Փոխարժեքներ
30 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերը (ԱՄՆ) հանդես կգա Հայաստանում: Նա հուլիսի 11-ին` ժամը 20:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ:
Բեյքերը փաստում է՝ սա իր առաջին այցն է Հայաստան, և ինքը մեր երկիրը բացահայտելու մեծ ցանկություն ունի: «Շատ բան չգիտեմ Հայաստանի մասին, բայց տարիներ առաջ նվագել եմ մի հիասքանչ հայ դաշնակահարի հետ, որն ինձ պատմել է Հայաստանի հարուստ երաժշտական ժառանգության մասին: Հայաստանի պետական ջազ նվագախմբի հնչողությունը հիանալի է, վստահ եմ՝ հիասքանչ ժամանակ ենք անցկացնելու: Հանդիսատեսն էլ շատ է հավանելու մեր համերգը»,- նշում է նա:
Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կոլեկտիվը և Ռոնալդ Բեյքերը կկատարեն սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Բեյքերը նշում է՝ ջազն, անշուշտ, ամբողջ աշխարհում մեծ ժողովրդականություն է վայելում: Երաժիշտը հավելում է՝ ինչպես և դարեր առաջ, այնպես էլ այսօր երաժշտություն լսելիս հանդիսատեսն ուզում է զվարճանալ: Սակայն մեր օրերում մարդիկ ունեն առավելություն՝ համացանցի միջոցով կարողանում են առնչվել հիասքանչ երաժշտությանը:
Ռոնալդ Բեյքերը ծնվել է Բալթիմորում 1968 թ.: Շեփոր նվագել սովորել է Բալթիմորի արվեստի դպրոցում, այնուհետև բակալավրի աստիճան է ստացել Օբերլինի կոնսերվատորիայում: Կարճ ժամանակում դարձել պահանջված շեփորահար և վոկալիստ: Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի շրջագայում է սեփական քառյակի հետ: 13 տարուց ավելի ծավալում է մանկավարժական գործունեություն: