կարևոր
6931 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-28 17:06
Քաղաքական

Հատուկ նիստ՝ Պապիկյանի՝ $ 105.000 առեղծվածը բացահայտելու համա՞ր. ԿԿՀ-ի արտառոց պատասխանը

Հատուկ նիստ՝ Պապիկյանի՝  $ 105.000 առեղծվածը բացահայտելու համա՞ր.  ԿԿՀ-ի արտառոց պատասխանը

Yerkir.am-ը տևական ժամանակ է փորձում է իմանալ՝ ինչպե՞ս է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը համոզել, ապացուցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով), որ, իբր, հարսանիքի առիթով ստացած հազարավոր դոլարները իրոք նվիրատվություն է, և կոռուպցիոն ռիսկ չկա։ Արդյո՞ք կարգը չի պահանջում նշել նվիրատուի անունը և չափը: Կամ, օրինակ, 1 միլիոն դրամը գերազանցող գումարները Պապիկյանն արդյո՞ք  անկանխիկ է ստացել։ Եվ նման մի շարք մութ հարցեր:  

Այս պարզ հարցերին Հանձնաժողովը դժվարանում է պատասխանել։ Հիմա էլ հայտնում են, որ կարող են պատասխանները ներկայացնել օրենքով սահմանված ստուգում և վերլուծություն իրականացնելուց հետո։ Թե ինչը պիտի ստուգեն և վերլուծեն՝ անհասկանալի է:

Հանձնաժողովի նախագահը, մասնավորապես, հայտնում է, որ առաջիկայում նիստ են անցկացնելու, որտեղ քննարկվելու են մեր կողմից ներկայացված հարցերը, Yerkir.am-ին էլ առաջարկում՝ ցանկության դեպքում, Պապիկյանի հարցի քննարկմանը մասնակցել ու հասկանալ՝ արդյո՞ք քննարկումն իրավաչափ է։

Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի արտառոց գրությունն այսքանով չի ավարտվում.  նեղսրտած այն փաստից, որ մեր նախորդ հոդվածում տեղադրել ենք իր լուսանկարը, նա մգեցված տառերով հայտնում է, որ ինքը Հանձնաժողովում մենակ չէ,  այն բաղկացած է հինգ անդամից, և իր նկարով հրապարակումը ընդունելի չէ: Ստացվում է՝ Հանձնաժողովի նախագահը պարզորոշ կերպով սլաքներն ուղղում է դեպի իր այն կոլեգաները, ովքեր ենթադարաբար աջակցել են նախարար Պապիկյանի՞ն։ Մեր այս ենթադրությունը պատահական չէ, քանի որ Հանձնաժողովի նախագահն այնուհետև հուշում է՝ անդամների միջև համակարգման համապատասխան ոլորտները բաշխված են, և մեզ առաջարկում է մասնակցել նիստերին՝  խթանելու համար Հանձնաժողովի հաշվետվողականությունը եւ նիստերի ընթացքում անդամների կողմից դրսևորած վարքագծին։

Այն, որ Պապիկյանի 105.000 դոլարի առեղծվածն այդպես էլ չի բացահայտվում՝ փաստ է: Փաստ է նաև այն, որ որքան ձգտում ենք պարզել ինչ-որ բան, այնքան ջրի երես են դուրս գալիս նորանոր, ավելի զավեշտալի, ավելի հիասթափեցնող իրողություններ՝ ի ցույց դնելով  պետական համակարգի ողջ պատկերը, փաշինյանական Հայաստանի իրական պատկերը: