կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-03 10:41
Տարածաշրջան

Իրանը հայտարարել է իր մի շարք օբյեկտներում լրտեսական ցանցի բացահայտման մասին. «Ժամանակ»

Իրանը հայտարարել է իր մի շարք օբյեկտներում լրտեսական ցանցի բացահայտման մասին. «Ժամանակ»

«Իրանը հայտարարել է իր մի շարք օբյեկտներում, այդ թվում՝ ատոմային օբյեկտներում լրտեսական ցանցի բացահայտման մասին, որի մասնակիցները գործել են օտար պետության համար: Թե հատկապես ինչ պետության օգտին գործող լրտեսական խմբերի մասին է խոսքը, իրանական լրատվամիջոցները չեն մանրամասնում: Իրանի այդ բացահայտման մասին հայտարարությունը խիստ հետաքրքիր է այն հանդիպման ֆոնին, որ օրերս տեղի ունեցավ Երուսաղեմում, որտեղ հանդիպեցին Ռուսաստանի ԱԽ քարտուղար Պատրուշևը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ջոն Բոլթոնն ու Իսրայելի վարչապետ Նեթանյահուն: Այդ հանդիպումը, իր աննախադեպությամբ հանդերձ, աչքի ընկավ նաև հայտարարություններով, որ կողմերը ընդհանուր հայտարար ունեն Սիրիայի հեռանկարի հարցում և քննարկում են դետալները:

 

Այն, որ այդ հանդիպումն ու ընդհանուր հայտարարը Սիրիայում Իրանի ներկայության դեմ է, խոշոր հաշվով, ակնառու դարձավ օրերս, երբ Իսրայելի օդուժը եռակողմ հանդիպումից հետո ռմբակոծեց Սիրիայի մի քանի քաղաք, այդ թվում՝ մայրաքաղաք Դամասկոսը: Բանն այն է, որ ռմբակոծված տարածքները նրանք են, որտեղ չկա ռուսական ներկայություն: 

Միաժամանակ, ռմբակոծող օդուժն անցել է տարածքներով, որոնք վերահսկում են ռուսական ՀՕՊ համակարգերը՝ ռուս մասնագետներով, սակայն այդ համակարգերը չեն աշխատել: Այդ ամենը հուշում է, որ Իսրայելի օդուժը գործել է ռուսների հետ համաձայնեցված, ինչն էլ, թերևս, հենց Երուսաղեմում տեղի ունեցած աննախադեպ հանդիպման և հայտարարությունների արդյունք է: Թե ինչ խնդիրներ ունեն Իրանի հետ Իսրայելն ու ԱՄՆ-ն, բավականին հայտնի է:

Միևնույն ժամանակ, սակայն, ակնառու է, որ Իրանի հետ ոչ պակաս խնդրահարույց հարաբերության մեջ է Ռուսաստանը, ինչը ունեցել է տարբեր դրսևորումներ սիրիական ամբողջ արշավի ընթացքում: Ահա այդ համատեքստում էլ հատկանշական է Իրանի լրտեսական բացահայտումը, այդ թվում՝ ատոմային օբյեկտներում: Բանն այն է, որ Իրանի ատոմային օբյեկտներում մեծ է ռուսաստանցի մասնագետների ներգրավվածությունը:

Մասնավորապես, հայտնի է, օրինակ, որ Բուշերի ատոմակայանը կառուցվում էր համատեղ ծրագրով: Դժվար է պատկերացնել, որ այդ օբյեկտներ մուտք են ունեցել իսրայելական կամ արևմտյան հետքի, այսպես ասած, ռիսկ պարունակող մասնագետներ: Ըստ այդմ, պնդել, իհարկե, հնարավոր չէ, սակայն մեծ հավանականությամբ, բացահայտվածը ռուսական լրտեսության խմբեր են, կամ Իրանը պարզապես դրանով Ռուսաստանին է ազդակ հղում, քանի որ իսրայելական կամ ամերիկյան լրտեսության դեպքում Թեհրանը թերևս չէր վարանի մանրամասնել այդ մասին: Իսկ Ռուսաստանի դեպքում Իրանն, անշուշտ, մի շարք պատճառներով նախընտրում է չգնալ բաց կոնֆլիկտի, ինչից, սակայն, շահերի բախման հանգամանքը ամենևին չի նվազում, և դատելով իրադարձությունների տրամաբանությունից՝ նույնիսկ պարունակում է աճման ռիսկ: Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, որովհետև առերևույթ թվում է, որ մեր խնդիրը ԱՄՆ-Իրան հարաբերության լարումն է, և դա, իհարկե, այդպես է, սակայն չպետք է «տարված» լինելով դրանով, բաց թողնենք Իրան-ՌԴ հարաբերության տիրույթում տեղի ունեցող ներքին լարման աճը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում