը փոխարինեցին խրամատով։ Նրանք մտածում, երազում էին կյանքի մասին՝ չխնայելով սեփական կյանքը։ Նրանց աչքերը անեզր հովիտներ էին, ուր բողբողջում էին երազանքի ծաղիկները։ Այդ ծաղկները պիտի բացվեին արևի հայացքի ներքո, բայց շատերն այդպես էլ չհասցրին բացվել… Նրանց չբացված ծաղիկների փունջը այսօր մեր ձեռքերում է, ու մենք պետք է խնամենք, ջրենք, կյանք տանք նրանց, որ մեր, հենց մե’ր ձեռքերում բացվեն, ծաղկեն երազանքները՝ վաղվա ծաղիկները….
Բարև տղերք, այսօր գարնան սովորական մի օր է, գո՞ւցե ձեզանից շատերն այսօր են ծնվել, գո՞ւցե ձեզանից շատերի զավակներն այսօր են ծնվել, գո՞ւցե ձեզանից ոմանց զավակներն այսօր պիտի ծնվեին, կամ էլ՝ տեսնես հայի օջախում քանի՞ զինվոր ծնվեց այսօր… Ես կգրեմ, անպայման կգրեմ ձեզ, երբ ավարտվի ձեր հաղթած, բայց անավարտ այս պատերազմը….
(Խմբագրի կողմից)
Կրակի ու երազանքի միջեւ
Մեր «վագոնչիկի» կողքով ոչ ոք չէր կարողանում անտարբեր անցնել, ամենաուրախ «վագոնչիկն» էր: Մտնողի համար այնքան էինք կատակներ անում, որ ականջներում հարսանիք էր սկսվում:
– Վերջին մարտերն են, տղե՛րք, մի լավ քեֆ ենք անելու, հաղթանակի համը արդեն զգում եմ, – ասացի:
Ոչ ոք չէր կասկածում ասածիս, որովհետեւ բոլորն էլ նույնն էին մտածում: Չգիտեմ, գուցե դա շատ երազելուց էր, կամ էլ` իրոք զգում էինք, որ հաղթանակը մոտ է…
Գիշերը սովորականից մութ էր, երկար զրույցից հետո լռություն տիրեց: Պետք էր մի քիչ հանգստանալ, ուժ առնել վաղվա համար: Մտքերս չէին թողնում քնել: Ես խոստանում էի ինքս ինձ, որ ամեն բան լավ է լինելու, խոստանում էի, որ եթե ողջ մնամ, այլ կերպ եմ ապրելու, պիտանի մարդ եմ դառնալու, այնպիսին, որ ծնողներս հպարտանան ինձանով:
Ինչպես նշել էի, հրամանատարից ցուցում էինք ստացել`մարտի ժամանակ բոլորս պետք է նույն գույնի հագուստով լինենք: Մեր վաշտից երկու հոգի` Արտուրն ու Ռուդիկը, հեռացվեցին շարքից, որովհետեւ նրանց հագուստը չէր համապատասխանում: Նրանք ընդդիմացան, վիճեցին, չէին ուզում գնալ, իրենք էլ էին ուզում մեզ հետ մասնակցել ռազմագործողությանը, բայց դե հրամանը հրաման էր: Մյուսներս, նույն գույնի հագուստով, սպասում էինք նոր հրամանի:
– Գնացեք, լողացեք, – կատակեց տղերքից մեկը, – ի՞նչ գիտեք` գուցե վիրավորվում եք, որ մաքուր լինեք:
Ես էլ թե.
– Չեմ լողանալու: Էդ անտեր գնդակը հո լողացածներին չի՞ թողնելու, ինձ վրա վազի…
Քրքջացինք:
Ապրիլի 12-ին կազմ ու պատրաստ սպասում էինք: Մեր վաշտը տեղավորեցին տանկերի ու ՀՄՄ-ների վրա, որոնք պետք է շարժվեին բոլորից առաջ: Մենքընկերներով գտնվում էինք նույն ՀՄՄ-ի վրա, որի անձնակազմը բերդաշենցի տղաներն էին: Ես հեշտորեն կարդում էի տղաների աչքերը: Բոլորն այնքան մեծ ու հասուն էին երևում, ասես` ջահել չէին. նրանց աչքերը կյանք տեսած մարդու աչքերի խորություն ունեին: Այդ աչքերը պարզապես տեսնել է պետք. նրանցում հազար երազանք կար ու բոլոր հազար երազանքներն էլ հնարավոր չէր առանց խաղաղության…
Բամբասանքներն ասում էին, որ այս մարտը վերջին մարտն է լինելու, ու այդ լուրը շոյում էր բոլորիս երազանքները: Երևի ընթերցողին կթվա, թե մենք շատ անվախ էինք, կատակում էինք մահվան հետ եւ ահ ու սարսափ չունեինք: Բայց պետք է հիասթափեցնեմ փոքր-ինչ` հիշեցնելով, որ մենք էլ միս ու արյունից կազմված սովորական մահկանացուներ էինք ու զուրկ չէինք նրան հատուկ հատկանիշներից: Հերոս չեն ծնվում, պատերազմն է ստիպում դառնալ այդպիսին: Պատերազմը ստիպում է զգալ հայրենիքի քաղցրությունը: Դու ծիծեռնակի պես զգում ես, որ սա քո եւ միայն քո բույնն է, ու ոչ ոք իրավունք չունի քանդելու բույնդ, խլելու ձագերիդ, անարգելու, այրելու… Մենք սովորական մահկանացուներ էինք, բայց ինքնավստահ էինք ու հավատում էինք մեր կողքին կանգնած ընկերոջը, հրամանատարին, հասկանում էինք, որ մեկի տրամադրությունը փոխանցվում է մյուսին, եւ արիանում էինք, գոտեպնդվում, հասկանում, թե ինչ է «մարտական ոգի» կոչվածը…
Դեռ չէինք հասել մեր պաշտպանական դիրքերին, որտեղից պետք է սկսեինք գործողությունը, երբ արդեն թշնամին սկսեց ցուցաբերել հրետանային բուռն դիմադրություն: Մեր վաշտը գումարտակի տղաներից առաջ էր անցել: Հրետանային անձրեւ էր: Մենք փորձում էինք բարձր պահել տրամադրություններս, նույնիսկ երգում էինք, բայց հրետակոծությունն ուժեղանում էր, եւ մեր ՀՄՄ-ն կանգ առավ. պետք էր միառժամանակ պատսպարվել: Վարորդը տեխնիկան քշեց իբր ավելի ապահով տեղ, բայց կանգ առնելուն պես`վրա հասավ թշնամու արկը: Իսկույնեւեթ դուրս ցատկեցինք, պառկեցինք գետնին: Հետո փնտրեցինք իրար, գտանք: Այդ ամենը տեւեց ընդամենը մի քանի վայրկյան: Արկերը պայթում էին միասին կամ 1-2 րոպե տարբերությամբ, որոշներն էլ հենց այնպես ընկնում էին`առանց պայթելու, քարի պես:
Երեսուն րոպե անց պայթյունի ձայները լռեցին: Բոլորս դեռ ողջ էինք: Տեղավորվեցինք տեխնիկայի մեջ եւ առաջ շարժվեցինք: Րոպեներ անց հասանք այն դիրքերին, որտեղից որ պետք է սկսվեր գրոհը: ՀՄՄ-ից ցատկելուն պես`վազեցինք դեպի խրամատները: Այնտեղ մեզանից առաջ հասել էին եւ մյուսները: Զգացինք, որ ծարավ ենք: Տղաներից երկու հոգու մոտ կար միայն ջուր, պետք է կում-կում խմեինք, որ հերիքեր: Խրամատում Արտիկի ջրամանից մի կում ջուր խմեցի: Ունեինք նաեւ մեկ ծամոն, որը կիսեցինք երկու մասի եւ հերթով սկսեցինք ծամել, որպեսզի փոքր-ինչ մոռանանք ծարավի մասին: Ինչեւէ, դա այնքան էլ կարևոր չէ, կարևորը հետոն է…
Տանկերն առաջ էին անցել` ականապատված դաշտում բացելով ճանապարհը, հետեւակը գնում էր տանկերի հետեւից: Թշնամին հեռվից նկատեց մեր առաջխաղացումը եւ սկսեց հակահարձակման անցնել: Մերթ վազում, մերթ պառկում էինք ռմբակոծության տակ: Մենք յոթ հոգով իրարից չէինք բաժանվում. պայմանավորվել էինք կողք կողքի լինել մինչեւ վերջ:
Երբ հասանք գյուղով անցնող ջրատարներին, որոնք համարյա թե խրամատի չափ էին, կանգ առանք, երկայնքով մեկ շարված`սպասեցինք հաջորդ հրամանին: Ծամոնը փարատում էր ծարավներս: Չէ, ոչ միայն ծամոնը, նաեւ`կատակները:
– Արա, ո՞վ է ուզում մի նկար ցույց տամ, – հանկարծ լսվեց Արտիկի ձայնը:
Նկար, ի՜նչ նկար, մի քանի սիրուն աղջիկներ էին: Թափվեցինք Արտիկի գլխին, որ տեսնենք նկարը: Բայց Արտիկը փոշմանեց, փորձեց թաքցնել նկարը:
– Ցույց տուր, թե չէ, եթե վիրավորվես` չենք օգնի, – կատակեց տղերքից մեկը:
– Լա՜վ, լա՜վ, ցույց կտամ, միայն թե մեկ-մեկ մոտեցեք:
Ինչ մեկ-մեկ, նորից չտեսի պես թափվեցինք խեղճի վրա: Նեղացավ: Փոշմանեց:
– Ամոթ ձեզ, ես լավ բան էի ուզում անել ձեզ համար…
Չեմ հիշում տղերքից ով էր, հանկարծ հարցրեց.
– Տղերք, մի բան հարցնեմ՝ անկեղծ պատասխանեք. ձեզանից որևէ մեկը կա՞, ով էս խառը վիճակում հասցնում է աղջկա մասին մտածել:
Ծիծաղեցինք:
– Ես լուրջ բան եմ ասում: Եթե էս րոպեին մեկնումեկի սեռական զգայարանները աշխատելիս լինեն, ինչ ուզում եք ասեք:
– Լավ, ամոթ է, ձեններդ կտրեք, – ասաց Մհերը:
Ես մտքիս մեջ կառուցեցի մի աղջկա դեմք: Երբ վերջին անգամ հանդիպել էի նրան, խորհել էի ամուսնության մասին: Հասկացա`ուզում եմ պատերազմն ավարտվի, շատ եմ ուզում…
Մհերին հաջորդեց հրամանը. «Վեր կացեք, տղերք, առա՜ջ»:
Մենք նորից քայլում էինք տանկերի բացած ճանապարհով: Թշնամու դիմադրությունը նվազում էր կարծես: Տեսնում էինք, թե ինչպես են փախուստի դիմում: Երբ հասանք թշնամու առաջին խրամատներին, արդեն մարդ չկար այնտեղ: Վառարանին դրված էր տաք կերակուրը, զենքերը նետված էին գետնին. անամոթները փախել էին:
– Թո՜ւ, բա դուք տղամարդ եք, – ասաց մեզանից մեկը:
– Զենքն էլ են թողել, հագուստն էլ, ծխախոտն էլ եւ շատ ուրիշ բաներ, – ասաց մյուսը:
Գործը լավ էր ընթանում: Մենք ահագին առաջ էինք անցնում, զոհեր չունեինք, թեեւ ադրբեջանցիների հրետանին շարունակում էր կրակ թափել. միայն չգիտեմ, թե ինչո՞ւ շատ արկեր չէին պայթում:
Հասանք Գիամաթլու գյուղի մոտերքը: Հետեւակը կանգ առավ, դիրքավորվեց գյուղի մոտ գտնվող ջրանցքում: Ջրանցքի հետեւի մասում կանգնած էր մեր զրահատեխնիկան`կրակելով թշնամու հենակետերին: Չգիտեմ, թե ով՝ հանկարծ գոռալով մոտեցավ.
– Թուրքե՜րը, թուրքե՜րը մոտենում են աջ կողմից:
Հեռվում երևաց մեծաքանակ ամբոխը, որ դեպի մեզ էր շարժվում…
Շարունակելի…
Օրագիրը խմբագրեց Հերմինե Ավագյանը